Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էմանուել Մակրոնի` Հայաստան պետական այցի ժամկետները դեռ հստակ չեն

Էմանուել Մակրոնի` Հայաստան պետական այցի ժամկետները դեռ հստակ չեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը դեռ չի շտապում տեղեկություններ հաղորդել նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետների մասին:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հայաստան այցի ժամկետների վերաբերյալ առայժմ հստակեցումներ չկան: Էմանուել Մակրոնն իր այցի մասին հայտնել է փետրվարի սկզբին Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԳՆ-ից էլ «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ նման կարգի այցերի ժամկետների համաձայնեցման դեպքում երկու կողմերի գերատեսչությունները համակարգված ձևով տեղեկացնում են: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին, որին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ օրն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Փետրվարի 14-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  Հայաստան էր եկել 2018 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կայացել է հոկտեմբերի 11-12-ը, Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]