Մակեդոնիայի ֆինանսների նախարարը հայաստանցի գործընկերներին պատմում է իրենց երկրում պրոգրեսիվ եկամտահարկին անցնելու պատճառների մասին
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի Հանրապետությունը համահարթ եկամտահարկի համակարգից այս տարի կրկին անցում է կատարել պրոգրեսիվ հարկման համակարգին: Եվ այս երկրի ֆինանսների նախարար Դրագան Թևդովսկին եկամտահարկի համահարթեցման ճանապարհին կանգնած երկրում՝ Հայաստանում իր գործընկերներին պատմեց իրենց երկրում այդ համակարգի դրական ու բացասական կողմերի, դրան անցնելու պատճառների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թևդովսկին Հայաստանում փետրվարի 12-ին «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց երկրի փորձը:
«Մեր երկրում 2007թ. համահարթ եկամտահարկն ընդունվեց։ Պետք է ասել, որ այդ ժամանակ Հարավարևմտյան Եվրոպայի շատ երկրներում ևս այն ընդունվեց: Դրանից հետո մեկ տասնամյակ անց մենք կրկին վերադարձանք պրոգրեսիվ հարկին»,- նշեց նախարարը։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Թևդովսկին ներկայացրեց փոփոխման պատճառների ու համահարթ եկամտահարկի բացասական կողմերի մասին: «Դա մեր երկրում առաջացրեց եկամտային ավելի մեծ անհավասարություն: Այդ համահարթ հարկն, ըստ էության, մեզ մոտ ներդրվել է համաշխարհային ճգնաժամի տարիներին: Եվ այդ համահարթ հարկի ներդրման հետևանքով մեր պետբյուջեի եկամուտները նվազել են: Եվ ետ ենք վերադառնում պրոգրեսիվ հարկին, ինչը կիրառվում է ԵՄ գրեթե բոլոր երկրներում»,-նշեց նա:
Նախարարն ասաց, որ դրա նպատակն է պետբյուջեի համար ձևավորել ավելի շատ մուտքեր, որը հնարավոր կլինի ուղղել այնպիսի կարևոր ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և սոցիալական ապահովությունը:
«Մեր փորձառության համաձայն՝ համահարթ եկամտահարկի կիրառման արդյունքում ընդհանուր հարկային ընթացակարգերը պարզեցվում են, սակայն քանի որ ավելի շատ եկամուտ վաստակողների նկատմամբ հարկման բազային դրույքաչափը նվազում է, հետևաբար այս հարկն առավել նպաստավոր է ավելի մեծ եկամուտներ ունեցողների համար»,- նշեց նախարարը:
Նա նշեց, սակայն, որ ինքն այս առումով չի կարող Հայաստանի կառավարությանը որևէ խորհուրդ տալ, քանի որ ինքն ուրիշ երկրից է գալիս, իսկ այստեղ ուրիշ տարածաշրջան ու ուրիշ իրականություն է:
Հայաստանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 2019թ. սեպտեմբերից անցում կատարել համահարթ եկամտահարկի՝ 23 տոկոս: Դրանից հետո՝ 2020-2023 թթ. այն աստիճանաբար նվազելու է՝ հասնելով 20 տոկոսի: Նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է:
«Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովը կազմակերպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնարդամը և Քաղաքական դիսկուրս հանդեսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում