Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների առևտրային, զբոսաշրջային կապերը

 Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների առևտրային, 
զբոսաշրջային կապերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հայ-լեհական գործարար պալատը սկսում է իր գործունեությունը: Այն նպատակ ունի աշխուժացնել Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական կապերը, միջավայր ստեղծել երկու երկրների գործարարների համար, նպաստել երկու երկրներում ներդրումներ կատարելու տարբեր ընկերությունների և անհատ գործարարների ջանքերին: Պալատի ծրագրերի, առաջիկա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հայ-լեհական գործարար պալատի նախագահ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, տեղեկատվություն եղավ հայ-լեհական գործարար պալատի հիմնադրման մասին: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը, ովքե՞ր են նախաձեռնողները:

-Հայ-լեհական գործարար պալատ հիմնելու նախաձեռնություն եղել է տարիներ առաջ՝ Հայաստանում գործող մի շարք ընկերությունների կողմից։ Տարբեր պատճառներով այն չի ծավալել ակտիվ գործունեություն։ Ավարտելով իմ դիվանագիտական առաքելությունը Լեհաստանում և տեղեկանալով այդ կազմակերպության մասին՝ ես հանձնառություն ունեցա ստանձնել դրա նախագահությունը և ջանքեր գործադրել ակտիվ գործունեության համար։

-Ի՞նչ խնդիր է լուծելու գործարար պալատը: Ի՞նչ բաց մնացած հարցեր կան, որոնց կարգավորման գործում գործարար պալատը կունենա իր ներդրումը:

-Գործարար պալատի նպատակն է աշխուժացնել Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական կապերը, միջավայր ստեղծել երկու երկրների գործարարների համար, նպաստել երկու երկրներում ներդրումներ կատարելու և շուկաներ յուրացնելու տարբեր ընկերությունների և անհատ գործարարների ջանքերին և այլն։ Կարծում ենք, որ հայ-լեհական առևտրատնտեսական կապերում գոյություն ունի հսկայակայն չօգտագործված ներուժ, որոնք արդյունավետ օգտագործելու պարագայում հնարավոր է երկուստեք արձանագրել մեծ հաջողություններ։ Հայաստանի և Եվրոպական Միության միջև 2017 թվականի նոյեմբերին ստորագրված նոր համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև գործարար կապերի ընդլայնման համար։ Այդ տեսանկյունից Լեհաստանը կարող է մեզ համար մեծ և դրական դերակատարություն ունենալ։

-Դուք եղել եք Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ավելի խորքից եք ծանոթ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանը: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Լեհաստանի առևտրային գործընկերությունը: Ըստ ձեզ, ո՞ր ուղղություններով կա չիրացված ներուժ և պետք է աշխատել:

-Հայ-լեհական առևտրաշրջանառությունը, չնայած իր ոչ մեծ լինելու, մշտապես ցուցաբերել է աճի միտում։ Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ես ինքնս ինձ համար արձանագրեցի, որ, ցավոք սրտի, մենք երկուստեք քիչ ենք տեղեկացված մեկս մյուսի մասին։ Իմ տպավորությամբ ոչ Հայաստանում են բավարար չափով տեղեկացված Լեհաստանի հսկայական տնտեսական ներուժի և հնարավորությունների մասին, ոչ էլ լեհ գործարարներ են բավարար չափով տեղեկացված Հայաստանի տնտեսական միջավայրի և առկա հնարավորությունների մասին։ Կարծում ենք, որ Հայ-լեհական գործարար պալատի հիմնական խնդիրը հենց դա պետք է լինի. հնարավոր առավելագույն տեղեկատվություն տրամադրել երկու կողմի գործարարների Հայաստանի և Լեհաստանի տնտեսական վիճակի մասին։

Կարծում ենք չօգտագործված մեծ ներուժ գոյություն ունի նաև զբոսաշրջության ոլորտում։ Վարշավայի և Երևանի միջև գրեթե ամենօրյա օդային ուղիղ կապի առկայությունը մեծացնում է հատկապես լեհ զբոսաշրջիկների Հայաստան այցելելու գրավչությունն ու հնարավորությունը։ Նույնը կարել է ասել հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցերի կազմակերպման մասին։ Կարծում ենք, Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմությունը, Լեհաստանում տարեցտարի աճող զբոսաշրջային ենթակառուցվածքները, Եվրոպական Միության մյուս երկրների համեմատությամբ ապրանքների և ծառայությունների մատչելի գները կարող են գրավիչ լինել հայ զբոսաշրջիկների համար։

-Հայ-լեհական գործարար պալատը երբվանի՞ց է սկսում իր ծրագրային գործունեությունը և արդյո՞ք կա հստակեցված, թե այս տարի ի՞նչ ծրագրեր են իրականացվելու:

-Ներկա պահին հայ-լեհական գործարար պալատը հաղթահարում է վերագործարկման հետ կապված տեխնիկական և կազմակերպական հարցերը։ Արդեն իսկ հանդիպումներ են եղել համանման մի շարք կազմակերպությունների հետ: Առաջիկայում նախատեսվում է գործնական համագործակցության համաձայնագրեր ստորագրել Հայաստանի և Լեհաստանի մի շարք առևտրաարդյունաբերական պալատների հետ։ Առաջիկայում քայլեր կիրականացվեն պալատի անդամների համալրման և գործունեության շրջանակների ընդլայնման ուղղությամբ։ Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի և Լեհաստանի միջև բարձր մակարդակով ընթացքող քաղաքական զարգացումներին, մասնավորապես, 2019 թվականին Դավոսում Հայաստանի և Լեհաստանի վարչապետների հանդիպման ժամանակ կարևոր շեշտադրում է կատարվել փոխադարձ այցելությունների աշխուժացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման վրա։ Կարծում ենք, որ պալատին կհաջողվի 2019 թվականի ընթացքում գործարար համաժողովներ կազմակերպել Լեհաստանում և Հայաստանում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի նոր կառավարությունում Հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը, որոնց հետ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացներում մեր պալատի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ: Առաջիկայում մենք կամփոփենք և մեր գործընկեր կազմակերպությունների տեղեկատվություն կտրամադրենք 2019 թվականի ընթացքում Լեհաստանում կայանալիք կարևոր տնտեսական միջոցառումների, ցուցահանդեսների, տոնավաճառների մասին և այլն։

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]