Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իրենք կառավարության ծրագրին կողմ չեն կարող քվեարկել, եթե այն չփոխվի

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իրենք կառավարության ծրագրին կողմ չեն կարող 
քվեարկել, եթե այն չփոխվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Շատ գեղեցիկ է գրված, կամեցողությամբ ու ցանկություններով լի: Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում: Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներն ու դրանց հայթայթման մեխանիզմը, սակայն դրանք ծրագրում նշված չեն:

«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ ու պայմաններ փոխվեն։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, և մերը պետք է ավելի լավ լինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։ Ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը, արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),

 պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),

ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),

 մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),

տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա), Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),

պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]