Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում. ՄԱՍ 3 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում. ՄԱՍ 3 
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված ելույթը:

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

«Շատ կարևոր մի հանգամանք եմ ուզում ընդգծել ոչ միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, այլև ընդհանրապես ներդրումային միջավայրի բարելավման տեսակետից: ՀՀ կառավարությունն ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի և արդյոք այս ընթացքում որևէ գործիքակազմ կիրառվել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրը բարելավելու համար, և ընդհանրապես դա ի՞նչ է նշանակում: Անկեղծ ասած, մեր պատկերացմամբ, երկրի ներդրումային վիճակի բարելավում նշանակում է առաջին հերթին երկրի միջազգային իմիջի բարելավում, որովհետև եթե որևէ տեղից միջազգային բիզնեսը ստանում է նեգատիվ ազդակներ, նեգատիվ լուրեր, այդ թվում՝ քաղաքական միջավայրի վերաբերյալ, դա բնականորեն պետք է ազդի այդ երկրում ներդրումների գրավչության վրա: Եվ այս առումով, կարող եմ ասել, որ հիմա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բոլորովին այլ իրավիճակում, որովհետև երկար տարիներ ՀՀ-ում հիմնական դիսկուրսը եղել է այն, որ գումարներ ծախսենք, որպեսզի CNN-ով, BBC-ով, աշխարհի առաջատար այլ լրատվամիջոցներով Հայաստան անունը հնչի, Հայաստանի մասին պատմեն, պատմեն, որ Հայաստանում դրական միջավայր և դրական փոփոխություններ կան: Եվ ըստ էության, անցած տարվա ապրիլ-մայիսից այս պրոցեսը շարունակվում է և Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր գնալով առավել ու առավել ճանաչելի է դառնում միջազգային հանրության համար: Այս պրոցեսը շարունակվում է այսօր և շարունակվելու է վաղը, իհարկե, եթե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կուրսը հստակ շարունակվի, իսկ որ դա կշարունակվի, կարծում եմ որևէ կասկած չկա:

Ամենապարզագույն օրինակը, այն որ Economist միջազգային հեղինակավոր հանդեսը Հայաստանը ճանաչում է որպես տարվա երկիր, սա ևս մեկ ներդրում է Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման համար: Այն, որ միջազգային մամուլում անընդհատ գրվում է Հայաստանի մասին, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական պրոցեսների մասին, միջազգային հեղինակավոր հանդեսների առաջին էջերի շապիկներին հայտնվում է Հայաստան անունը՝ դա ներդրումային միջավայրի չափազանց կարևոր բարելավում է, ինչը իհարկե է պետք է ուժեղացնել այլ ազդակներով, օրենսդրության, կարգավորումների բարելավումներով և իհարկե ներդրումային նախաձեռնությունների ու նախագծերի ուղեկցությամբ, ինչը մեր կառավարության համար կարևոր առաջնահերթություն է: Մենք մտադիր ենք առաջիկայում ՀՀ-ում ստեղծել ներդրումային հայկական ֆոնդ, որի նպատակը կլինի յուրաքանչյուր ներդրումային ծրագրի մեկնարկի պահից ուղեկցել մինչև ի կատար ածումը, ինչպես նաև իրականացնել հետներդրումային սապասարկում:

Այս տեսակետից, չափազանց կարևոր եմ համարում Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում էական փոփոխություններ մտցնելը: Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ այնքան և ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլև ֆունկցիոնալ փոփոխությունները և մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ, որովհետև եթե միևնույն գործառույթն իրականացնում են մի քանի կառույցներ, կարող ենք արձանագրել, որ այդ գործառույթները փաստացի չեն իրականացվում: Ընդհանուր առմամբ, դրդապատճառներից մեկը, որ որոշեցինք, որ ՀՀ-ն պետք է չունենա Սփյուռքի նախարարություն՝ հենց սա էր, որովհետև Սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում էին այլ նախարարությունների կողմից: Խոսքը կրթական, մշակութային, երիտասարդական, կազմակերպական գործառույթների մասին է: Եվ սրա փոխարեն, կարևոր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն Սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, ըստ էության չէին իրականացվում: Եվ ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ կառավարությունը միտված է ՀՀ կառավարության կառուցվածքում չունենալ Սփյուռքի նախարարություն: Սրա փոխարեն ՀՀ վարչապետի աշխատակազմում մենք կունենանք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի Սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև վարչապետի հանձնարարությամբ կկոորդինացնի նախարարությունների աշխատանքը Սփյուռքի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ ապահովելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բավական բարձր և պատշաճ մակարդակ:

 

Բայց այս տրամաբանության մեջ մեր կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերություններում երկու խնդիր է դրել իր առաջ, որոնք ըստ էության, պետք է անվանել հեղափոխական: Առաջինը, որքան էլ զարմանալի լինի, մենք անկախության ձեռքբերման առաջին օրերից խոսելով Սփյուռքի ներուժի մասին՝ մինչ օրս չունենք Սփյուռքի ներուժի քարտեզագրում: Մենք մինչև այսօր չգիտենք, թե որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունի Սփյուռքը, ազդեցության ինչպիսի միջավայր և ծավալ: Հետևաբար, այս ամբողջ համակարգը բավարար չափով կազմակերպված չէ և եթե նկատել եք՝ կառավարության գործունեության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը: Մենք կունենանք մի համակարգ, որն իր մեջ կներառի ամփոփ և կիառելի ամենօրյա տեղեկատվություն, թե Սփյուռքի որ հատվածում մենք ինչպիսի պոտենցիալ ունենք և այդ պոտենցիալի հետ կառավարությունն ինչ համագործակցություն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Իհարկե, Սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություններ և ծառայություններ ու մենք ամեն ինչ պետք է անենք դրանք պատշաճ մակարդակով ապահովելու համար:

Հաջորդ կարևորագույն խնդիրը և գործոնը, որ մենք առաջադրում ենք ինքներս մեզ և բոլորիս, և որի լուծումը չափազանց բարդ է և մեծ մարտահրավերների հետ է կապված լինելու, բայց մենք միևնույն ժամանակ բոլորիս կոչ ենք անում չհուսահատվել այդ խնդրի լուծման ճանապարհին, ոքան էլ մեծ լինի բարդությունը, դա Սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի և միասնական կազմակերպության կամ ֆորմատի ստեղծումն է: Մենք պետք է կարողանանք ձևավորել և ձևակերպել կոնկրետ հասցե՝ արձանագրելու համար, թե Սփյուռքի հետ խոսելու համար մենք ում հետ պետք է խոսենք: Շատ հարցեր կան կառավարության, քաղաքական օրակարգում, երբ ասվում է, որ այս հարցերը պետք է քննարկել Սփյուռքի հետ, իսկ կոնկրետ ո՞ւմ հետ, որովհետև Սփյուռքը շատ մեծ ծավալներ ունի և շատ ընդգրկուն է: Կան հազարավոր կազմակերպություններ և եթե նույնիսկ ֆիզիկապես նրանց մի մասի հետ հնարավոր է քննարկել, ապա մյուս մասի և բոլորի հետ հնարավոր չէ քննարկել: Եվ ամեն անգամ քննարկումների պրոցես սկսելիս միշտ առաջանում է գայթակղությունը, որ Սփյուռքի ինչ որ մի հատված իրեն մեկուսացած կզգա պրոցեսից և կհամարի, որ ՀՀ կառավարությունն ընդհանրապես իր հետ այդ հարցը չի քննարկել: Հետևաբար, մենք խնդիր ունենք ձևավորելու ամբողջ Սփյուռքը ներկայացնող ինչ որ ներկայացուցչական կառույց և մենք բոլորս հասկանում ենք, որ սա լինելու է չափազանց մեծ մարտահրավեր և լրջագույն խնդիր, որովհետև գիտեք, որ Սփյուռքը բազմաշերտ է, շատ բարդ է, այնտեղ կան բազմաթիվ հարաբերություններ, հակասություններ: Այսօր մենք ունենք նաև մի իրավիճակ, որ սփյուռքահայության մի զգալի հատված դուրս է մնացել Սփյուռքի կազմակերպման մեզ հայտնի և ավանդական շրջանակից և մենք խնդիր ունենք այդ պոտենցիալը կենտրոնացնել ու այդ պոտենցիալի և ՀՀ-ի հարաբերությունների համար ստեղծել պլատֆորմ, ստեղծել կոնկրետ հասցե: Եվ երբ այդ պլատֆորմի հետ մենք քննարկած լինենք որևէ հարց՝ ունենանք լեգիտիմ իրավունք՝ ասելու, որ այս հարցը քննարկվել, համաձայնեցվել է Սփյուռքի հետ:

Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի պատգամավորներ,

Առանձնահատուկ ուզում եմ կարևորել նաև կառավարության կառուցվածքի փոփոխության առումով այն հարցը, որ մենք մտադիր ենք նաև մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միավորել և դարձնել մեկ միասնական կառույց: Սա նույնպես մեզ համար կարևոր, սկզբունքային հարց է և մեզ համար ծրագրային թեզ է, որովհետև մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրացվեն և ունենան ինստիտուցիոնալ զարգացումներ: Եվ այդ զարգացումների մեջ մենք շատ կարևոր ենք համարում մշակույթի, կրթության և իրականության կապը: Մշակույթը մեզ համար առաջին հերթին կրթական գործոն է և մեր կառավարության ծրագիրն ու քաղաքականությունն ուղղված է լինելու մշակույթը և մարդկանց միմյանց հետ կապելը, մշակույթի կիրառման, արծարծման միջոցով ՀՀ-ում միջանձնային, տնտեսական, քաղաքական հարաբերությունները փոխելը, հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: Ասել եմ և ասում եմ, որ մշակույթը, մշակութային քաղաքականությունը մեզ համար ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը բարձրացնելն է: Եվ այս խնդիրն անհնար ենք համարում լուծել առանց մշակույթի ամենօրյա կիրառման, որովհետև մշակույթը մեզ համար առաջին հերթին մի միջոց է, որը պետք է նպաստի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և ընդհանրապես հայ հանրության կրթական ցենզի շարունակական բաձրացմանը, որն ինչպես արդեն իմ խոսքի նախորդ մասում ասացի՝ էական նշանակություն ունի Հայաստանում տնտեսական փոփոխություններ իրականացնելու առումով:

Կարծում եմ, չափազանց կարևոր է անդրադառնալ նաև Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ մեր պատկերացումներին: Վերջին ամիսներին Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցած զարգացումների ամենատարբեր վարկածներ են հնչում, ամենատարբեր քննարկումներ են տեղի ունենում և ինչպես գրված է կառավարության ծրագրում՝ մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում: Եվ, ըստ էության, մեր կառավարությունը հավատարիմ է մնացել, վարչապետ ընտրվելուց հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում հայտարարել եմ, որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ, պատրաստ եմ և պետք է բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև չունեմ Արցախի վարչապետի կամ նախագահի կարգավիճակ, որովհետև ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Արցախի վարչապետը չեմ՝ իհարկե, այն ընդգծումով, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ, ըստ էության, մեր կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Գիտեք, որ այս պատմությունը և մոտեցումը նոր չէ և սա ունի նախկինից հայտնի մի քանի կարևոր զարգացումներ և այս ընթացքում ձևավորվել է որոշակի բովանդակություն: Ո՞րն է այդ բովանդակությունը: Ըստ էության, Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում այս ընթացքում եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ բանակցային գործընթացում Արցախի ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ, որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմն իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի և խնդիրը հետևյալն է: Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել է և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին: Ըստ էության, անգամ տեղի չի ունեցել մեկ բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի և մասնակցություն չունենա: Ի՞նչպես: Մի պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ, հետևաբար, Ադրբեջանի նախագահն ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և հետևաբար Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունը և Ադրբեջանի խորհրդարանն ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Ադրբեջանում նախագահական, խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործում են ընտրական տեղամասեր և ասվում է, որ դրանք Ղարաբաղի ընտրական տեղամասերն են: Եթե չեմ սխալվում՝ Ադրբեջանում գոյություն ունեն նույնիսկ Աղդամի, Ստեփանակերտի ընտրական տեղամասեր և այդպես շարունակ: Հետևաբար, Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցը, Ադրբեջանն իր հերթին կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը, մի շարք հարցեր է առաջացնում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի գործող իշխանությունը հայտարարում է ի սկզբանե, որ ինքը չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում: Սա շատ կարևոր նրբություն է և ես ուզում եմ այս միտքը շատ մանրամասն պարզաբանել: Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել և Ադրբեջանի ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ ինքը լիազորված չէ ներկայացնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, այստեղ հետևաբար հարց է ծագում, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն արդյոք լիազորված է ներկայացնել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, որոշակի ռեգիոնների, թե մենք պետք է ստուգենք այդ լիազորությունը: Հետևաբար, եթե  Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը և Ադրբեջանի ժողովրդին, ապա ի՞նչ մանդատով է այդ կառավարությունն ընդհանրապես մասնակցում բանակցություններին: Մեր կառավարությունը շատ ուղիղ ասում է՝ մենք չունենք մանդատ և լիազորություն ներկայացնել Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում, հետևաբար, Ղարաբաղի քաղաքացիներն իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել խորհրդարանական ընտրություններում և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով: Սրա փոխարեն նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը և իրենք ունեն իրենց ներկայացուցիչները բանակցություններում ներկայանալու: Ես այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթանում Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու վերաբերյալ՝ իրականում համարում եմ բավականին լուրջ առաջընթաց, որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում: Մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ:

Սիրելի պատգամավորներ,                  

Արդեն ասել եմ, որ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը և դա համարում եմ մեր կառավարության կարևոր հաջողություններից մեկը: Ըստ էության, համակարգային կոռուպցիայի մեջքը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք: Եվ ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարում հետևյալն է, որ մենք պետք է ուժեղացնենք բոլոր այն լծակները, որոնցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում Հայաստանի Հանրապետության ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ: Թեզը հետևյալն է, որ ՀՀ ցանկացած պետական պաշտոնյա և պետական պաշտոնի հավակնող մարդ ՀՀ-ում գործող լիազորված մարմնին պետք է տա նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որ այդ մարմինն աշխարհի ցանկացած տեղում իր անունից կարող է փնտրել, գտնել, այսինքն արձանագրել իր ունեցած գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկություն ներկայացնել հանրությանը: Որպեսզի այս թեզն առավել հասկանալի լինի՝ խնդիրը հետևյալն է, բերեմ իմ օրինակի վրա. եթե ես հավակնում եմ ՀՀ վարչապետի կամ ԱԺ պատգամավորի պաշտոնին, պետք է պետական լիազոր մարմնին տամ լիազորություն, որ նա աշխարհի ցանկացած վայրում հնարավորություն ունենա իմ անունից, այսինքն որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ, ոչ թե որպես հետաքննության մարմին, որի գործունեության համար կարող են լինել խոչընդոտներ, համաձայնություն, ընթացակարգ և այլն, այլ որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ իմ անունից աշխարհի ցանկացած վայրում, օֆշորային, ոչ օֆշորային գոտիներում փնտրել, տեղորոշել իմ և իմ հարազատների անունով ունեցած գույքը և այդ մասին տեղեկություն տալ հանրությանը: Ավելին, բոլոր այն պաշտոնյաները, պաշտոնների թեկնածուները, որոնք հրաժարվում են համապատասխան մարմին այդպիսի լիազորագիր տալ, նրանք ուղղակի պետք է զրկվեն ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Այստեղ արդեն քանի ամիս իրավաբանների հետ շատ բուռն բանավեճեր են տեղի ունենում, թե արդյոք նման քաղաքական գիծ տանելով մենք չենք ոտնահարում մարդկանց իրավունքները: Ես կարծում եմ, որ չենք ոտնահարում մարդկանց իրավունքները, որովհետև մենք բոլորին չենք պարտադրում այդպես վարվել, մենք այդպես պարտադրում ենք այն մարդկանց, ովքեր հավակնում են լինել պետական պաշտոնյա, ովքեր հավակնում են ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Հետևաբար, այդ մարդկանց ծառայության վերցնող ժողովուրդը պետք է 100 տոկոսանոց թափանցիկության երաշխիք ունենա արձանագրելու, թե պաշտոնը ստանձնելիս այս մարդն ինչ ուներ, որտեղ ուներ, ինչքան ուներ, ընթացքում ինչ ունի, որտեղ ունի ինչքան ունի և պաշտոնից հեռանալուց հետո նրա գույքային իրավիճակն ինչպես է փոխվել: Սա, ըստ էության, մի գործիք է, որ երաշխավորում է ՀՀ-ում կոռուպցիան վերացնելը: Եվ այս առումով ես չափազանց կարևոր եմ համարում, որ Հայաստանում իսկապես ստեղծվի իրական հակակոռուպցիոն մարմին: Գիտեք, շատ մեծ և լուրջ բանավեճի թեմա է, թե հակակոռուպցիան այդ մարմինն ինչ լիազորություններ ունենա՝ քննչական, հետաքննչական, նախաքննական, օպերատիվ, հետախուզական, դա բոլորովին ուրիշ թեմա է, որը պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկել: Ըստ էության, այս պրոցեսը կարող է տեղի ունենալ փուլային տարբերակով, բայց որ ՀՀ-ում պետք է լինի հակակոռուպցիոն մարմին՝ դա միանշանակ է:

Ուզում եմ արձանագրել նաև հետևյալը. ՀՀ-ում հեղափոխությունից հետո վերջին ամիսներին հակակոռուպցիոն բավականին լայն պայքար է ընթացել, բայց այսօր Ազգային ժողովի ամբիոնից ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնող մարմինները, քննչական մարմինները կարիք ունեն ապացուցելու իրենց առավել մեծ գործունակությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որովհետև կարծում եմ, որ հետհեղափոխական ոգևորությունից հետո հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն բացահայտումների մակարդակը, գործողությունը որոշակի տեղապտույտի վիճակում է հայտնվել և իմ ուղերձը եղել է և կա մեր իրավապահ մարմիններին, որ նրանք պետք է լինեն առավել արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարում: Եվ սա չափազանց կարևոր է:

Տնտեսական միջավայրի բարելավման առումով իհարկե մեզ համար չափազանց կարևոր է անկախ դատական համակարգի կայացումը և ուզում եմ ասել հետևյալը. տեսեք, շատ են խոսում ծրագրային դրույթների մասին, շատ են խոսում, թե ինչ է գրված և ինչպես է գրված որևէ ծրագրում, կամ ինչ է հռչակված: Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մեր կառավարությունն իր գործունեության վերջին 10 ամսվա ընթացքում դատական իշխանության անկախությունն ապահովելու առումով հասել է աննախադեպ հաջողությունների, այն առումով, որ կառավարությունը հստակ որդեգրել է և հստակ պահում է իր քաղաքական պարտավորությունը՝ չմիջամտել դատական համակարգի գործերին: Իհարկե, այս իրավիճակը նաև որոշակի խնդիրներ է առաջացնում նաև հանրային ընկալման շրջանում: Բայց ես ուզում եմ ասել, որ մեր պատկերացմամբ, դատական համակարգի անկախությունն ապահովելու կարևորագույն երաշխիքը հենց սա է: Պետք է ՀՀ-ում լինի իշխանություն, որն ունենա քաղաքական կամք ապահովելու անկախ դատական համակարգի գործունեությունը, որն ուժ ունենա առերեսվելու երկրում անկախ դատական համակարգի գոյության հետ: Եվ ես կարող եմ արձանագրել, որ ՀՀ-ում հաստատված է այդպիսի կառավարություն և ՀՀ կառավարությունը չի շեղվելու այս ուղեգծից, որովհետև սա մեզ համար չափազանց կարևոր և սկզբունքային հարց է:

Ընդհանուր առմամբ, մենք այստեղ տեսել ենք և տեսնում ենք ռիսկեր, որ Հայաստանի դատական համակարգը ցավոք սրտի սովոր է աշխատել որոշակի հրահանգավորման մեխանիզմների շրջանակում: Եվ այն պայմաններում, երբ առաջանում է վակուում՝ հիմնական ռիսկը հետևյալն է, թե արդյոք կառավարության հրաժարումի պայմաններում չեն ձևավորվում հրահանգավորման այլ մեխանզիմներ այլ տեղերից, իշխանության տարբեր օղակներից,  իշխանությունից դուրս գտնվող օղակներից: Սրանք ռիսկեր են, որոնք իհարկե ՀՀ կառավարությունը պետք է կառավարի, բայց ընդհանուր առմամբ, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատական համակարգում տեղի են ունենում առողջացման գործընթացներ, ինչը չի նշանակում, որ ՀՀ դատական համակարգը գործում է անթերի և անսխալ, ինչը նշանակում է, որ ՀՀ դատական համակարգը գործում է նոր պայմաններում և խնդիր ունի ադապտացվել այդ նոր պայմաններին:

Սիրելի հայրենակիցներ, հասկանալի է, որ ընդհանուր առմամբ կառավարության գործունեության ամենակարևոր արգասիքը պետք է լինի տնտեսական արդյունքը: Եվ մենք քաղաքական, իրավական այս պրոցեսների մասին խոսելով առաջին հերթին նկատի ենք ունենում Հայաստանում տնտեսական համակարգի և իրավիճակի փոփոխությունները: Այդ առումով, արդեն ասացի, որ մեր պատկերացմամբ կառավարությունը տնտեական փոփոխությունների և տնտեսական հեղափոխության մասնակիցն է միայն: Եվ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի քաջալերելը մարդկանց, որպեսզի նրանք օգտվեն ընձեռված հնարավորություններից:  

Բայց այնուամենայնիվ, կա մի ոլորտ, որտեղ կառավարության պարտավորությունը հստակ է, միանշանակ և աներկբա. դա ենթակառուցվածքների որակն է և ենթակառուցվածքների վիճակը: Այս առումով, կառավարության համար առաջնային նշանակություն ունեն Հայաստանում ենթակառուցվածքների որակը և ենթակառուցվածքների վերափոխումները: Խոսքը  վերաբերում է ավտոճանապարհներին, ջրային ենթակառուցվածքներին, չնայած այս համակարգում նույնպես մեր ռազմավարական մոտեցումն է օգտվել պետություն-մասնավոր ընձեռած հնարավորություններից:

Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարության կարևորագույն տեսլականներից մեկը Հայաստանում ջրամբարաշինությանը նոր թափ հաղորդելն է, որովհետև դա, կարծում ենք, որ էական նշանակություն ունի նաև աղքատության հաղթահարման ճանապարհին: Մեր ռազմավարական նպատակն է, որ ՀՀ-ում ոռոգման ջուրը լինի նույնքան հասանելի, պայմանական ասած, ինչքան հասանելի է էլեկտրական հոսանքը: Չնայած մենք գիտենք, որ զուտ բիզնեսի առումով էլեկտրական հոսանքի հասանելիության համար մենք բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ ունենք, բայց դա բոլորովին ուրիշ թեմա է:

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել հետևյալը, որ մենք, իհարկե, շատ կարևորում ենք արտաքին պարտքի ցածր բեռ ունենալու հանգամանքը, բայց և կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Հայաստանի կառավարությունն ի վիճակի կլինի երաշխավորել արտաքին ներգրավված միջոցների և, ընդհանրապես, պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, պետք է չխուսափել նաև արտաքին ներդրումների և վարկերի միջոցով ՀՀ-ում ջրային, ավտոտրանսպորտային ենթակառուցվածքների որակն էականորեն բարձրացնելու տրամաբանությունից: Կառավարությունը լրջորեն քննարկում է այս հնարավորությունը և կառավարությունը պիտի լրջորեն գնա այս ճանապարհով, իհարկե այդ ընթացքում խորհրդարանի դերը և խորհրդարանի խոսքը շատ կարևոր է լինելու, և մենք հույս ունենք, որ այս իմաստով նույնպես կկարողանանք հասնել արդյունավետ համագործակցության:

Շուկայի կառուցվածքի փոփոխության առումով մեր կառավարությունը չափազանց կարևոր է համարում կապիտալի շուկայի կայացումը և չափազանց կարևոր է համարում ՀՀ քաղաքացիներին ներդրումների հնարավորություններ տալը: Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի մեծագույն թերություններից մեկն այն է, որ ըստ էության, ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունները ներդնելու այլընտրանքային տեղ չունեն, բացի բանկային համակարգից, որտեղ նրանք հնարավորություն ունեն իրենց խնայողությունները ներդնել և ստանալ բանկային որոշակի տոկոսներ: ՀՀ կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկան զարգացնելու առումով, այն իմաստով, որ մասնավոր և պետական արժեթղթեր դրվեն շրջանառության մեջ և բորսայական գործարքների միջոցով հնարավոր լինի այդ արժեթղթերում մասնավոր  հատվածի և ֆիզիկական ու իրավաբանական հատվածի կողմից ներդրումներ իրականացնել: Առավել մանրամասն ուզում եմ պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, որ օրինակ պետական որևէ ընկերություն իր բաժնետոմսերի 10 կամ 20 տոկոսը, այսպես ասած, ցուցարկման միջոցով բորսայում վաճառքի է հանում և մարդիկ հնարավորություն են ունենում այդ բաժնետոմսերից գնել և հետևաբար, օգտվել նաև այդ շահույթներից: Սա շատ կարևոր տնտեսական փոփոխություն կլինի և, ըստ էության, հեղափոխական փոփոխություն, որովհետև ՀՀ-ում այսպիսի նախադեպ մենք նախկինում չենք ունեցել, բայց ընկերություններն այսպիսի մակարդակի հասցնելու համար պահանջվում է շատ երկար ճանապարհ՝ այդ ընկերությունների թափանցիկության մակարդակը պետք է էականորեն բարձրացվի, այդ ընկերությունների կառավարման որակը պետք է էականորեն բարձրացվի և այդ ընկերությունները պետք է լինեն արդյունավետ կառավարվող: Ցավոք, ՀՀ-ում, հատկապես պետական հատվածում, այդպիսի ընկերությունների թիվը մեծ չէ և մենք, այնուամենայնիվ, խնդիր ենք դրել, որպեսզի առաջին հինգ տարիներին կարողանանք ՀՀ-ի որոշակի պետական շահութաբեր ձեռնարկությունների արժեթղթերը հանել բորսա, որպեսզի իրավաբանական ընկերությունները, անհատները հնարավորություն ունենան դրանցում ներդրումներ անել:

 

Ես ուզում եմ ասել, որ այս ուղղությամբ մենք որոշակի խոսակցություն ենք տանում նաև մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք նույնպես անցնեն այդպիսի քաղաքականության, որովհետև դա, ըստ էության, շահութաբեր է նրանց համար, որովհետև այսպիսով նրանք հնարավորություն են ունենում կապիտալ ներգրավվելու այլընտրանքային ուղիներ ձեռք բերել և, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին ներգրավել որպես բաժնետերեր և կիսել ՀՀ քաղաքացիների հետ իրենց շահույթները, իհարկե նաև ռիսկերը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ սա այն փոփոխություններից է, որ մենք կարող ենք, իսկապես, համարել հեղափոխական  փոփոխություն:

 

Սիրելի՛ հայերնակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Ընդհանուր առմամբ, այսքանն էի ուզում ասել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին և էլի ուզում եմ ընգծել, որ տնտեսական փոփոխությունների մասին կառավարության ռազմավարական պատկերացումը հետևյալն է՝ մենք ՀՀ քաղաքացիների համար պետք է ստեղծենք տնտեսական ակտիվության հնարավորություն, պետք է քաջալերենք այդ տնտեսական ակտիվությունը և պետք է ստեղծենք հնարավորություններ, որպեսզի այդ տնտեսական ակտիվության հնարավորությունը լինի ոչ թե դեկլարատիվ, այլ իրականում հասանելի: Հայաստանի Հանրապետությունում հիմնական կարգախոսը պետք է դառնա աշխատանքը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ երկրում հաստատված որևէ խնդիր հնարավոր չէ լուծել առանց աշխատանքի և սա ունիկալ վիճակ չէ ՀՀ-ի համար. այդպես է, այդպես եղել է և այդպես կլինի: Հաջողակ են համարվում այն երկրները, որտեղ մարդիկ ոչ թե սպասում են, որ ինչ-որ տեղից կգա փոփոխություն, այլ իրենք իրենց ձեռքն են վերցնում նախաձեռնությունը, նախաձեռնում են փոփոխություններ և կարողանում են համագործակցել, ստեղծել ներհանրային իրական համագործակցության՝ փոփոխությունների հասնելու համար:

Եվ ուրեմն, ես հռչակելով Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխության մեկնարկը, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին, հավատալ իրենց ուժերին, հավատալ Հայաստանի Հանրապետության ապագային: ՀՀ կառավարության առանցքային պարտավորությունն է այնպես անել, որ այս հավատը և վստահությունը տնտեսական ակտիվության և հնարավորությունների նկատմամբ չսասանվի: Հայաստանի Հանրապետության կառավարությունն անելու է առավելագույնը և որևէ կասկած չկա, որ մենք հասնելու ենք կոնկրետ արդյունքների, որովհետև ՀՀ քաղաքացին արդեն հավատացել է և հավատում է իր քաղաքական ուժին, ՀՀ քաղաքացին պիտի հավատա իր տնտեսական ուժին, և մենք միասին պիտի հաղթահարենք այն խեղճությունը, որը շատ երկար ժամանակ համակել է մեր պետությանը և ժողովրդին՝ նույնիսկ պետականություն ունենալու տարիներից առաջ և նույնիսկ Երրորդ հանրապետության հռչակման տարիներից և պատմության ընթացքում: Այնպես որ, ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը հայտարարում եմ մեկնարկած:

Շնորհակալություն»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ