Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը Երևանի քաղաքապետարանում նոր թափ է ստանում


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու կազմում «Իմ քայլը» խմբակցությունն ստեղծել է կենդանիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Խմբի ուշադրության կենտրոնում թափառող շների խնդիրն է՝ դրանց ստերջացման, իրավունքների պաշտպանության հարցերը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ոլորտում առկա խնդիրների լուծման իր տարբերակներն է առաջարկում նաև անտուն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող  «Դինգո թիմի» հիմնադիր-տնօրեն, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը, ով նաև ստեղծված աշխատանքային խմբի անդամ է:

-Ինչպե՞ս ծնվեց կենդանիների պաշտպանության համար թիմ ստեղծելու գաղափարը:

-Կենդանիների պաշտպանության համար թիմ ստեղծելու գաղափար չեմ ունեցել սկզբում: Ես դեռ երեխա ժամանակվանից մեր նկուղային հարկում կենդանիներ էի պահում և մեր փողոցի երեխաներին, որոնք պոտենցիալ շուն տանջող էին, ներգրավում էի կենդանիների խնամքի գործում: Փաստորեն ես 11-12 տարեկանում, արդեն զբաղվում էի սրանով, բայց չէի գիտակցում, թե այս ամենն ուր է տանում: Երբ կենդանիները շատ էին արդեն, հասկացա, որ հնարավոր չի այդքան կենդանու մասին հոգալ և սկսեցի «Ֆեյսբուք»-ում տերեր փնտրել կենդանիների համար, և հենց դրա շուրջ էլ հավաքվեց կենդանասեր հասարակությունը:

-Երբևէ ունեցե՞լ եք վախ կենդանիների հանդեպ:

-Կենդանիներից վախ չեմ ունեցել, բայց 20 տարեկանում անցնում էի փողոցով, որտեղ մի շուն էի կերակրում և մոտ 15 խոշոր շներից բաղկացված ոհմակը հարձակվեց ինձ վրա, այդ թվում և այն շունը, որին ես կերակրում էի: Ոտքս կծեցին, շորերս պատռեցին և դրանից հետո, ես իսկապես շատ էի վախենում և անգամ ճանապարհս էի փոխում շուն տեսնելիս, բայց հասկացա, որ այդ վախը պետք է հաղթահարել և շատ մեծ ջանքերի շնորհիվ նորից սկսեցի շփվել շների հետ: Օրինակ, եթե իմ վրա մեկը հարձակվի և պայուսակս գողանա, իմ մեջ վախ կառաջանա այդ մարդու նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է վախենամ բոլոր մարդկանցից: Այսինքն` մենք չպետք է մասնավորը ընդհանրացնենք:

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում թափառող շներին:

-Քանի որ մերը վերականգնողական կենտրոն է, այդ պատճառով սկզբունքը շտապօգնությունն է: Այսինքն, մենք գործում ենք որպես շտապօգնություն. վերցնում ենք վնասված, ծանր վնասվածքով կենդանիներին, բուժում և պահում մինչև նրանց համար տերեր գտնելը: Մեր կացարանում որդեգրումը բավականին լավ է աշխատում, անգամ Հայաստանից Եվրոպա և ԱՄՆ ենք ուղարկում մեր շներին:

-Շների ստերջացման գաղափարը արդեն նորություն չէ, բայց իրականացվո՞ւմ է այն Հայաստանում:

-Ստերջացման ծրագիր պետականորեն երբևէ չի իրականացվել Հայաստանում, չնայած, որ դրա անվան տակ միշտ գումարներ են դուրս գրվել պետական բյուջեից, բայց հիմա արդեն քաղաքապետարանը տրամադրված է ստերջացման ծրագիր սկսելու և շուտով համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հարցն է դրվելու ավագանու քննարկմանը (որպեսզի ստեղծվի համայնքային կլինիկա-խմբ.)՝ ստերջացման ծրագիրը կյանքի կոչելու համար: Այս պահին մենք մեր միջոցներով, շատ հաճախ նաև պարտքով կատարում ենք այդ վիրահատությունը, բայց դա մասսայական չէ:

-Արդյո՞ք ստերջացնելուց հետո թափառող շները վտանգ չեն ներկայացնի հանրության համար:

-Թափառող շները հիմնականում ագրեսիվ վարք են դրսևորում, երբ նրանց փորձում են հարվածել, ձագերին վնասել. ինչպես նաեւ ագրեսիվ են ոհմակում գտնվելու ժամանակ, իսկ ոհմակային կուտակումը լինում է զույգման շրջանում, այսինքն, երբ շների ստերջացման գործընթացը սկսվի, էլ շների ոհմակային կուտակումներ չեն լինի և ձագերին էլ վնասելու խնդիր չի լինի:

-Քանի՞ շուն կա այս պահին ձեր խնամքի տակ:

-Մեր կենտրոնում այս պահին կա մոտ 120 կենդանի և բոլորն առանց բացառության ստերջացված են:

-Բազմիցս ասել եք, որ Հայաստանում կենդանիների պաշտպանության համար օրենք պետք է լինի, ինչպե՞ս եք պատկերացնում այդ օրենքը:

-Օրենքը չպետք է մենք հորինենք, կա լավ մշակված ՄԱԿ-ի կոնվենցիան և մի շարք օրենքի նախագծեր, որոնցից կարելի է օգտվել: Իհարկե, որոշակի գործողություններ պետք է պատժվեն քրեական օրենսգրքով, օրինակ` սպանդը, դաժան վերաբերմունքը, իսկ որոշների համար պետք է ուղղակի վարչական տույժ սահմանել:

-Վերջերս Գորիսի համայնքապետարանը պատրաստվում էր թափառող շների սպանդ իրականացնել: Ի՞նչ եք արել դա կանխելու համար:

-Մենք նման հայտարարություն տեսանք Գորիսի համայնքապետարանի էջում, որ իրենք պատրաստվում են շների վնասազերծման միջոցառում սկսել և, որ դա լինելու է ժամը 23:30-ից հետո: Մենք մեր էջում անդրադարձանք այդ հարցին. ամոթանք տվեցինք, ոստիկանության և կառավարության ուշադրությունը հրավիրեցինք նրանց կողմից արված հայտարարությանը, նրանք անմիջապես հերքեցին, ասելով, որ վնասազերծումը սպանդը չէ, բայց իրենց տեքստը ամբողջությամբ սպանդին էր վերաբերվում: Ուզում եմ հիշեցնել, որ հարցը միայն կենդանիների անվտանգությամբ չի սահմանափակվում: Բնակելի վայրում զենքի կիրառումը արգելվում է օրենքով և կիրառման դեպքում նախատեսված են տուգանքներ: Այսինքն, մարդիկ ցանկացած ժամանակ կարող են դիմել ոստիկանություն, երբ ականատես են լինում կրակոցի միջոցով սպանդի և կարող են պնդել, որ ոստիկանությունը գործ հարուցի:

-Քաղաքացին ինչպես կարող է հասկանալ շունը վտանգ ներկայացնում է, թե՞ ոչ: Կա՞ն ժեստեր:

-Շները հիմնականում հաչում են հաչելու համար: Հարձակվող կենդանիները, որոնք գալիս են հենց կծելու, հաչելով չեն գալիս, այլ գլուխը մի քիչ ցածր դիրքով, նպատակաուղղված և իրենց դիրքից կարելի է հասկանալ շունը կծելու մտադրություն ունի, թե՞ ոչ: Շների հաչելը միշտ չէ, որ ագրեսիայի նշան է. նրանք պարզապես հաղորդակցվում են` ինչպես մարդիկ: Օրինակ` մեր կացարանում, երբ հյուր է գալիս, 120 շուն միանգամից հաչում է, բայց երբ հյուրը մոտենա, չեն վնասի:

-Միշտ երազել եք շուն պահել. բացի կացարանում պահվող շներից, տանը ունե՞ք կենդանիներ:

-Ես ունեմ շուն, որը Դինգոն է, որի անունով էլ հենց մեր թիմը կոչվում է և կատու: Շանս նվիրել են ընկերուհիներս ծննդյանս կապակցությամբ: Արդեն 15 տարի  պահում եմ Դինգոյին և նա արդեն, կարելի է ասել, պառավ կին է, իսկ կատվիս երեք ամիս է, ինչ խնամում եմ: Նրան էլ փողոցում գտա և քանի որ կույր էր և գնալու տեղ չուներ, որդեգրեցի:

-Ի՞նչ կասեք տանը կենդանիներ պահելու համար սահմանվող հարկի մասին:

-Այդ օրենքը 2009 թվականից կա և այս տարի ընդհանուր փաթեթով նորից հաստատվեց, բայց ոչ մի տուրքի գանձում դեռ չի եղել, ընդամենը երկու առանձնահատուկ դեպք է գրանցվել, որի համար ուղարկվել է տուրքի ծանուցում և ամբողջ աղմուկը դրանից է առաջացել: Այս պահին քաղաքապետարանը դեռ չի պլանավորում նման տուրք:

-Ավագանու անդամ դառնալը արդյո՞ք չի դժվարացրել շների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը:

-Ավագանուց բացի, իմ կենտրոնի կազմակերպական հարցերը, ընտանիք, երեխա, սեփական կենդանիներ, այսինքն՝ ֆիզիկական առումով դա ինձ համար բավականին լուրջ ծանրաբեռնվածություն է: Իհարկե, հոգնածությունը մի քիչ ավելի շատ է, բայց իրականում ինչքան ավելի ծանրաբեռնված ես լինում, այնքան ավելի շատ բան ես հասցնում անել:

-Վերջին կես տարում հայտնի՞ են ձեզ մարդկանց նկատմամբ փողոցային շների ագրեսիվության դեպքեր:

-Հուլիսի 3-ից ոլորտը, կարելի է ասել, բարձիթողի վիճակում է, քանի որ «Յունիգրաֆ իքս»-ը, որը նախկինում զբաղվում էր կենդանիների խնամքով, դատվեց, իսկ նրանք ստերջացում չէին արել, հետևաբար շները սկսեցին բազմանալ, մինչև նոր քաղաքապետարան ձևավորվեց, բավականին երկար ժամանակ անցավ և դրա արդյունքում, այո՛, որոշակի ոհմակներ են գոյացել, որոնք անհանգստացնում են մարդկանց, բայց, եթե մարդիկ մի փոքր էլ համբերատար լինեն, այդ հարցը շուտով կլուծվի:

-Արդյո՞ք ձեր քաղաքական դիրքը օգտագործելու եք կենդանիների պաշտպանության բնագավառում:

-Ես իմ ունեցած «ամեն ինչը» օգտագործում եմ ի պաշտպանություն կենդանիների և, որպես ավագանու անդամ, քաղաքապետարանում իմ առաջնային նպատակը կենդանիների և մարդկանց փոխհարաբերությունների կարգավորման հարցն է: Ավագանու կազմում ստեղծել ենք կենդանիների մասով աշխատանքային խումբ, որի նախագահն ընտրվել եմ ես, և այս 5 տարիների ընթացքում անելու ենք ամեն ինչ՝ կենդանիների և մարդկանց  իրավիճակը հնարավորինս բարելավելու համար:

Հարցազրույցը՝ Մերի Մնոյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ