1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն է համարում մարդկանց գիտակցության մեջ տնտեսական հեղափոխություն սերմանելը

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն է համարում մարդկանց գիտակցության մեջ 
տնտեսական հեղափոխություն սերմանելը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրում տնտեսական հեղափոխությունը տեսնում է կապիտալի և սեփականության անվտանգության, հարկային հավասարակշռված քաղաքականության ապահովման, ֆինանսական և ներդրումային միջոցները հասանելի դարձնելու, հարկային արտոնյալ միջավայր ձևավորելու միջոցով անապահով խավերին աշխատանքի քաջալերելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարկավոր է առաջին հերթին մարդկանց գիտակցության մեջ հարուցել տնտեսական հեղափոխություն, որի առանցքային նպատակն է տնտեսական վարքի փոփոխությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս ընթացքում ունեն նաև որոշակի առաջնահերթություններ և գործիքակազմ: «Այդ առաջնահերթությունների տրամաբանությամբ է տեղի ունենում նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որը մենք պետք է առաջարկենք Հայաստանի Ազգային ժողովին: Ինչպես տեղյակ եք, մենք մտադիր ենք Հայաստանի Հանրապետությունում հիմնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և սա մենք դիտում ենք որպես կարևոր առաջնահերթություն Հայաստանում տնտեսական կառուցվածքի և համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ փոփոխություններ իրականացնելու համար:  Սրանով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը հետաքրքրված է այս ոլորտի զարգացմամբ, և մենք նաև պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել միջազգային ներդրողների համար հարկային ոլորտն ավելի գրավիչ դարձնելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից ևս մեկ կարևոր հանգամանք ընդգծեց. «Հայաստանի կառավարությունը ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի և արդյոք այս ընթացքում որևէ գործիքակազմ կիրառվե՞լ է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրը բարելավելու համար, և ընդհանրապես՝ դա ի՞նչ է նշանակում: Անկեղծ ասած՝ մեր պատկերացմամբ երկրի ներդրումային միջավայրի բարելավում նշանակում է առաջին հերթին երկրի միջազգային իմիջի բարելավում: Որովհետև, եթե որևէ տեղից միջազգային բիզնեսը ստանում է նեգատիվ ազդակներ, այդ թվում՝ քաղաքական միջավայրի վերաբերյալ, դա բնականորեն պիտի ազդի այդ երկրում ներդրումների գրավչության վրա: Եվ այս առումով ես կարող եմ ասել, որ ներկա պահին Հայաստանը գտնվում է բոլորովին այլ վիճակում, որովհետև երկար տարիներ հենց այս ամբիոնում, Հայաստանում հիմնական դիսկուրսը եղել է այն, որ եկեք տանենք գումարներ ծախսենք, որպեսզի BBC-ով, CNN-ով, աշխարհի այլ առաջատար լրատվամիջոցներով Հայաստան անունը հնչի, Հայաստանի մասին պատմեն, պատմեն, որ Հայաստանում միջավայրի դրական փոփոխություններ կլինեն: Եվ, ըստ էության, անցած տարվա ապրիլ-մայիսից այս գործընթացը շարունակվում է, և Հայաստանը՝ որպես երկիր, գնալով ավելի ու ավելի ճանաչելի է դառնում միջազգային հանրության համար, և այս գործընթացը շարունակվում է այսօր, շարունակվելու է վաղը, եթե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականությունը շարունակվի: Իսկ որ դա կշարունակվի, կարծում եմ՝ որևէ կասկած չկա»,- մանրամասնեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]