1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԻՊ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրները

ՄԻՊ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Մանվել Գրիգորյանի 
առողջական վիճակի հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այժմ «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մանվել Գրիգորյանին իմ ներկայացուցիչները` բժիշկը և համապատասխան ստորաբաժանման ղեկավարն իմ անմիջական հանձնարարությամբ այցելել են ուրբաթ օրը երեկոյան Նաիրի բժշական կենտրոնում: Ես էլ խոսել եմ փաստաբանի հետ: Այնտեղ իր հետ խոսել են, առանձնազրույց են ունեցել, արձանագրվել է նաև շաքարի բարձր լինելը: Դրանով պայմանավորված գիտեմ, որ հետազոտություններ են իրականացվում»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են նաև բժիշկների հետ, ովքեր դեռևս դժվարանում են նշել, թե կալանավորը որքան կմնա բժշկական կենտրոնում:

«Այս պահին գիտեմ, որ բժիշկներն ասել են, որ չեն կարող ասել, թե Մանվել Գրիգորյանը որքան կմնա «Նաիրի» ԲԿ-ում և երբ կտեղափոխվի: Իր պնդմամբ` առողջական վիճակի վատթարացումը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկի պայմանների պատճառով, որովհետև առողջական վիճակի համար չկան բավարար պայմաններ»,- նշեց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` իրենք շարունակելու են այս գործընթացն ուշադրության ներքո պահել:

Փետրվարի 8-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու:

2018թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջանի ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը: Գրիգորյանը կրկին կալանավորվել էր:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]