Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը մտադիր է հայկական ֆուտբոլում ներդնել իսպանական փորձը  


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը փորձելու է Հայաստանում ներդնել իսպանական պատանեկան ֆուտբոլի մոդելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Խինես Մելենդեսը: «Ես սիրում եմ մարտահրավերները և, ինչու ոչ, կարիերայիս ավարտին կարող եմ օգնել մի երկրի, որտեղ այդքան սիրում են ֆուտբոլը: Ես գիտեի Հայաստանի մասին մինչ այստեղ գալս: Երկու անգամ այցելել եմ ձեր երկիր: Ցանկանում եմ գիտելիքներս փոխանցել հայերին: Փորձելու ենք կիրառել նույն մեթոդը, որով աշխատում էինք Իսպանիայի հավաքականի հետ»,- ասաց նա:

Իսպանացի մասնագետի խոսքով`Հայաստանում կան ֆուտբոլիստներ, ովքեր տեխնիկապես լավ են պատրաստված: Նպատակ կա, որ բոլոր տարիքային թիմերը խաղան, ապրեն, մարզվեն նույն մեթոդով: Ըստ նախագծի՝ 21 տարեկանների թիմի մարզիչը պետք է օգնի ավելի ցածր տարիքային թիմերի մարզիչներին:

«Մեր ծրագիրը բաղկացած է մի քանի կետերից. մարզիչների կրթվածությունը, բոլորի համար նույն խաղային մոդել ստեղծելը, մրցումների կարգը փոխելով: Մենք պատրաստվում ենք օգնել բոլորին` այդ թվում և ակումբներին»,- իր ծրագրից առանձնացրեց Մելենդեսը:

Վերջինիս կարծիքով` լեգեոնականների հետ կապված խնդիրը պետք է լուծվի ակումբերի և ՀՖՖ-ի համատեղ ջանքերով: Իսկ այն ֆուտբոլիստները, ովքեր գալիս են Հայաստան, պետք է իրապես բարձրակարգ լինեն:

Անդրադառնալով հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին՝ իսպանացի մասնագետը շեշտեց, որ ֆուտբոլիստները պետք է լավ մասնագետների հետ աշխատեն փոքր տարիքից: «Մենք փորձելու ենք ներդնել իսպանական փորձը»,- ասաց նա:

Մելենդեսը մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում

2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ դարձել արծաթե մեդալակիր:  

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ17, Մ19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլիասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժերար Պիկեն, Իսկոն և այլոք:

  

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ