Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Կառավարությունը պատրաստ է ժողովրդին առաջնորդել դեպի տնտեսական հեղափոխություն. Փաշինյանի եզրափակիչ ելույթը ՀՀ ԱԺ-ում


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովուրդը կարող է անել տնտեսական հեղափոխություն, և կառավարությունը պատրաստ է ժողովրդին առաջնորդել դեպի տնտեսական հեղափոխություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման համոզմունք է հայտնել ՀՀ Ազգային ժողովում  կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ։

Ազգային Ժողովի մեծարգո՛ նախագահ,

Ազգային Ժողովի հարգելի՛ նախագահություն,

Հարգելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ ուզում եմ անդրադառնալ այս ամբիոնից հնչած մուննաթների և հեգնանքների թեմային և միանշանակ ասել, որ եթե իմ խոսքում որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ես միանգամից ասեմ՝ ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Մյուս կողմից ուզում եմ ասել, որ կարծում եմ, որ դա նաև ինչ որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե այսօրվա իմ խոսքում և հետագայում ինչ-որ մեկն այդպիսի տպավորություն կստանա, որ ես ինչ-որ մեկի վրա մուննաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, միանգամից ասեմ, որ դա սխալ տպավորություն է:

Հաջորդը, ես ուզում եմ խոսել մեր նորընտիր՝ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի մասին, և միանգամից արձանագրեմ, որ համարում եմ սա նոր որակի խորհրդարան և այս երեք օրվա քննարկումները դա ցույց տվեցին: Ուզում եմ հիշեցնել, որ երկար տարիներ սա նաև նույնպես մեր երկրի անլուծելի թվացող հարցերի շարքում է եղել և կարող ենք արձանագրել, որ այս խնդիրը լուծված է և մենք իսկապես ունենք նոր որակի խորհրդարան՝ այն պարագայում, երբ ներկաներից շատերին ճանաչելով կարող եմ ասել, որ այստեղ արձանագրվել է, արտահայտվել է հնարավոր ինտելեկտուալ պոտենցիալի մի փոքր մասը միայն, և ես համոզված եմ, որ այս պոտենցիալը նոր դրսևորումներ կունենա և հույս ունեմ, որ դա նույնպիսի որակների կբերի մեր նոր օրենսդրության մեջ:

Եվ այնուամենայնիվ, վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ, շատ լուրջ գաղափարական բախում: Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում: Պատկերավոր ասած՝ մի մասն այստեղ ներկայացնում էին այն տեղեկատվությունը, որ իրենք ստացել են իրենց կարդացած գրքերից, իսկ մյուս մասը խոսում էին այն մասին, որ իրենք պատրաստվում են նոր գիրք գրել: Մի մասը խոսում էին այն պատմության մասին, որն իրենց հայտնի է, մյուս մասը խոսում էին այն պատմության մասին, որ իրենք պատրաստվում են ստեղծել: Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն, Կառավարությունը վճռական է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրադարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության , հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով ՀՀ-ում իրականացնել տնտեսական հեղափոխություն:

Ինչ է գրված ի վերջո, այդ ինչ գաղափարական հենք է: Ինչ է գրված ի վերջո, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որ պիտի դառնա տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը: Իսկ գրված է այն, ինչ գրված էր դեռ 2013թ.: Մեջբերում եմ. «Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է: Յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց, այդ նպատակին միտված կարևորագույն անելիքերից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը: Յուրաքանչյուր քաղաքավի սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը պետք է դիտարկի իբրև հանրային բարեփոխումների զարգացման կարևորագույն բաղադրիչ: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր և մթնոլորտ ձևավորի նման վերափոխումներին նպաստելու համար»: Սա է ամբողջ գաղափարախոսությունը: Երբ որ մեր հարգելի պատգամավորներն ասում են՝ բա ի՞նչ պետք է անի պետությունը, ահա թե ինչ պետք է անի պետությունը:  Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր (ոչ թե պետությունը, այլ կառավարությունը) և մթնոլորտ ձևավորի նման վերափոխումներին նպաստելու  համար:

Հաջորդ գաղափարական թեզը՝ «Անհատական ջանքը քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում  և հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարևոր գործոն է: Անհատի զարգացման ուղղությամբ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման և իրացման համար հնարավորություններ ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ գիտություն, մշակույթ, սպորտ,  կրթություն, քաղաքականություն, տնտեսություն և այլն: Ըստ այդմ, օրենքով չարգելված ցանկացած գործունեություն լինելու է հանրամատչելի յուրաքանչյուր ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին արժանանալու է օբյեկտիվ ստեղծարար ընդունակությունների իրացմամբ»:

Երբ 2006թ. մտել եմ քաղաքական գործունեության դաշտ, նախ ինքս իմ հետ եմ ունեցել խոսակցություն,  ապա այդ խոսակցությունն ունեցել եմ հանրության հետ: Ինչու եմ ես մտել քաղաքական դաշտ և քաղաքական գործունեության ասպարեզ և ինչ եմ ինձ ասել, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ և ես դուրս եմ եկել հրապարակ և իմ առաջին հրապարակային ելույթներում ասել եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում, որ ինքն իրեն ասի՝ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ: Հետագայում, երբ այս նախաբանը դրված էր, իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում՝ սկսած 2006թ., ես ամեն քաղաքացու ասել եմ՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկը դու ես: 2018թ. սա եղել է այն բանաձևը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական փոփոխություն:

Մենք հիմա ինչ ենք ասում այս փուլում՝ տնտեսական հեղափոխության փուլում: Մենք ասում ենք շատ պարզ մի բան, որ կառավարությունն ունի պատասխանատվության և անելիքի իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության և անելիքի իր բաժինը: Կառավարությանը և անձամբ վարչապետինն է թիվ մեկ, թիվ երկու, թիվ երեք, թիվ չորս, թիվ հարյուր պատասխանատվությունը, բայց 101, 103, 104-ը, պատկանում է քաղաքացուն: Մենք ինչ ենք ասում. ասում ենք հնարավոր չի աղքատություն հաղթահարել առանց աշխատանքի, հնարավոր չի, հնարավոր չի որևէ բան փոխել առանց աշխատանքի, հնարավոր չի որևէ բան ստեղծել առանց աշխատանքի: Սրան ի պատասխան մեզ ասում են՝ քաղաքացին հավատում է կառավարությանը, վարչապետին, բայց քաղաքացին ոնց որ չի հավատում իմ ապագային: Սա եղել է հաջորդ խնդիրը, հաջորդ բանաձևը, որով Հայաստանում արվել է հեղափոխություն: Երբ ՀՀ քաղաքացին բոլոր քաղաքական գործիչներին՝ ինձ, ձեզ, բոլորին, համարվում էր ծախված և ասում էր, որ ոչ մեկին չի հավատում, մենք ասում ենք, պետք չի որ մեզ հավատաք, պետք է դուք ձեզ հավատաք: Եվ եթե ՀՀ կառավարությունը՝ այս կառավարությունը, ձևավորվել է ոչ թե նրա համար, որ քաղաքացին հավատացել է ինձ կամ որևէ մեկին, այլ հավատացել է ինքն իրեն և, հետևաբար, մեր կառավարության գործունեությունը ՀՀ-ում նշանակում է ՀՀ քաղաքացու հավատը և վստահությունը ինքն իր և իր ապագայի նկատմամբ: Մեր կառավարությունն ընդամենը այդ հավատի սիմվոլն է, ընդամենը այդ հավատի արտահայտությունն է: Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին ինքն իրեն հավատա տնտեսության, քաղաքականության, գիտության մեջ, ինքն իրեն հավատա իր դարդերը ոտատակ տալու մեջ, իր խեղճությունը հաղթահարելու մեջ: Մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում, ասում են՝ ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել: Այստեղ է, որ բախվում է հին և նոր մտածողությունը: Ձեր ասելով, բիզնեսով միայն առանձնահատուկ մարդիկ կարող են զբաղվել, ովքեր ունեն դաբրոներ, ովքեր ունեն եղբայր, եղբոր եղբայր, քիլլերներ, մաֆիոզ կապեր: Ինչպե՞ս կարող է ամեն քաղաքացի զբաղվել բիզնեսով: Ամեն քաղաքացի չի կարող ՀԴՄ պահանջել, որովհետև քաղաքացին ո՞վ է, որ ՀԴՄ պահանջի: Այ՝ վարչապետը, այ՝ կառավարությունը, այ՝ կառավարության ծրագիրը… Դուք ուզում եք ասել, որ դե՞մ եք սուպերվարչապետական համակարգին: Երեք օր քարոզում եք, որ այս երկիրը պետք է լինի սուպերվարչապետական, ոչ մեկ ոչինչ չի կարող անել, այլ կլինի վարչապետ, կլինի կառավարություն՝ մեղրը կարտահանի, փեթակը տեղից-տեղ կտեղափոխի, կարմրախայտի հարցը կլուծի: Բոլոր հարցերը կլուծի՝ ով ինչ արտահանի,  ով ինչ արտադրի: Այ դա երկիր է: Ու դուք ասում եք, որ սուպերվարչապետական համակարգին դե՞մ եք: Հիմա էլ ասում են, թե ինչ եմ ասում՝ աղքատությունը գլուխներում է: Ոմանց լրատվամիջոցում վերնագիր է դառնում՝ եթե աղքատ ես, մեղավոր ես: Ասում եմ՝ աղքատությունը մեր գլուխներում է: Ես սա ասում եմ որպես մի մարդ, որ այդ ամբողջ ճամփան ծայրից ծայր անցել է: Եվ սա ասում է մի մարդ, որը 1991 թվականին, երբ Երևանի պետական համալսարանի ուսանող է դարձել, իր ընտանիքն ի վիճակի չի եղել իր ուսման վարձը վճարի: Եվ ես ասում եմ՝ այո՛, աղքատությունը մեր գլուխներում է, և ես սա ասում եմ որպես մի մարդ, որ իմ գլխում հաղթահարել եմ: Իմ գլխում հասկացել եմ, թե ինչ է նշանակում քաղաքացին:

Ու հետո էլ գալիս, ասում են՝ այս կառավարությունը կարծես թե ուզում է հին իշխանության վրա գցի ամբողջ բեռը: Ու հիմա էլ գալիս, ասում են, որ և ըստ էության, հնարավոր է՝ բացահայտում են իրենց հիմնական առաքելությունը՝ դե հա մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, հետո Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո Ռոբերտ Քոչարյանին, հիմա Նիկոլ Փաշինյանին: Հա դե ոչ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը հասկացաք, չէ՞: Հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, Ռոբերտ Քոչարյանն էլ մեղավոր չէ, ինչպես մեղավոր չէ այսօրվա կառավարությունը: Սա է՝ բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե այս ինչի մասին են այս մարդիկ խոսում:

Հիմա եթե ասեմ, ձեզ պարզ չի, թե Սերժ Սարգսյանն ինչով է մեղավոր: Մեղավոր է նրա համար, որ այո՛, ասում էր ամեն մարդ չի կարող բիզնես անել, ով կգա, կմուծվի, նա էլ բիզնես կանի: Որ եղբայրն ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, դրանում է մեղավոր: Ու չփորձեք հանկարծ մյուս անգամ՝ ինձ և իրենց դնել նույն հարթության վրա, ձեզ ու իրենց դրեք նույն հարթության վրա, որովհետև դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում: Մենք ինչպես կարող ենք անձերի դեմ պայքարել, գնանք փոխնախարարի պաշտոններն ստանանք, ներսից կամաց կառուցենք: Հիմա դարձել են հեղափոխության հիմնական արբիտրաժը: Ով է հավատում, ով չի հավատում, իրենք էլ հեղափոխական հավատաքննիչն են:

Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Հապա դիմացներդ ու կողքներդ նայեք՝ բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք այստեղ նստած: Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետև որտեղ ձեր քաղաքական բովանդակությունն առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղում ստեղծվում է: Իհարկե, չի եղել: Խոսում եք արտաքին քաղաքականության, անկախ քաղաքականության, Հայաստանի ինքնության մասին ու ձեր հիմնարկի դիմացը տնկում եք Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության դրոշը, մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք է արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա Ռուսաստանի դրոշն ինչի՞ չեք կախել հավասարակշռելու մասով, էլ չեմ ասում, Վատիկանի դրոշը:

Մենք չենք եկել մեր ժողովրդին խաբելու ու չենք պատրաստվում մեր ժողովրդին խաբել: Դա է հին մտածողությունը, որ, ժողովուրդ ջան, դուք բիզնես չեք կարող անել, ՀԴՄ մի պահանջեք, աշխատելու մասին մի մտածեք, պառկեք հանգիստ ձեր բազմոցներին, կգա ընտրությունը՝ բրինձը կբերենք, ձեթը կբերենք, շաքարավազը կբերենք, 5000 դրամ էլ կտանք: Քեֆ արեք, ժողովուրդ ջան, սա է կյանքը, թե չէ եկել է կառավարությունը, ասում է պետք է աշխատել: Այս ի՞նչ է կատարվում, բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել:

Հիմա էլ ասում են՝ թվերը չկան: 4 ժամ ելույթ են ունենում, ասում են՝ թիվ չկա: Այնտեղ, որտեղ թիվ կա, ասում են՝ ոնց, այս ի՞նչ եք գրել, որ երեխաները 70 տոկոս պիտի մանկարապարտեզ գնան: Այստեղ մի բան կա, ուրեմն դուք ուզում եք դպրոցները փակել, համայնքներն էլ ավելի խոշորացնել, որովհետև այս ինչ թիվ եք գրել այստեղ: Կռիվ են անում, ասում են՝ թիվ չկա, հետո ասում են՝ հակահեղափոխականները 5 տոկոսը լավ թիվ չեն գրել: Այնտեղ, որտեղ թիվը լավն է, ասում են՝ իրատեսական չէ, այս ի՞նչ կենացային թիվ եք գրել: Այնտեղ, որտեղ թիվ չկա, ասում են՝ այս ի՞նչ խայտառակություն է, իսկ Կիկոսի մահի վարկածի մասին չեմ խոսում: Տեղական ինքնակառավարման մարմինների մասին բան չկա, սա նշանակում է, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում մեռնում է և նոր սպառնալիքի ներքո է: Վերջ, փակվեցին տեղական ինքնակառավարման մարմինները: Մի տարի առաջ էլ ասում էին՝ Հայաստանում բռնապետական կարգեր են հաստատվում, անձի պաշտամունք, բռնապետական համակարգ: Այսօր ինչ-որ չեն խոսում՝ ո՞ւր է անձի պաշտամունքը, ո՞ւր է բռնապետական համակարգը: Մի հատ էլ տղայական հարցադրում՝ ասում են՝ ձեր ոստիկանության պետին ասեցին լակոտ, Դուք չպաշտպանեցիք: Ոհմակը պիտի հարձակվեր, պիտի շքամուտքերում ծեծեին, պիտի երեկոյան ընտանիքի անդամներին զանգեին, տեռորի ենթարկեին:

Ո՞րն է լինելու կառավարության գործառույթը: Հույս ունեմ՝ այս հարցի պատասխանը շատ հստակ է: Բացի գաղափարական մասից, կառավարության գործառույթը լինելու է ճանապարհներ կառուցելը, ենթակառուցվածքներ ապահովելը, օրինականություն ապահովելը, կրթության հնարավորություն ապահովելը՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար, կուզեն, ինչպես պարոն Առաքելյանի հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեցինք, նաև այդ համակարգով:

Եվ ուզում եմ խոսել նաև ազգայինի մասին, որն այստեղ կրկին քննարկվեց: Կրկին ուզում եմ մեջբերում անել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ծրագրից: «Իմ քայլը» դաշինքը շարունակելու է լրջագույն ջանքեր գործադրել՝ հասնելու համար ՀՀ քաղաքացիների հասարակական-քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանման ու զարգացման, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի անօտարելի լծակներով օժտելու, Հայաստանի, հայ ժողովրդի բնակության և զարգացման վայրի լավագույն և գերադասելի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա:

Այս թեման ընդհանրապես վերջին 8 ամիսներին անընդհատ շոշափվում է՝ ազգային, ապազգային, ազգային եկեղեցի, ազգային դպրոց և այլն: Այս հասակացություններոում մենք պետք է շատ լուրջ ճշգրտումներ մտցնենք՝ այդ ի՞նչ է նշանակում: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր փորձում են Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, պետք է Հայ առաքելական եկեղեցու պատմությունը և որոշ կարևոր դրվագներ իմանան: Հիմա, օրինակ, ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկն է, բայց այսօր Հայ առաքելական եկեղեցի ունենք Պապ թագավորի շնորհիվ, որն ասաց՝ եղբայր, մենք պետություն ենք, մենք կարիք չունենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնա, Կեսարիայում օծվի: Մենք երկիր ենք, ունենք թագավոր, ունենք մայրաքաղաք, ունենք հոգևոր դաս, և մեր կաթողիկոսը պետք է օծվի մեր հայրենիքում:

Եվ դիմադրում էին՝ մատնագրեր էին գրում Հռոմ՝ Պապ թագավորի վրա, 2 անգամ դավադրություն արեցին, մեկից կարողացավ անցնել, երկրորդից չկարողացավ և սպանեցին: Ազգային դպրոց ասելով մենք ի՞նչ նկատի ունենք: Ազգային դպրոցն այն է, որ մասնավորապես, Սերժ Սարգսյանի նկարը կախում են, ենթադրենք, դռները փակում են, որ երեխաները և ուսանողները երբևէ հանկարծ իրենց կարծիքը չկարողանան արտահայտել: Դա՞ է ազգային դպրոցը: Ո՞րն է ազգային դպրոցը: Այսօր մենք խոսում ենք, որ մեր երեխաները դպրոցն ավարտում են, բուհն ավարտում են առանց գիտելիքի, դա՞ է ազգային դպրոցն ու բուհը, երբ գալիս, ասում են՝ երկու երեխան բարձրագույն կրթություն ունի, չի կարողանում աշխատանք ստանալ, ասում ես՝ քանի՞ օտար լեզու գիտի, դե ասում է՝ ռուսերեն մի քիչ խոսում է, անգլերեն մի քիչ խոսում է: Սա՞ է ազգային կրթությունը:

21-րդ դարում այն մարդը, ով առնվազն երկու լեզու չգիտի, ինքը բարձրագույն կրթություն չունի, ուզում է 65 դիպլոմ ունեա: Չի կարող լինել այդպիսի բան, և մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ խնդիր ենք դնում լուծելու: Ես ինձ համարում եմ խորը հավատացյալ մարդ, ես ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ընդ որում՝ հավատարիմ հետևորդ: Բայց հիմա ես կարծում եմ, որ նույն ժամանակներն են պատմական նույն համատեքստով, ինչ Պապ թագավորի ժամանակ: Ի՞նչ էր ասում՝ ասում էր, ժողովուրդ ջան, պետք է հարկ վճարել, ասում էր, որ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել եք լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ պիտի աշխատի, բա մեր երկրի բանակի զինվորն ո՞վ պիտի լինի: Ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես: Բա մենք էլ ենք ասում՝ հարկ պիտի վճարենք, ժողովուրդ ջան, նեղանում են: Ասում են՝ քննադատեց: Ո՞վ քննադատեց: Որ ես ասացի, որ աղքատությունը մեր գլխներում է, քննադատեցի՞: Այդ որ ասում եմ՝ մինչև ՀԴՄ չլինի, շենքը չի կառուցվելու, քննադատեցի՞: Ո՞վ քննադատեց: Այսինքն՝ որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայաստանում օրինականության հաստատմամբ բարեկեցություն է լինելու: Թե էլի ուզում են սուպերվարչապետական համակարգը, որ ասեն՝ պատգամավորն ասաց շենքը վթարային է, Պողոս՝ մի հատ արագ այդ հարցերը լուծես, դե գիտես, այնտեղ կեսն էլ կուսակցություն պիտի մտնի, հետո ընտրություններում ցուցակ: Դա՞ է ձեր ուզած համակարգը: Այսօր Հայաստանում 4-րդ կարգի վթարային 55 շենք կա, բոլորում մարդիկ են ապրում և դրա համար պետք է 15 մլրդ դրամ: Թոշակները 5000 դրամով բարձրացնելու համար պետք է 30 մլրդ դրամ:

Եվ ես ասում եմ այո, ով որ ՀԴՄ չի խփում՝ և՛ քաղաքացին, և՛ խանութի աշխատողը, մեր բանակի մարտունակությունն է քցում: Այն ժամանակ ասում էին  իշխանությունը թալանչի է, հիմա ասում ենք՝ մենք,  անձամբ  ես ոչ մի անձնական նպատակ այս գործի մեջ չունեմ: Ասում են՝  հիմա էլ կոռուպցիա կա, ասում են՝ հովանավորյալին նշանակել ես ռեկտոր: Կամ ապացուցեք, որ հովանավորյալն է կամ ներողություն խնդրեք այս ամբիոնից: Ասում է՝ ռեկտորը 800 հազար դրամ իրեն աշխատավարձ է նշանակել, ոչինչ, որ այդ ռեկտորը  ևս 300 հոգու աշխատավարձ է բարձրացրել: Այսինքն՝ ազգային կրթության հենասյունը պետք է 800 հազար դրամ աշխատավարձ չստանա, այլ պիտի մի հատ «ճ» կլասի  միջազզային կազմակերպություն կարողանա այդ մարդուն 5 անգամ ավելի աշխատավարձ տա: Սա է նոր Հայաստանի տնտեսական հեղափոխության մասին պատկերացումը:

ԵՄ-ի հետ կապված ասում են, որ  Եվրամիության հետ պայմանագիրը չի իրականացվում:  ԵՄ պաշտոնայանները գալիս ասուլիս են տալիս, չե՞ք լսում իրենք ինչ են ասում, չե՞ք լսում իրենց գնահատականները, կամ ընդհանրապես տեղյա՞կ չեք միջազգային հանրությունը ինչ կարծիք ունի այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին: Իմիջայլոց բացառիկ դեպք, երբ միջազագային կազմակերպությունները կիսում են կառավարության գնահատականն այսօր մեդիայի վիճակի հետ կապված: Երեկ ես միջազգային բարձրաստիճան պաշտոնիայի մակարդակով ստացել եմ հետևյալ մեսիջը՝ մենք ձեր գնահատականը կիսում ենք ամբողջությամբ, որ Հայաստանի ԶԼՄ-ների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի հսկողության տակ: Եվ միջազգային հանրությունը բարձր է գնահատում այն, որ Հայաստանի կառավարությունը նունիսկ նվազագույն ջանքեր չի գործադրում, որ այդ ԶԼՄ-ների նկատմամբ որևէ ձևով վերահսկողություն սահմանի:

Ասում են՝ փոքրամասնության կարծիքը չեն լսում, հետո էլ ասում են՝ արագաչափերը չհանեցիք: Երբ խնդիր գնաց արագաչափերը հանելու, հանրության մի մասն ալեկոծվել էր, ասում էր, որ մեքենաների հոսքն այսքան է մեծանում, որ արագաչափերը հանեք կարող է ունենանք զոհերի և վթարների մեծ թիվ: Մենք էլ եկանք եզրակացության և արեցինք ամենակարևորը՝ նախ 13,5 մլրդ տուգանքները ներեցինք մարդկանց, երկրորդ՝ տեսախցիկների գործունեության սկզբունքը փոխեցինք, որ նախկին տրամաբանությամբ չաշխատի:  Ի դեպ, ծրագրում գրված է, որ մենք պետք է դադարենք տուգանվողների հասարակություն ունենալուց: Մենք  հիմա շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում, որ այնպիսի մի համակարգ կունենանք, որն իսկապես կարգուկանոն կհաստատի ճանապարհներին: Կամ ներքին գործերի նախարարության հետ կապված: Հիմա, օրինակ, եթե լիներ ներքին գործերի նախարարություն   ներքին գործերի նախարարը լինելու էր այստեղ նստած, ձեր ասած վատ կադրերից մեկը, որովհետև դա քաղաքական նշանակում է: Երբ փոքրամասնություն ասում է,  փոքրամասնությունը միայն դո՞ւք եք, էլ ուրիշ մարդ չկա՞ այս հանրապետությունում: Երբ ասում են, որ 90 ականների սկզբից վատ պրակտիկա, վատ օրինակ կա, երբ ուժային կառույցի գլխին լինում է քաղաքական դեմք՝ քաղաքական պրոցեսը որոշակի դեֆորմացիաների է ենթարկվում: Եկեք վերլուծենք՝ չկա այդպիսի խնդիր, վաղն էլ անենք: Հրավիրում եմ, եկեք,  ես խնդիր չունեմ : Ես որևէ խնդիր չունեմ ընդհանրապես: Ես ասում եմ՝ եթե որևէ մեկին թվում է, թե նախարարը պակաս ենթակա է վարչապետին, քան վարչապետին ենթակա մարմինը, ինքը լավ չի պատկերացնում կառավարման համակարգը, առավել ևս ինձ լավ չի պատկերացնում:

Թոշակառու զինվորականների բնակարանների հարցի վերաբերյալ ասում են, որ այդ վարկերը դժբախտություն է: Իսկ դուք գիտե՞ք այդ որոշման էությունն ու բովանդակությունը: Նախ տոկոսները 8 տոկոսով նվազել է և կառավարությունն էլ 2 տոկոս սուբսիդիա է տալիս: Այսինքն՝ 10 տոկոսով տոկոսները նվազել են:  Զինվորական թոշակառուների գործը 10 տարի Հայաստանում մեռյալ կետից չի շարժվել: Ավելի քան 5 մլրդ դրամ  Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում ենք կայացրել, տվել: Այդ ծրագրի շահառուն 1200 զինվորական թոշակառու է, որոնցից ավելի քան 800-ը ապրում է մարզերում: Եվ այդ մարզերի մեծ մասում 5 մլն դրամով հնարավոր է 2,3 սենյականոց բնակարան գնել: Հիմա եկել ասում են՝ վատ եք արել: Այո, Երևանում ապրող մեր սիրելի սպա կենսաթոշակառուների համար դա բավարար չէ, և մենք իրենց չենք ասում, որ ձեզ այդ 5 մլնն ենք տալիս ու վերջ: Ասում ենք՝ թող օգտվի այն մարդը, ում հարմար է, հետո կտեսնենք քանի շահառու հարց է մնացել չլուծված, հաջորդ փուլով էլ իրենց հարցը կլուծենք: Վա՞տ բան ենք անում, ես չեմ հասկանում:  Այսինքն՝ մենք պատկերացնում ենք, որ նույնիսկ  Նոյեմբերանում ապրող զինվորականին, ով այսօր կարող է 5 մլն դրամով 3  սենյականոց,  6 մլն դրամով նույնսիկ որոշ տեղերում 4 սենյականոց բնակարան գնի, ասենք՝ քեզ չենք տալիս, մինչև չկարողանանք Երևանի կենտրոնում տուն գնելու համար գումար տրամադրել: Այդ մարդը չի ուզում Երևանի կենտրոնում ապրել, կամ չի ուզում սպասի մինչև մենք իրեն Երևանի կենտրոնում բնակարանով կապահովենք: Վա՞տ բան ենք անում:     

Բոլորը գալիս են և ասում՝ մենք չենք ուզում, որ կառավարությունը ձախողի: Տպավորությունն  այնպիսին է, կարծես  կառավարությունը փախած ձախողում է,  ընկել են հետևից բռնել են և ասում՝ մի ձախողի, չենք թողնում ձախողես:  Չնայած մյուս կողմից ասեմ, որ  ես շատ բարձր եմ գնահատում ընդհանրապես այս համակարգի և միջավայրի դերը: Այս քննարկումներն ու քննադատությունները ինձ համար շատ կարևոր են: Որովհետև ես կարծում եմ, որ  եթե նույնիսկ քննադատությունը ռացիոնալ չի , անարդար է,  ինքը ծայրից ծայր օգտակար է, որովհետև դաստիարակում է: Երեք օր այստեղ նստած լուռ  լսել եմ ինչ-որ ասվել է՝ լավ կամ վատ: Այն ինչ-որ չի սպանում մեզ՝ ուժեղացնում է: Դաստիարակում է և՛ քննադատությունը լուռ լսելը, և՛ մտքում վերլուծություն անելը: Դա էլ է  շատ կարևոր հատկանիշ հատկապես վարչապետի համար:

Այդ մուննաթի կոնտեքստում ուզում եմ ասել, որ այս   ամբիոնից սա  խոսակցություն է մեր հանրության հետ և մենք պետք է այս խոսակցությունն անպայման տանենք:  Եվ մենք ամենևին այն կարծիքին չենք, որ ինչ-որ մենք ասում ենք՝ բացարձակ ճշմարտություն է, որովհետև կարող է ինչ-որ հանգամանք չիմանանք: Առավել ևս ես կոնկրետ հիմա ես, կարող  է վարչապետի սենյակում  փակված ինֆորմացիայի աղբյուրներով սահմանափակ, կարող է ինչ-որ հանգամանք չիմանամ, ոչ մի ողբերգություն չկա: Ես ասում եմ՝ ինձ ասել են որ այսպես է,  ոչինչ թող մարդիկ գան, բարձրաձայնեն, որ այդպես չէ, ուրիշ պրոբլեմ կա: Հարկային բեռը շատ մե՞ծ է՝ եկեք քննարկենք, նայենք, խոսենք, որովհետև մենք չենք ուզում որևէ մեկի վրա հարկային բեռը լինի այնքան, որ նա զարգանալու,  աշխատելու հեռանկարից զրկվի,  որովհետև մեր շահագրգռությունն այն է, որ մարդիկ հարստանան և հարստացնեն, շատ աշխատեն՝ շատ հարկ վճարեն պետությանը: Բայց ինչպես Պապ թագավորի ժամանակներում՝ ում ասում ես հարկ պետք է վճարես, ասում է՝ ե՞ս պետք է վճարեմ հարկը: Աբսուրդ է, իմ գործընկերը դա հաստատեց, ես էլ այն ժամանակ կիսաձայն էի ասում: Այո, աբսուրդ է, որ Հայաստանում փաստաբանական գործունեության մեջ կա ստվեր: Այն ժամանակ ասում էին օլիգարխներն ունեն ստվեր, հիմա էլ հնարավոր է ունեն և մենք հիմա դրա դեմ պայքարում ենք, որևէ մեկը չկասկածի՝ մեզ այդտեղ ոչ մի բան չի կանգնեցնի, ոչ մի բան: Փաստաբանական ոլորտում ստվերը ո՞րն է, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել:

Ավիափոխադրողի հետ կապված: Կառավարությունն ավիափոխադրող ստեղծող չէ, ես ասում եմ՝ ով ունի ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիր, որը նորմալ ծրագիր է, կարող ենք քննարկել: Որոհետև գի՞տեք ինչ լավ «առաջարկներ» կան, ասում են՝ եկեք այս բոլոր չվերթները հանեք և բոլորը տվեք մեզ: Դա լա՞վ ճանապարհ է: Մենք այդ ճանապարհով արդեն գնացել ենք, երկու անգամ ազգային ավիափոխադրող ենք ունեցել: Մենք պատրաստ ենք քննարկել և շատ եմ ուզում, անկեղծ եմ ասում: Ասում են՝ ուզում ենք 100 մլն դոլարի ներդրում անել, ասում ենք շատ լավ է, ասում են բայց կառավարության երաշխիք է պետք: Կառավարության երաշխիքով ով էլ ասես կանի 100 միլիոնի ներդրում, որովհետև նշանակում է եթե ձախողվեց՝ վնասները պետք է կառավարությունը, ժողովուրդը փակի:

Առաջարկների վերաբերյալ: Հիմա ըստ էության սահմանադրական հնարավորություն չկա, որ ներառենք, բայց մենք ցանկացանք տեսնել, թե ինչ առաջարկներ կան: Բայց առաջարկը մտնում էր դրա տակ, որ ներդրումն այսքան, աճը այսքան, աշխատավարձն այսքան: Կներեք, բայց դա կրկին սուպերվարչապետական համակարգի կամ տոտալիտար կառավարվող համակարգի տրամաբանություն է: Որ դուք ասում եք ներդրումներն այսքան՝ այնտեղ առաջարկ հնչեց, ասաց՝ եկեք ազգանուններն էլ նշենք, ամեն տարի ով ինչքան ներդրում է անում: Եվ մենք այդպիսի փորձ ունեցել ենք, բայց այդ փորձը ձախողվել է, չէ՞:

Մենք մեր տրամաբանությունն ենք ունենալու, ես կրկին եմ ասում, ոչ թե ինքս օրթոդոքս մտածելակերպ ունեմ, այլ շատ պարզ հարց եմ տալիս. ասում եմ, եթե այս բանաձևով, ճանապարհով հետևողականորեն գնալը մեզ բերել է հաջողություններ, ինչո՞ւ պետք է մենք այդ ճանապարհից հրաժարվենք: Իսկ ո՞րն է այդ ճանապարհը. մենք այսօր ամեն քաղաքացու ասում ենք, այո, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես: Իմիջայլոց, այդ մարդը միայն շարքային քաղաքացին չէ: Միտքն այնպես է ձևակերպվում, թե տնտեսական հեղափոխության ողջ պատասխանատվությունը դրվել է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մի մարդու վրա:

Մենք ասում ենք մեկ մարդու և այդ մեկ մարդը նաև պատգամավոր է, նաև նախարար է, նաև վարչապետ է, նաև մարզպետ է, նաև ոստիկան է, նաև հարկային տեսուչ է, նաև հարկային տեսչության աշխատող է: Սուպերվարչապետական համակարգն այն չէ, որտեղ իշխանություն չկա, անիշխանություն է, որտեղ պարզ չէ՝ ով ում է նշանակում և ոչ ոք չի հասկանում, թե իշխանության աղբյուրը որն է, սուբյեկտը որն է, ինստիտուտը որն է: Ոչ, սուպերվարչապետական համակարգն այն է, որ ամեն քաղաքացի ունի իրավունքներ և պարտականություններ, այ դա է ժողովրդավարական համակարգը, դա է ինստիտուցիոնալ ամրացումը: Մենք դա ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին իր ուժերին հավատա, որովհետև եթե մենք տարին 15 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու և երեք տարում ՀՆԱ-ն դարձնելու ենք այսքան և մեր քաղաքացին շարունակելու է նույն կերպ ինքն իրեն չհավատացող քաղաքացի մնալ, այդ աճն ի՞նչ իմաստ ունի:

Մեր հեղափոխությունն, այո, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքացին ինքն իրեն հավատացել է: Եվ մենք հպարտ ենք, որ կարողացել ենք քաղաքացուն ներշնչել այդ վստահությունը, որ ինքն իրեն հավատա, և մենք հատուկ պատասխանատվություն ունենք հիմա, որպեսզի կարողանանք քաղաքացուն օգնել, որ ինքն իր ուժերին հավատա: Եվ մեր պատասախանատվությունը կրկնակի մեծ է և մենք այո հիմա որպես պետական պաշտոնյաներ պետք է առավել ուշադիր լինենք մեր ասած խոսքի, մեր ամեն շարժուձևի, մեր կերածի, մեր հագնվածի, մեր խմածի, մեր դեմքի արտահայտության նկատմամբ: Եվ սա է մեր դերը և մենք քաղաքացուն ասում ենք, որ ինքը տարբերակ չունի, այո, այս տնտեսական հեղափոխությունն էլ պետք է հաղթի և հաղթելու է:

Եվ հոռետեսական բոլոր կանխատեսումները պահեք ձեզ, որովհետև այդ հին տրամաբանությունն է, որ լինելու է վատ կամ ավելի վատ: Չի լինելու վատ կամ ավելի վատ, լինելու է լավ և ավելի ու ավելի լավ ու այդպես անընդհատ: Բայց սրա համար ամեն քաղաքացի պետք է այս մտածողությունն իր մտքում կրի:

Ասում են՝ մի պատգամավոր հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն: Այո, իշխանություն չենք: Մենք կառավարություն ենք, մենք իշխանություն չենք: Իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, սա նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ դուք էլ իշխանություն չեք, դուք ընդամենը խորհրդարանի պատգամավոր եք, դուք օրենսդիր իշխանություն եք: Բայց Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն է իշխանության աղբյուրը, ժողովուրդն է փոփոխության աղբյուրը, ժողովուրդն է հաղթողը, այո, պարտվողը ես եմ՝ անձամբ, իսկ հաղթողը ժողովուրդն է: Այդ որ ասում եք հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է, եթե նույնիսկ մտածում եք պարտության մասին՝ պարտությունը որբ չէ, ես եմ այդ պարտության տերը: Հաղթանակը ձերն է, բոլորինն է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացունն է:

Եվ ես, այո, այսօր սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը: Նախորդը և ֆիզիկական, և վիրտուալ քայլարշավ էր դեպի քաղաքական հեղափոխության հաղթանակ, այս մեկը քայլարշավ է և ֆիզիկական, և վիրտուալ դեպի տնտեսական հաղթանակ և դեպի տնտեսական հեղափոխություն: Եվ ով քայլ ունի անելու՝ թող անի իր քայլը, ով ուզում է անցնել այդ ճանապարհը՝ թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհն անշեղելի է, մենք քայլում ենք դեպի ազատ, երջանիկ և հզոր Հայաստան, որտեղ մեր գլխավերևում միայն ու միայն Հայաստանի Հանրապետության դրոշն է: Եվ մենք քայլում ենք՝ հետևելով Հայաստանի Հանրապետության դրոշին, մեր պատմությանը, մեր ապագային և մենք տեղ ենք հասնելու, և մենք հաղթանակով ենք տեղ հասնելու, մենք հաղթանակած ենք տեղ հասնելու: Եվ այնտեղ, որտեղ պետք է՝ մենք գնալու ենք մեր ժողովրդի առջևից, այնտեղ, որտեղ պետք է՝ մենք գնալու ենք մեր ժողովրդի հետևից: Այնտեղ, որտեղ պետք է՝ մենք կլինենք առաջնորդ, այնտեղ, որտեղ պետք է՝ մենք կլինենք հետևորդ: Իսկ ժողովուրդը միանշանակ հաղթելու է: Ժողովուրդը կարող է անել տնտեսական հեղափոխություն և կառավարությունը պատրաստ է ժողովրդին առաջնորդել դեպի տնտեսական հեղափոխություն:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ այսօր արդեն ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Շնորհակալ եմ:    




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ