Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Ֆինանսների փոխնախարարը Հայաստանում աշխատավարձերից պահվող հարկը բավականին բարձր է համարում


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եկամտահարկը բավականին բարձր է համարում: Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպել է մտածել համահարթ դրույքաչափ սահմանելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխնախարարն ասաց Հայաստանում փետրվարի 12-ին անցկացվող «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովում:

«Մեր գնահատմամբ՝ Հայաստանում աշխատավարձի հարկը բավականին բարձր է: Այն իր անդրադարձն է գտնում ազգային տնտեսության մրցունակության մեջ այն առումով, որ, երբ ինքնարժեքը ծանրաբեռնվում է աշխատավարձային տողերով, ապրանքը դառնում է ոչ  մրցունակ: Բոլոր ներդրողների և միջազգային կառույցների հետ հանդիպման ընթացքում այս հարցը բարձրացվում է: Եվ առաջին ազդակը դա է, որ աշխատավարձից ու դրան հավասարեցված եկամուտներից պահվող հարկերը Հայաստանում բարձր են: Սա այն հիմնական պատճառն է, որ ստիպել է մտածել եկամտային հարկի բեռը նվազեցնելու մասին»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ  դրանով նպատակ ունեն լուծել նաև հեռահար խնդիրներ՝ ազգային արտադրանքը դարձնել ավելի մրցունակ, արտահանման կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունը դարձնել ավելի էական։

Փոխնախարարը նշեց, որ աշխարհում ընդունված է հարկման նաև մեկ այլ մեթոդ: Օրինակ՝ եկամուտները ժամանակի ընթացքում հարկվում են ցածր դրույքաչափով, որը ձևավորում է խնայողություններ, դրանց մի մասը վեր է ածվում գույքային միավորների՝ հաստության, ունեցվածքի: Եվ շատ երկրներ սկսում են հարկել այդ հարստությունը՝ գույքահարկով, ժառանգության հարկով և այլն:

«Հիմա ընտրության հարց է՝ կամ շարունակել կիրառել աշխատավարձի բարձր հարկային բեռ և ունենալ չկայացած գույքային հարկերի համակարգ, կամ փնտրել այլ ճանապարհ՝ եկամտային հարկի բեռը նվազեցնել և ուշադրությունը կենտրոնացնել գույքային հարկերի ներուժը ողջ ծավալով օգտագործելուն»,-եզրափակեց Պողոսյանը։

Հայաստանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 2019 թ. սեպտեմբերից անցում կատարել համահարթ եկամտահարկի՝ 23 տոկոս: Դրանից հետո՝ 2020- 2023 թթ. այն աստիճանաբար նվազելու է՝ հասնելով 20 տոկոսի: Նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ