Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգումը կավարտվի այս տարվա սեպտեմբերին


ԳԱՎԱՌ 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այժմ ընթացքի մեջ են 9-րդ դարի պատմաճարտարապետական կառույց համարվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին 2012 թվականից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, եկեղեցու հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 615 միլիոն դրամ:

Եկեղեցու շինարարությունը ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ընդմիջվել է 2014-2017 թվականների ընթացքում: 2018 թվականից վերսկսվել են շինարարական աշխատանքները նորատուսցի ուկրաինաբնակ գործարար Խաչիկ Կարապետյանի տրամադրած միջոցներով եւ գյուղի որոշ բնակիչների տված հանգանակություններով: «Եկեղեցու հիմնանորոգման հիմնական ֆինանսավորողը եղել է «Աֆինա Պալլադա» կազմակերպությունը, որի տրամադրած միջոցներով կատարվեցին վերականգնողական մեծ աշխատանքներ, սակայն ֆինանսական սղության ու այլ պատճառներով հիմնանորոգումը մնաց կես ճանապարհին: 2018 թվականին վերսկսվեցին աշխատանքները, որոնք եւ շարունակվում են այժմ: Արդեն ավարտվել է գմբեթի հավաքումը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: Գարնանը եւ ամռանը կիրականացնենք եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները: Սեփականատիրոջից եկեղեցուն հարող տարածքում ձեռք ենք բերել նոր հողամաս՝ պարտեզ եւ հանգստի գոտի ստեղծելու համար: Եկեղեցին կվերաօծվի եւ կբացվի այս տարվա սեպտեմբերին: Այն Գեղարքունյաց թեմի կազմում կդառնա գործող եկեղեցի: Բացի այն, որ մեզ հաջողվում է վերականգնել Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը, միաժամանակ ակնկալում ենք ուխտավորների եւ զբոսաշրջիկների մարդաշատ այցելություններ»,-նշեց Մուրադ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ