1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը գրչակիցներն ու նրա արվեստի երկրպագուները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրիմին

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը գրչակիցներն ու նրա արվեստի երկրպագուները 
ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, նրա գործընկերները, արվեստը գնահատողները այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին:

«Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների լավագույն արձակագիրներից էր: Երբ նրա գործերը հրատարակվեցին ռուսերեն, թարգմանվեցին այլ լեզուներով, և նա մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն հայ գրողների շրջանում, այլև Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում: Գրողի ժառանգությունը բովանդակային իմաստով պետք է ընկալել. կարող են լինել բազմահատոր գործեր, բայց  անկարևոր բովանդակային իմաստով, այնինչ Մաթևոսյանի ստեղծած  ամեն մի ակնարկ անգամ, փոքր մի էսսե հսկայական խորություն ունի: Հրանտ Մաթևոսյանը մեր ապագայում գործող գրական-գեղարվեստական հրաբուխներից մեկն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները շատ խորն են ու բազմաշերտ: «Եթե ընթերցասեր ժամանակներում մենք լիովին չընկալեցինք Մաթևոսյանին, ապա այսօր նա ավելի է հեռացել մեզանից: Մեր ժամանակները մակերեսի ժամանակներ են, դյուրամարս երևույթների ժամանակներ են: Մենք  չհասկացանք ու չգիտակցեցինք, թե ինչպիսի լեգենդ ունենք»,-ընդգծեց Վարդանյանը:

Մաթևոսյանի որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանն անդրադարձավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին և ասաց, որ կենտրոնի բարելավման վերաբերյալ կոնկրետ քայլեր չեն արվել: «Շինարարությունը  վատ վիճակում է: Մեր հիմնադրամն իր սուղ միջոցներն է հատկացնում կենտրոնի կոմունալ ծախսերին և պահակների գումարը վճարելուն: Հաջորդ տարի Մաթևոսյանի 85-ամյակն է, և մեր կառավարության, երկրի, ժողովրդի պատվի հարցն է պահպանել նրա ժառանգությունը»,- եզրափակեց Դավիթ Մաթևոսյանը:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին:  Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում» որպես սրբագրիչ: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]