Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվեց Էդվարդ Վան Դեն Հոյվելին, Ալեքսանդր Տուտուկովին և Լև Յունգելսոնին

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվեց Էդվարդ 
Վան Դեն Հոյվելին, Ալեքսանդր Տուտուկովին և Լև Յունգելսոնին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, շարունակելով կարևորել գիտության զարգացումը, անվանի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թ. միջազգային մրցանակները հանձնեց գիտնականների խմբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակները շնորհեց Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտութան ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և նույն ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին:

«Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարևորությունը: Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Որքան փառապանձ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու միջազգային հեղինակությունը: Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով նորանկախ պետություն` Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է  իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց` նաև, որ դեռ շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ:

«Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը» տրվում է  աշխարհի ականավոր գիտնականներին աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի ասպարեզներում ստացած կարևորագույն գիտական արդյունքների համար ամեն երկու տարին մեկ անգամ: Գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց, որ մինչ 2018 թ. ապրիլի ամիսը ստացվել են 14 տարբեր առաջարկ-ներկայացում գիտությունների ակադեմիաներից և այլ խոշոր գիտական կենտրոններից: Հանձնաժողովը որոշել է մրցանակը շնորհել խմբին, որն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի կողմից «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելյատիվիստական կրկնակիրների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում» առաջնային ուսումնասիրությունների համար:

Մրցանակակիր  Էդվարդ Վան Դեն Հոյվելը նշեց` իր համար մեծ պատիվ է ստանալ աշխարհահռչակ աստղագետ և նախկին Խորհրդային Միության ամենահայտնի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը: «Ինչպես իմ հայրենիքը` Հոլանդիան, Հայաստանը ևս փոքր երկիր է: Սակայն աստղագիտության մեջ Հայաստանն ամենևին էլ փոքր չէ: Հայաստանը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ, որոնք աշխատում են աշխարհի շատ երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և, անշուշտ, Հայաստանում»,-ասաց նա ու շեշտեց` աստղագիտության մեջ Հայաստանը հիրավի մեծ երկիր է:

Լև Յունգելսոնը նշեց` մրցանակը աստղաֆիզիկայի ոլորտում գոյություն ունեցող պատվավոր մրցանակ է: Դրա համար մեծ պատիվ է այն ստանալ: «Ես մրցանակ եմ ստացել այն աշխատանքի համար, որի համար սկսել եմ աշխատել, երբ դեռ ասպիրանտ էի: Գումարը կծախսեմ աստղագիտության ոլորտին աջակցության համար: Կտրամադրվի նաև երիտասարդ աստղագետների աջակցության համար»,-ասաց մրցանակակիրը:

«Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը» տրվում է  2010 թ. սկսած: Գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամներն են աշխարհի հանրահայտ գիտնականներ` Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Բրայան Շմիդտը, պրոֆեսոր Երվանդ Թերզյանը, պրոֆեսոր Վահե Պետրոսյանը և այլք: Մրցանակը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար:, որից 200 հազար դոլարը տրվել է մրցանակակիրներին, 100 000 դոլարի չափով միջոցները հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվելու են Հայաստանում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]