1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արվեստի գործիչներն իրենց աջակցությունն են ցուցաբերել հացադուլ հայտարարած կինոռեժիսորին

Արվեստի գործիչներն իրենց աջակցությունն են ցուցաբերել հացադուլ հայտարարած 
կինոռեժիսորին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը և երաժիշտ Վահան Արծրունին իրենց մտահոգությունն են հայտնել 12  օր շարունակ հացադուլ իրականացնող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի առողջության վերաբերյալ: Նրանք կարծում են, որ հացադուլի միջոցով  Գալստյանը պայքարում է իր գործով, իր մասնագիտությամբ զբաղվելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին արվեստագետները նշեցին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Չեմ կարծում, որ գերմանական և բուլղարական կինոարտադրողներն այնպիսի մի գործի  ֆինանսական միջոցներ տրամադրեին, որը հետաքրքիր չէ, անհեռանկարային է: «Տատիկիս վարսերը»-ը ֆիլմն ունի ինչ-որ բան, և դա է  պատճառը, որ պետական կառույցն ի սկզբանե պարտավորվել է աջակցել կինոնկարի ֆինանսավորմանը: Հովհաննես Գալստյանն ի վերջո պայքարում է իր գործով զբաղվելու համար. նա ոչ հյուրանոց  է կառուցում, ոչ ինչ-որ օբյեկտ է բացում, պարզապես ցանկանում է աշխատել: Կան բոլոր նախնական պայմանավորվածությունները, ֆինանսական աջակցությունը, թե ի՞նչն էր պատճառը, որ այսպես եղավ, չգիտենք»,-ասաց Վիգեն Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ դեմ չէ հարցի լուծման համար բողոքել, բայց  իրավական դաշտն արվեստագետի ձեռքում չէ, դա այն մարդկանց ձեռքում է, ովքեր պիտի այդ հարցին ընթացք տան: «Ես չեմ կարծում, որ այդքան բարդ ու խճճված խնդիր է, որի լուծման համար տարիներ են պետք, ուղղակի պետք է, որ շահագրգիռ կողմերը հանդիպեն, մի նիստ լինի հանձնախմբի հետ: Հացադուլը լավ հետևանքներ դժվար թե ունենա, ու եթե վատ բան պատահի, Հովհաննես Գալստյանն իր գործն ավարտին չի հասցնի»,-ասաց ռեժիսորը:

Վահան Արծրունու խոսքով` այդ դեպքն ընդհանուր դաշտում առկա խնդիրներից առանձնացնել չի կարելի, որովհետև մշակութային  դաշտում տիրող իրարամերժ հակասությունների արտահայտությունն է և ուղղակի հետևանքը: «Մենք այս պահին դիտարկում ենք վարչարարական ճգնաժամ, այսինքն` ոլորտի պատասխանատուները չեն կարող ղեկավարել դաշտը, ինչի պատճառով ստեղծվում է մի իրավիճակ, երբ արվեստագետը նախընտրում է պայքարի ծայրահեղ մեթոդն օգտագործել իր իրավունքների համար: Սա անթույլատրելի իրավիճակ է որևէ  մշակույթի, որևէ պետության համար և նշանակում է` ոլորտային ղեկավարությունը ոչ միայն չի գիտակցում իր տեղն ու նշանակությունը, այլև հակադրվում է արվեստագետին: Դա բնական չէ: Ոչ մի երկրում նման բան չկա, որովհետև այդ կառույցները կոչված են աջակցելու արվեստագետին, ստեղծելու պայմաններ, որ ազգային մշակույթը զարգանա»,-ընդգծեց երաժիշտը:

Արծրունու համոզմամբ՝  արվեստում առաջինը ստեղծագործողն է, երկրորդը` կատարողն է, երրորդ տեղում է արվեստաբանը, որը մեկնաբանում է ստեղծագործողի ու կատարողի աշխատանքը և չորրորդը միայն չինովնիկն է, որն  ըստ օրենքի պետք է ստեղծի պայմաններ, որ ստեղծագործող մարդն ուսում ստանա, հնարավորություններ ունենա զարգանալու, ներկայացնի նրան, հանրահռչակի ՀՀ-ում և երկրից դուրս:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմփրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի երեքից հացադուլ էր իրականացրել: Ինը օր  հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպումը ձայնագրվել է: Ձայնագրությունում, որը լսելու հնարավորություն ունեցան լրագրողները, Լիլիթ Մակունցն Ազգային կինոկենտրոնի տնօրենին հանձնարարում է կնքել նոր պայմանագիր ֆիլմի արտադրության շարունակության վերաբերյալ, վերաձևակերպել ու վերահաստատել այն պարտավորությունները, որոնք կինոկենտրոնն ունի նախագծի հանդեպ, նամակով դիմել ֆիլմի համարտադրողներին, որ բուլղարական և գերմանական կողմերը երկարացնեն ֆիլմի արտադրությանն իրենց մասնակցությունը, որպեսզի չկորչեն  միջազգային ներդրումները: Մակունցը նաև պարտադրում է վերահսկման բաժնի հետ գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները և զեկուցել  կատարողականի մասին: Սակայն հարցի չլուծման պատճառով փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը: Մինչ հացադուլը վերսկսելը, Հովհաննես Գալստյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]