Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի միակ կին նախարարը երազում է տեսնել համերաշխության և սիրո մթնոլորտում ապրող հասարակություն. Զարուհի Բաթոյանի հարցազրույցը

 Հայաստանի միակ կին նախարարը երազում է տեսնել համերաշխության և սիրո 
մթնոլորտում ապրող հասարակություն. Զարուհի Բաթոյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միակ կին նախարարը, ով հունվարի 19-ից ղեկավարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի գերատեսչությունը, երազում է մի երկրի մասին, որտեղ քաղաքացիները պաշտպանված են սոցիալապես, որտեղ բազմաթիվ են ծառայությունները և դրանք բոլոր մարդկանց համար են մատչելի: Զարուհի Բաթոյանն ամեն ինչ անելու է՝ հանուն կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների, անապահով ընտանիքների աջակցման և ընդդեմ ընտանեկան բռնության: «Արմենպրես»-ը նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանի հետ զրուցել է նախարարության թիմի համալրման, պաշտոնում նշանակվելու, նոր ծրագրերի իրականացման մասին:

-Տիկին Բաթոյան, հունվարի 18-ին նշանակվեցիք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Ու՞մ կողմից եղավ առաջարկը, և ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը:

-Առաջարկը վարչապետի կողմից էր, արձագանքն էլ, արդյունքը տեսնում եք, այսինքն՝ փոքր-ինչ ներկայացրեցի պատկերացումներս հիմնականում ծրագրերի մասով: Շատ երկար քննարկում չի եղել: Մեծ մասը թիմի պատկերացնում էր, որ ես կարող եմ ստանձնել այդ աշխատանքը: Ես ինքս էլ ինքնավստահություն ունեմ:

-Նախարարությունում նոր չեք: Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը եղել եք Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նախարարության աշխատակիցների հետ  և արդյո՞ք նոր թիմ ստեղծելու անհրաժեշտություն տեսնում եք:

-Ինձ համար շատ կարևոր էր որպես նախարարի տեղակալ աշխատելու այս ժամանակահատվածն ու փորձառությունը, և կարևոր էր հատկապես մարդկանց ճանաչելու, մասնագետներին ավելի մոտիկից, նրանց կարողությունները, պատկերացումները հասկանալու համար, և իսկապես դա շատ կարևոր փորձ էր: Ես շնորհակալ եմ մարդկանց՝ այդ ընթացքում ինձ աջակցելու համար՝ իրենց մասնագիտական գիտելիքներով հատկապես: Այդ ընթացքում  մարդիկ հնարավորություն ունեցան ինձ ճանաչելու և այդ փոխադարձ  վստահությունը, փոխըմբռնումը, կարծում եմ, կար, և դա ավելի շատ նպաստեց, որ ինձ որպես փոխնախարար ընդունեն, ընկալեն: Մինչ նշանակումը շատերն էին գալիս և ցանկություն հայտնում,  ասում էին,  եթե առաջարկ ստանամ, անպայման համաձայնեմ, որ իրենք իմ կողքին կլինեն, կաջակցեն և, իհարկե, դա շատ հաճելի էր: Այդ իմաստով ճանաչել եմ մեծ մասին: Իհարկե, նոր թիմ ձևավորելու կարիք ևս կա, համալրելու թիմը հատկապես: Կարծում եմ, որ կան բաժիններ, վարչություններ, որտեղ իսկապես նոր մասնագետների և նոր ներուժի կարիք կա, որովհետև շատ հաճախ մարդիկ նույնիսկ չեն հասցնում աշխատանքը: Այս դեպքում օպտիմալացումը նաև դիտարկենք ոչ որպես կրճատում, այլ մարդկանց ներուժն օգտագործելով ծառայություններն ավելի լավը դարձնելու և ավելի լավ քաղաքականություն  մշակելու համար: Կարծում եմ, որ թիմի համալրման կարիք կլինի:

  -Օրերս հրապարակվեց կառավարության ծրագիրը: Սոցիալական ուղղվածության ո՞ր կետերն եք գերակա համարում: Ծրագրում նշված է, որ բարձրացվելու են  կենսաթոշակների չափերը, աշխատանքներ են տարվելու մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելու ուղղությամբ: Կնախանշե՞ք ուղղություններ որոնցով գնալու եք այս խնդիրներին լուծում տալու համար:

-Առաջին հերթին մեզ համար խնդիր ենք դրել վերանայելու նպաստի համակարգը,  անապահով ընտանիքների աջակցության համակարգը, որից էլ նաև կբխի այդ բոլոր գործընթացներն առավելապես ավտոմատացնելու` թե թոշակի նշանակման, թե ծառայություների մատուցման համակարգը, քաղաքացի-որոշում կայացնող կապը նվազագույնի հասցնելու, առաջին հերթին  քաղաքացիների համար ավելի հեշտացնելու գործընթացը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տարբեր տեղեր դիմել, և բացառելու մարդկային գործոնը բացասական իմաստով: Շատ կարևորում ենք նաև աշխատանքի միջոցով մարդկանց խրախուսելու ճանապարհը և աջակցման մեթոդներից մեկը լինելու է հենց աշխատանքի հնարավորությունների ստեղծումը: Պետությունը պարտավորություն ունի այդ հնարավորությունները ստեղծելու, որպեսզի սոցիալապես անապահով կամ խոցելի կարգավիճակ ունեցող մարդն այս կարգավիճակից կարողանա շատ սահուն կերպով անցում կատարել դեպի աշխատաշուկա, որպեսզի այդ աջակցությունն ավելի երկարատև լինի: Մենք պիտի շատ ավելի մարդակենտրոն դարձնենք ծրագրերը: Շատ կարևորում եմ ապաինստիտուցիոնալացումը երեխաների համար: Երեխաներին հաստատությունից դուրս բերելու, նրանց որդեգրումը, խնամատար ընտանիքներում ապրելու հնարավորությունը մեծացնելը և նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելը, որովհետև մենք կարող ենք շատ լավ արդյունքների հասնել, եթե միանգամից կանխարգելենք մուտքը, ոչ թե երեխաներին արդեն մանկատանը հայտնվելուց հետո փորձենք ընտանիք վերադարձնել: Այդպիսի փորձ կա, նույնիսկ հասարակական կազմակերպությունների կողմից կա և նաև պետական աջակցության միջոցով գործում է նաև մարզերում, բայց մենք դա պիտի դարձնենք ինստիտուցիոնալ, շատ ավելի մեծ թափ հաղորդենք այդ ծրագրերին: Ծայրահեղ աղքատության վերացումը մեզ համար որպես նպատակ ենք սահմանել: Կառավարության ծրագրում նշված ուղղությունները, կետերը կամ առաջարկները նախանշում են ուղղությունները, բայց չեն սահմանափակում մեր անելիքները: Վստահ կարող եմ ասել, որ մենք ավելի շատ ուղղություններով ենք աշխատելու:

-Մանկատների բեռնաթափման գործընթացը գրեթե բոլոր նախարարների պաշտոնավարման ժամանակ ակտուալ է եղել: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ: Երազանքի պես է հնչում, բայց  հնարավո՞ր է Հայաստանում  գա մի  օր, երբ  մանկատներ այլևս չլինեն:

-Մենք պիտի աշխատենք այդ ուղղությամբ: Այո, գուցե ժամանակ առ ժամանակ խոսվել է այս մասին շատ վատ անվան տակ՝ բեռնաթափում, որն արդեն խոսում է այն մասին, թե ինչպիսի մոտեցում ունենք մենք այդ հարցի շուրջ: Այսինքն՝ կառավարությունը հիմնականում մտածել է բեռը թեթևացնելու, ոչ թե երեխայի իրավունքը ապահովելու մասին: Մենք խոսում ենք ապաինստիտուցիոնալացման մասին: Եթե երեխաների մասին է խոսքը, պետք է աշխատանքներ տարվեն ընտանիքների հետ վերամիավորելու կամ ընտանիքին մոտ միջավայրում ապրելու իրավունքը ապահովելու ուղղությամբ, իսկ չափահասների դեպքում համայնքում ապրելու հնարավորություններ ստեղծելով, որովհետև մենք խոսում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կամ մասնագիտացված մանկատանը մեծացած անձանց մասին, ովքեր արդեն չափահաս են, բայց մանկատնից չեն գնացել, քանի որ գնալու տեղ չունեն: Եթե նույնիսկ նախորդ կառավարությունները ինչ-որ քայլեր են ձեռնարկել կամ խոսել են այդ մասին, ապա որևէ կերպ նկատի չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց: Մեր ծրագրերը սրանով են տարբերվելու: Քաղաքականությունը չի վերաբերել նաև մասնավոր մանկատներին, իսկ մենք նաև դրանց ենք անդրադառնալու: Եթե մենք պետական մանկատները կամ գիշերօթիկ հաստատությունները փակում ենք և երեխաներին ուղղորդում մասնավոր կամ այլ բարերարների կողմից ֆինանսավորվող հաստատություններ, սա չի նշանակում, որ մենք խնդիրը լուծում ենք:

-Ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում են կանանց իրավունքներն ավելի շատ ոտնահարվում: Կանանց իրավունքներին նվիրված նախաձեռնություն կտեսնե՞նք առաջիկայում:

-Նախարարությունը նախ պատասխանատու է ընտանեկան բռնության կանխարգելման, վերացման ուղղությամբ և քանի որ մեծ մասամբ հիմնականում կանայք են տուժողները, այս մասով նրանց պաշտպանության ուղղությամբ պիտի քայլեր ձեռնարկի: Ծրագրեր արդեն կան, մասնավորապես ապաստարանների, աջակցման կենտրոնների ստեղծման, ռազմավարությունների մշակման տեսքով և, իհարկե, կարևորում ենք կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և պիտի նաև հատուկ ուշադրություն դարձնենք այս հնարավորություններին: Հիմնական այս երկու ուղղությունները կարող ենք ասել, որոնք մեր դաշտում են: Իհարկե, էլի ունեն խնդիրներ կանայք, որը մեր դաշտում չէ: Կուզեի նշել առողջապահական խնդիրները, կանանց վերարտադրողական իրավունքը, և այլ: Այս մասով մենք նաև պետք է սերտ համագործակցենք մեր մյուս գործընկերների հետ ամենատարբեր գերատեսչություններում: Մենք չենք սահմանափակվելու միայն մեր ոլորտի խնդիրների լուծմամբ կամ հնարավորությունների ստեղծմամբ, այլ մենք նաև ակտիվ գործունեություն ենք ծավալելու միջգերատեսչական  գործակցության ուղղությամբ՝ հանուն կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների:

-Կա՞ն Ձեր կողմից մշակված նախագծեր, որոնք մոտ ժամանակներս կներկայացվեն կառավարությանը: Սոցիալական բազմաշերտ ոլորտի ո՞ր ուղղությունն եք ընտրելու առաջինը:

-Ինչպես արդեն նշեցի, առաջինը սոցիալական աջակցության՝ նպաստի համակարգն է, որը պետք է վերանայել: Ծրագրերը շատ են: Ապաինստիտուցիոնալացումը, կանանց ուղղված ծրագրերը, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդելի ներդրումը, որն արդեն մշակված է, օրենսդրական նախաձեռնություններ ունենք, որը պիտի սկսենք նաև համագործակցելով Ազգային ժողովի մեր գործընկերների հետ: Բազմաթիվ են այդ ծրագրերը: Կարծում եմ, որ առաջիկայում դրանց մասին առավել մանրամասն կլսեք և ասեմ, որ մեզ համար կարևոր է նաև տեղեկատվության տրամադրումը մեր ծրագրերի մասին, որովհետև նախարարությունը բազմաթիվ ծրագրեր ունի նույնիսկ այս պահին իրականացվող, որոնց մասին հանրությունը չգիտի: Այսինքն՝ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու տեղեկատվական բլոկին, ուժեղացնում ենք մեր այս բաժինը և մրցույթները պիտի հայտարարվեն արդեն, որոնք ուղղված են հանրային իրազեկմանը, հատուկ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական գովազդի պատրաստմանը, և տարբեր այլ լրատվամիջոցների հետ համագործակցությամբ պիտի լուծենք նաև իրազեկման խնդիրը, որովհետև ամենաշատը հենց այս տեղեկատվության կարիքն ունեն այսօր քաղաքացիները:

-Ի՞նչ փոփոխություններ եք արել Ձեր նոր աշխատասենյակում: Ունե՞ք սիրված վայր նախարարությունում, որտեղ հաճախ եք լինում:

-Փոփոխություն չեմ արել աշխատասենյակում: Կարիքը կարծես չկա: Միակ փոփոխությունը, որ արել եմ, աթոռներն եմ քչացրել, որովհետև շատ տեղերում, հատկապես նախարարի աթոռն այստեղ պետք չէ, քանի որ սայլակով եմ տեղաշարժվում: Այլևս որևէ փոփոխություն չեմ արել: Սիրած վայր. իրականում չեմ հասցրել ինչ -որ վայրերում լինել: Բայց պատուհանի մոտ եմ սիրում լինել, այդ տեսարանը, քաղաքի տեսարանը, մայրամուտի տեսարանը: Շատ-շատ քիչ է լինում, որ կարողանամ ուղղակի վայելել:

-Որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ինչի՞ մասին եք երազում, և ինչպիսի՞ երկիր եք ցանկանում տեսնել սոցիալական տարբեր շերտերի համար:

-Իհարկե երազում եմ մի երկրի մասին, որտեղ քաղաքացիները պաշտպանված են սոցիալապես, որտեղ քաղաքացիները վստահ են, որ որևէ իրավունքի ոտնահարման դեպքում կպաշտպանվի այն պատշաճ, արդար կերպով: Երկիր, որտեղ բազմաթիվ են ծառայությունները  և բոլոր մարդկանց համար են մատչելի: Մի երկրի մասին, որտեղ մարդիկ մշտապես աջակցում են իրար, երազում եմ մի երկրի մասին, որտեղ մենք այդ դրական կողմը կօգտագործենք: Մարդկային ռեսուրսը, սոցիալական կապիտալը, որը մենք ունենք Հայաստանում, շատ կարևոր է: Այդ մարդիկ, այդ փոխաջակցման մթնոլորտը կարող են ի նպաստ օգտագործվել: Ես կարծում եմ, որ նաև երկիրը պիտի այնպիսին լինի, որտեղ մարդիկ միմյանց աջակցում են, և այդ համերաշխության ու սիրո մթնոլորտում են ապրում:

Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]