Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին

«Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես 
Թումանյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղը, ամենայն հայոց բանաստեղծի դիմանկարները, նրա հեքիաթների հերոսներին պատկերող և այլ թեմաներով 45 կտավ ներկայացված է «Նոր սերունդ, նոր անուններ» վերտառությամբ ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում, որոշեցինք նախաձեռնել այս ցուցահանդեսը: Այն նպատակ ունի հանրահռչակել պատանի նորահայտ նկարիչներին: Ցուցահանդեսի իրականացման համար հայտարարել էինք մրցույթ` նշելով, որ բոլոր պատանի նկարիչները, որոնք ցանկանում են, որ այստեղ ընդգրկվեն իրենց ստեղծագործությունները, կարող են ներկայացնել այնպիսի գործեր,  որոնք սիրով կնվիրեին Թումանյանին: Ստացել ենք 40 հայտ, ընտրվել է 27 նկարչի աշխատանք»,-պատմեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Մարիամ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Թումանյանին նվիրված միջոցառումների շրջանակում «ԱրթԶ»-ն Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին,  գրքահավաք է կազմակերպելու Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում:

Նկարչուհի Մանու Հարությունյանը, որը երկու կտավ է ներկայացրել ցուցահանդեսին, խոստովանեց, որ դրանցից մեկում պատկերված են իր կոշիկները, իսկ մյուսում` ծաղկեփունջ: «Սա այն փնջերից է, որոնք սովորաբար ստանում եմ ցուցահանդեսներից հետո: Դրանք թոշնելու հատկություն ունեն. փնջերն անմահացնելու, դրանք հիշելու նպատակով անպայման նկարում եմ»,-խոստովանեց նկարչուհին:

Խոսելով ցուցահանդեսի մասին` նա ասաց, որ յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործող պետք է օգտագործի ցուցադրվելու և ներկայանալու բոլոր հնարավորությունները:

Արվեստաբան Սաթենիկ Վարդանյանի խոսքով` Հովհաննես Թումանյանը  սերունդներին է փոխանցել ապրելու, արարելու, ստեղծագործելու, միմյանց հետ հարաբերվելու, բարու և ճշմարտության ճանապարհով առաջնորդվելու ճանապարհը: Նա շեշտեց, որ ժամանակակից սերնդի ներկայացուցիչների համար ցուցահանդեսը ինքնադրսևորվելու լավ հարթակ է:

Ցուցահանդեսը կյանքի կոչվեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Նկարիչների միության աջակցությամբ:

Այն բաց կլինի մինչև փետրվարի 18-ը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]