Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը մասնակցել է ԱլԳ Ձմեռային ակադեմիայի աշխատանքներին


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի հրավերով մեկօրյա այցով Թբիլիսում է գտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բացման խոսքով հանդես է եկել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)  կազմակերպած Ձմեռային ակադեմիայի աշխատանքների մեկնարկի միջոցառմանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Տիգրան Գալստյանը շեշտել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համագործակցության առկա ձեւաչափը, չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, ապացուցել է իր արդյունավետությունն ու բոլոր մասնակիցների համար օգտակարությունը:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Վրաստանի խորհրդարանում պաշտոնական հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատակազմերի զարգացման հեռանկարներին եւ երկկողմ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին:

Որպես աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար՝ Տիգրան Գալստյանը ներկայացրել է ՀՀ նորընտիր Ազգային ժողովի աշխատակազմի խնդիրներն ու դրանց լուծման իր տեսլականը:

Տիգրան Գալստյանն ու Գիվի Միկանաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել Արեւելյան գործընկերության ձեւաչափից զատ ակտիվացնել համագործակցությունը բազմակողմ այլ ձեւաչափերում եւս, նախանշել առաջիկա երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Նույն օրն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Վրաստանի Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեի հետ:

Զրուցակիցները երկուստեք ներկայացրել են խորհրդարանների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաեւ փոխանցել խորհրդարանական վերահսկողության ուղղությամբ իրենց օրենսդիր մարմինների առկա հնարավորությունները ու իրացման փորձառությունը: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ