Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Ազարյանի դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան. Երևանի քաղաքապետը շնորհավորել է լեգենդար մարզիկին

Ազարյանի դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան. Երևանի 
քաղաքապետը շնորհավորել է լեգենդար մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է: Հայկական սպորտի հսկային ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով նրա  անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ալբերտ Ազարյանին այն մեծ ավանդի ու նվիրվածության համար, որ ներդրել է վարպետը՝ Հայաստանի պատիվը սպորտի աշխարհում միշտ բարձր պահելու և սերունդներ կրթելու ու դաստիարակելու գործում:

«Դուք հայկական սպորտի լեգենդն եք: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, որ շարունակեք Ձեր օրինակով սերունդներ կրթել և Ձեր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը շրջել է մարզական օջախում, ծանոթացել գործունեությանը, մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ մարզական օջախն այսօր էլ շարունակում է աշխարհում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը. պարբերաբար դպրոցի սաները մրցանակներ են նվաճում  միջազգային ամենաբարձր հարթակներում:  

Հայկ Մարությանը նշել է, որ մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետի օրակարգում են: Նա վստահեցրել է, որ հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ