Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Պետական միջոցներով կշարունակվի Զոլաքարի թիվ 2 եւ Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցների շինարարությունը


ԳԱՎԱՌ 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Զոլաքարի թիվ 2 եւ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցներում պետական միջոցների հաշվին այս տարի կշարունակվեն շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են նախորդ տարիների ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, այդ նպատակով պետբյուջեից այս տարի հատկացվել է 415 միլիոն դրամ, որից 187 միլիոն դրամը հատկացվելու է Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնավերակառուցման, 228,248 միլիոն դրամը՝ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման եւ հին մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակներով:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում հիմնավերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2016 թվականից, որտեղ մինչ այժմ ծախսվել է շուրջ 230 միլիոն դրամ: Այս տարվա հատկացումով՝ 187 միլիոն դրամով, այստեղ ավարտվելու են հիմնավերակառուցման հետ կապված բոլոր աշխատանքները: Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականից, պետբյուջեից հատկացված 49,1 միլիոն դրամի հաշվին: Իրականացվել են 1 մասնաշենքի քանդման, հիմքի կառուցման ու հողային աշխատանքներ: Այստեղ նոր մասնաշենքի կառուցման ու հին մասնաշենքի հիմնանորոգման մրցութային արժեքը կազմել է 516 միլիոն դրամ: Այս տարի շինարարությունը կշարունակվի 228 միլիոն 248 հազար դրամի շրջանակներում:«Շինարարական աշխատանքներն այժմ ընդհատված են եղանակային պայմանների պատճառով: Դրանք կշարունակվեն շուտով, նույն շինարարների ուժերով, որոնք շահել են մրցույթը եւ սկսել աշխատանքները»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ