Թուրքիայի իշխանություններն արգելել են ընդդիմադիր քրդամետ կուսակցության երթը
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը արգելել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) երթը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Կուսակցության ներկայացուցիչները ցանկանում էին երթ անցկացնել Ստամբուլում` ի պաշտպանություն HDP պատգամավոր Լեյլա Գյուվենի, ով արդեն 96 օր է հացադուլ է անում:
Լեյլա Գյուվենը, ինչպես քրդամետ կուսակցության մյուս ձերբակալված անդամները, ձերբակալվել էր «ահաբեկչությանն օժանդակելու, ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ահաբեկչության քարոզ իրականացնելու և այլն» հատկանիշներով:
Գյուվենը հացադուլը սկսել է ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Նա հացադուլը սկսել էր դեռ բանտում, մինչև պայմանականորեն ազատ արձակվելը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր դեռևս 2 տարի առաջ են ձերբակալվել, ապա կալանավորվել են: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում