Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը 2019-ին նախատեսում է ստերջացնել Երևանում թափառող էգ շների շուրջ 75 տոկոսը

Քաղաքապետարանը 2019-ին նախատեսում է ստերջացնել Երևանում թափառող էգ 
շների շուրջ 75 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին փետրվարի 12-ին կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հետ կապված հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով: Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ: 

Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Տարիներ շարունակ ոլորտում առկա խնդիրները լուծելու գործում ոչ հետևողական մոտեցումների պատճառով մայրաքաղաքում ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: 

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը: Ողջունելով ՀՈԱԿ-ի ստեղծման նախաձեռնությունը և գործընթացն անմիջականորեն համայնքի կողմից իրականացնելն ու վերահսկելը՝ ավագանու անդամները համոզմունք են հայտնել, որ կյանքի կոչվող ծրագիրն իր կարևորությամբ կառանձնանա թե՛ կենդանիների, թե՛ քաղաքացիների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]