Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Ընդլայնվում է «Առողջ Ապրելու Իմ Քայլը» ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 13-ին ընդունել է «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններս նախարարին են ներկայացրել «Առողջ Ապրելու Իմ Քայլը» ծրագրի հետագա ընթացքը և նշել, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել:

Ծրագիրն իրականացվում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ), Արմավիրի, Արարատի մարզպետարանների և «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ: Այն ուղղված է բնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը:

Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանը նշել է, որ ընկերությունը պատրաստ է իրականացնել սկրինինգային նոր ծրագրեր` շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման համար, աջակցել մանկական արյան քաղցկեղի համար նախատեսված օնկասպար դեղի ձեռքբերմանը, օգնել ստեղծել առողջապահության ազգային ռեգիստրեր, ինչպես նաև նոր պայմանագիր կնքել դիաբետոն ՄՌ 60 դեղամիջոցը ձեռք բերելու համար:

Քննարկվել են նաև բժիշկների, բուժքույրերի և հիվանդների համար կրթական տարբեր ծրագրեր, վերապատրաստումներ իրականացնելու վերաբերյալ հարցեր: Ընկերությունն իր աջակցությունն է հայտնել նաև հակածխախոտային պայքարում:

Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի երկարատև և արդյունավետ:

Հանդիպումից հետո նախարարը հյուրերի հետ շրջել է կառավարական 3-րդ մասնաշենքի առողջապահության նախարարության հարկաբաժնում կազմակերպված «Առողջ ապրելակերպ» թեմայով ցուցահանդեսին, ծանոթացել երեխաների նկարներին, որոնք միջոցառումից հետո կփակցվեն նախարարության պատերին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ