Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կարևորագույն խնդիր է համարում սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի ստեղծումը

Նիկոլ Փաշինյանը կարևորագույն խնդիր է համարում սփյուռքը ներկայացնող 
միասնական կառույցի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ փաշինյանը  չափազանց կարևոր է համարում Հայաստանի և հայկական սփյուռքի հարաբերություններում էական փոփոխություններ մտցնելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու  ընթացքում. «Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ այնքան և ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլև ֆունկցիոնալ փոփոխությունները և մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ, որովհետև եթե միևնույն գործառույթն իրականացնում են մի քանի կառույցներ, կարող ենք արձանագրել, որ այդ գործառույթները փաստացի չեն իրականացվում: Ընդհանուր առմամբ, դրդապատճառներից մեկը, որ որոշեցինք, որ Հայաստանը պետք է չունենա սփյուռքի նախարարություն հենց սա էր, որովհետև սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում էին այլ նախարարությունների կողմից: Խոսքը կրթական, մշակութային, երիտասարդական, կազմակերպական գործառույթների մասին է: Եվ սրա փոխարեն, կարևոր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, ըստ էության, չէին իրականացվում: Եվ ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ կառավարությունը միտված է կառավարության կառուցվածքում չունենալ սփյուռքի նախարարություն: Սրա փոխարեն  վարչապետի աշխատակազմում մենք կունենանք սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև վարչապետի հանձնարարությամբ կկոորդինացնի նախարարությունների աշխատանքը սփյուռքի հետ հարաբերություններում՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների բավական բարձր և պատշաճ մակարդակ»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝  այս տրամաբանության մեջ  կառավարությունը սփյուռքի հետ հարաբերություններում երկու խնդիր է դրել իր առաջ, որոնք, ըստ էության, պետք է անվանել հեղափոխական: Առաջինը՝ որքան էլ զարմանալի լինի, մենք անկախության ձեռքբերման առաջին օրերից խոսելով սփյուռքի ներուժի մասին՝ մինչ օրս չունենք սփյուռքի ներուժի քարտեզագրում: Մենք մինչև այսօր չգիտենք, թե որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունի սփյուռքը, ազդեցության ինչպիսի միջավայր և ծավալ: Հետևաբար, այս ամբողջ համակարգը բավարար չափով կազմակերպված չէ և, եթե նկատել եք՝ կառավարության գործունեության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը: Մենք կունենանք մի համակարգ, որն իր մեջ կներառի ամփոփ և կիրառելի ամենօրյա տեղեկատվություն, թե սփյուռքի որ հատվածում մենք ինչպիսի պոտենցիալ ունենք, և այդ պոտենցիալի հետ կառավարությունն ինչ համագործակցություն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Իհարկե, սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի պարտավորություններ և ծառայություններ, ու մենք ամեն ինչ պետք է անենք դրանք պատշաճ մակարդակով ապահովելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը և գործոնը սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի և միասնական կազմակերպությամբ կամ ձևաչափի ստեղծումն է: «Մենք պետք է կարողանանք ձևավորել և ձևակերպել կոնկրետ հասցե՝ արձանագրելու համար, թե սփյուռքի հետ խոսելու համար մենք ում հետ պետք է խոսենք: Շատ հարցեր կան կառավարության, քաղաքական օրակարգում, երբ ասվում է, որ այս հարցերը պետք է քննարկել սփյուռքի հետ, իսկ կոնկրետ ո՞ւմ հետ, որովհետև սփյուռքը շատ մեծ ծավալներ ունի և շատ ընդգրկուն է: Կան հազարավոր կազմակերպություններ և եթե նույնիսկ ֆիզիկապես նրանց մի մասի հետ հնարավոր է քննարկել, ապա մյուս մասին և բոլորի հետ հնարավոր չէ քննարկել: Եվ ամեն անգամ քննարկումների պրոցես սկսելիս միշտ առաջանում է գայթակղությունը, որ սփյուռքի ինչ որ մի հատված իրեն մեկուսացած կզգա պրոցեսից և կհամարի, որ  կառավարությունն ընդհանրապես իր հետ այդ հարցը չի քննարկել: Հետևաբար, մենք խնդիր ունենք ձևավորելու ամբողջ սփյուռքը ներկայացնող ինչ որ ներկայացուցչական կառույց և մենք բոլորս հասկանում ենք, որ սա լինելու է չափազանց մեծ մարտահրավեր և լրջագույն խնդիր, որովհետև գիտեք, որ սփյուռքը բազմաշերտ է, շատ բարդ է, այնտեղ կան բազմաթիվ հարաբերություններ, հակասություններ: Այսօր մենք ունենք նաև մի իրավիճակ, որ սփյուռքահայության մի զգալի հատված դուրս է մնացել սփյուռքի կազմակերպման մեզ հայտնի և ավանդական շրջանակից և մենք խնդիր ունենք այդ պոտենցիալը կենտրոնացնել և այդ պոտենցիալի և Հայաստանի հարաբերությունների համար ստեղծել պլատֆորմ, ստեղծել կոնկրետ հասցե: Եվ երբ այդ պլատֆորմի հետ մենք քննարկած լինենք որևէ հարց՝ ունենանք լեգիտիմ իրավունք՝ ասելու, որ այս հարցը քննարկվել, համաձայնեցվել է սփյուռքի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]