Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում

 Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է 
բանակցային գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ պետք է ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ` չափազանց կարևոր է անդրադառնալ նաև Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ մեր պատկերացումներին: Վերջին ամիսներին Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցած զարգացումների ամենատարբեր վարկածներ են հնչում, ամենատարբեր քննարկումներ են տեղի ունենում և ինչպես գրված է կառավարության ծրագրում՝ մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում: Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում, ես հայտարարել եմ, որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ, պատրաստ եմ և պետք է բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև չունեմ Արցախի վարչապետի կամ նախագահի կարգավիճակ: Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, Արցախի վարչապետը չեմ, իհարկե, նաև ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Նա նշեց, որ այս մոտեցումը նոր չէ, այն ունի նախկինից հայտնի մի քանի կարևոր զարգացումներ:

«Ըստ էության, Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում այս ընթացքում եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ բանակցային գործընթացում Արցախի ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ, որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ապա ադրբեջանական կողմն իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի և խնդիրը հետևյալն է: Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել է և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին: Ըստ էության, անգամ տեղի չի ունեցել մեկ բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի և մասնակցություն չունենա:

«Ինչպե՞ս, մի պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ, հետևաբար, Ադրբեջանի նախագահն ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և հետևաբար Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունը և Ադրբեջանի խորհրդարանն ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Ադրբեջանում նախագահական, խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործում են ընտրական տեղամասեր և ասվում է, որ դրանք Ղարաբաղի ընտրական տեղամասերն են: Եթե չեմ սխալվում՝ Ադրբեջանում գոյություն ունեն նույնիսկ Աղդամի, Ստեփանակերտի ընտրական տեղամասեր և այդպես շարունակ: Հետևաբար, Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցը, ապա Ադրբեջանն իր հերթին կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը, մի շարք հարցեր է առաջացնում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի գործող իշխանությունը հայտարարում է ի սկզբանե, որ ինքը չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում: Սա շատ կարևոր նրբություն է և ես ուզում եմ այս միտքը շատ մանրամասն պարզաբանել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

ՀՀ վարչապետը նշեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը և Ադրբեջանի ժողովրդին, ապա ի՞նչ մանդատով է այդ կառավարությունն ընդհանրապես մասնակցում բանակցություններին:

«Մեր կառավարությունը շատ ուղիղ է ասում է, որ մենք չունենք մանդատ և լիազորություն ներկայացնել Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում, հետևաբար, Ղարաբաղի քաղաքացիներն իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել խորհրդարանական ընտրություններում և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով: Սրա փոխարեն նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը և իրենք ունեն իրենց ներկայացուցիչները բանակցություններում ներկայանալու: Ես այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու վերաբերյալ՝ իրականում համարում եմ բավականին լուրջ առաջընթաց, որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում: Մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]