Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էկոնոմիկայի նախարարը կառավարության ծրագրի նախագծում տեսնում է տնտեսական կարևորագույն ցուցանիշներ

Էկոնոմիկայի նախարարը կառավարության ծրագրի նախագծում տեսնում է 
տնտեսական կարևորագույն ցուցանիշներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ այն տեսակետներին, թե կառավարութան ներկայացրած ծրագրի նախագծում թվային ցուցանիշներ չկան, նա այնտեղ տեսնում է կարևորագույն տնտեսական ցուցանիշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Տնտեսությանը վերաբերող բոլոր հիմնական թվերը պարունակվում են ծրագրում: Դրանում ներկայացված են երեք հիմնական թվեր` տնտեսական աճ` նվազագույնը հինգ տոկոս, ծառայությունների և արտադրանքի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ և ներդրումները, որոնք պետք է լինեն տնտեսական զարգացման հիմքը: Նշված են տնտեսական կարևորագույն ցուցանիշները»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ կառավարության ծրագրի արդյունքն ու փոփոխությունները մարդիկ կտեսնեն ժամանակի ընթացքում: Մարդիկ կլինեն տնտեսապես ավելի ակտիվ, ինքնազբաղված և կապրեն ավելի լավ:

Նախարարը նշեց` այն ժամանակ, երբ կառավարությունը չի կարողանա հիմնավորել և քաջալերել տնտեսական ակտիվությունը, կունենա պատասխանատվություն: Պատասխանատվությունը կլինի կառավարությանը: «Բայց ամեն դեպքում քայլերը, որ պետք է արվեն բարձր տնտեսական արդյունք ապահովելու համար, մասնավոր հատվածում են: Կառավարությունն ունի կարգավորող անելիքներ, պետք է պարզեցնի կարգավորումները, որ տնտեսական ակտիվությունը խթանվի: Սա երկկողմանի գործընկերություն է լինելու ողջ ընթացքում»,- ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով`տնտեսական հեղափոխությունը նրա մեջ է, որ ստեղծվում է հավասար մրցակցության ու արդար պայմաններում գործելու հնարավորություն բոլորի համար:

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում քննարկում է կառավարության ծրագրի նախագիծը:

ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։ Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

 Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.

արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),

պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),

ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),

 մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),

տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),

բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),

պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]