Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

ԱԺ-ն կառավարության ծրագիրը կշարունակի քննարկել փետրվարի 14-ին


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը կշարունակի փետրվարի 14-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ավարտին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը, Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր), Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն), Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր), Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն), Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա), Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում), Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ