Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աղքատության հաղթահարման ՀՀ կառավարության պատկերացումն աշխատանքն է

Աղքատության հաղթահարման ՀՀ կառավարության պատկերացումն աշխատանքն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր է համարում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում նշեց, որ օրենսգրքի փոփոխություններով պլանավորում են Հայաստանի տնտեսական համակարգում ներմուծել նոր հասկացություն: Այն է միկրոբիզնես, որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից: Խոսքը մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի մասին է: Նա տեղեկացրեց, որ այս կատեգորիայի ներքո կլինեն նաև անհատ տաքսու վարորդները: Ըստ նրա՝ սա կարևոր նորամուծություն է սոցիալական խնդիր լուծելու համար:

«Այն հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնես սկսելու հարցում: Ընդհանրապես, Հայաստանում աղքատության հաղթահարման մեթոդների վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ: Աղքատության հաղթահարում ասելով՝ շատ դեպքերում հասկացվում է նման ընտանիքներին սնունդ, հագուստ, այլ նյութական պարագաներ մատակարարելը: Դա արվում է առանց պատասխանելու այն հարցին, թե ինչ է լինելու մեկ տարի հետո: Եթե խնդիրը արմատապես չլուծվի, ապա նման մոտեցումը ծառայելու է կոռուպցիային: Հետևաբար պետք է մարդկանց օգնել, որ գործ սկսեն, իրենց գործունեությունն ընդլայնեն: Աղքատության հաղթահարման մեր պատկերացումը աշխատանքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն: Դրա համար պետք է հարկային բարենպաստ պայմաններ ստեղծել, ընդլայնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը, օգնել բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու հարցում:

Ինչպե՞ս է որոշվելու, թե բիզնեսի տարեկան շրջանառությունը որքան է կազմում, արդյո՞ք 24 մլն է, թե, ասենք, 80 մլն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր դերակատարություն են ունենալու հսկիչ դրամարկղային մեքենաները:

«Հարց է առաջանում՝ մեզ տրված հնարավորության պարագայում մենք ունենալո՞ւ ենք նոր միկրոբիզնեսներ, թե 100 մլն շրջանառություն ունեցող բիզնեսը մասնատվելու է՝ դառնալով 5 կամ վեց միկրո բիզնես: Այս խնդիրը կա: Գործարարի, սովորական քաղաքացու, պաշտոնյայի մոտ ՀԴՄ կտրոնը դառնալո՞ւ է մշակույթ, թե ոչ: Եթե նույն ձևով շարունակենք, ապա ոչինչ էլ չի ստացվելու, խեղճության մեջ շարունակելու ենք տապակվել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ պետք է հասարակության շրջանում հարկ վճարելու գործում մոտեցումը փոխվի: Բոլորը պետք է հասկանան, որ կենսաթոշակների բարձրացման, ճանապարհների վերանորոգման և այլ հարցերը կարգավորելու համար բյուջեում գումար է անհրաժեշտ: Դրան հասնելու համար յուրաքանչյուրը պետք է հարկ վճարի:

«Ում մոտենում ասում ես, որ պետք է հարկ վճարես, զարմանում է: Ո՞նց, երգիչը պետք է հա՞րկ վճարի, փաստաբանը պետք է հա՞րկ վճարի: Բա ինչպե՞ս եք ուզում խնդիրները լուծվեն: Մենք հրավիրում ենք, որ յուրաքանչյուրը մասնակցություն ունենա տնտեսական հեղափոխության գործում»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]