Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորություններ է տեսնում

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ 
հնարավորություններ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ: Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց շուկայի ընձեռած առավելություններն ու արտահանման առումով երբեմն առաջացող խոչընդոտները:

«Հայաստանի արտահանման շուկայում մոտ 688 մլն դոլարի արտահանում բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային: Նույն ծավալով արտահանվում է ԵՄ շուկա և մոտ մեկ միլիարդ էլ` այլ շուկաներ: Այսինքն` արտահանման մոտ 25-26 տոկոսը բաժին է ընկնում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումներին: Եվրասիական շուկա Հայաստանից արտահանվում են հիմնականում ծխախոտ, խմիչքներ, կոշկեղեն, տրիկոտաժ, տեքստիլ, կապի միջոցներ, թարմ միրգ, բանջարեղեն, պահածոյացված բանջարեղեն, թարմ ձուկ, խեցգետին: Ամենակարևորն այն է, որ ԵԱՏՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք»,- ասաց Բաբայանը:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվալների համաձայն` 2018-ի հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 989 մլն  499.9 հազար դոլար, որը 2017թ. համեմատ աճել է 11.3 տոկոսով:

Փոխնախարարն արտահանման աճի այս տեմպը դրական ցուցանիշ է համարում և կարծում է` այն զարգանալու միտում ունի: Բաբայանի կարծիքով` այն հնարավորությունները, որ առկա են եվրասիական շուկա արտահանում անելու համար, պետք է մաքսիմալ օգտագործել:

Արտահանման ամենամեծ ծավալը ԵԱՏՄ երկրներից բաժին է ընկել Ռուսաստանին` 666 մլն 501.7 հազար դոլար: Փոխնախարարը դա պայմանավորեց նրանով, որ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով ավանդաբար եղել է Հայաստանի ամենամեծ գործընկերը: «Եվ դրանով է պայմանավորված, որ Ռուսաստան արտահանում ենք ավելի մեծ ծավալով ապրանքներ: Նաև Ռուսաստանի շուկան լոգիստիկ առումով ավելի մատչելի է, այն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ մյուս պետություններինը»,-նշեց նա:

Նախորդ տարի  նվազել է ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ արտահանումը` մոտ 45 տոկոսով` կազմելով ընդամենը 970.5 հազար դոլար: Նման նվազումը փոխնախարարը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Հնարավոր է, որ այդ ապրանքներն ավելի նպատակահարմար է եղել արտահանել այլ շուկա: Դրանք են շոկոլադը, խմիչքը, միրգը, բանջարեղենը: Հայաստանից կան տնտեսավարողներ, որոնք ծառայություն են մատուցում Ղրղզստանում, հետևաբար քաղաքական որևէ խոչընդոտ չունենք այս երկրի հետ»,-նշեց նա:

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության, արտահանման խոչընդոտերին` Բաբայանը նշեց, որ արտահանման համար տեխնիկական խնդիրներ լինում են անդամ բոլոր երկրների մասով: Օրինակ՝ Հայաստանից Բելառուս արտահանման համար ալկոհոլային խմիչքների և ծխախոտի համար առկա է սահմանափակում, որը բարդացնում է ապրանքների մուտքն այդ շուկա: «Սակայն նախորդ տարվա 6 ամսվա կտրվածքով տեսնում ենք, որ արտահանվել են նոր ապրանքներ, որոնք նախկինում չէին արտահանվել: Հայաստանն արդեն այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկ է ներկայացրել ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովին: Եվ դա քննարկման փուլում է»,-ներկայացրեց փոխնախարարը:

Նախորդ տարում ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 924 մլն 443.8 հազար դոլար, որը 2017-ի համեմատ աճել է 11.2 տոկոսով: 9.1 տոկոս առևտրաշրջանառության աճ է նկատվել նաև Բելառուսի հետ՝ կազմելով 50 մլն 326.2 հազ. դոլար: Ղազախստանի հետ աճը եղել է աննախադեպ տեմպերով՝ 50 տոկոսով: Առևտրաշրջանառությունն այս երկրի հետ կազմել է 13 մլն 459.2 հազ. դոլար՝ նախորդ տարվա 8 մլն 972.8 հազ. դոլարի համեմատ: ԵԱՏՄ մյուս երկրի Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը, սակայն, նվազել է մոտ 31 տոկոսով՝ կազմելով ընդամենը 1 մլն 270.7 հազ. դոլար:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]