Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նորայր Ադալյանի «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքում ընդգրկվել է հեղինակի տասից ավելի ստեղծագործություն

Նորայր Ադալյանի «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքում ընդգրկվել է հեղինակի 
տասից ավելի ստեղծագործություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր, գրականագետ Նորայր Ադալյանի «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքում զետեղված են «Բաբելոնի աշտարակը», «Արևածաղիկը», «Սանչո», «Ես և նա», «Հանճարը» և այլ գործեր, որոնք հեղինակն իրեն շատ հոգեհարազատ է համարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց փետրվարի 7-ին Հայաստանի գրողների միությունում:

«Իմ ստեղծագործական ամբողջ կյանքում, իսկ դա երկար ճանապարհ է, շուրջ հարյուր պատմվածք եմ գրել` չհաշված վեպերը, վիպակներն ու պիեսները: Այս գրքում ամփոփված են վերջին տարիներին ծնված այն պատմվածքները, որոնք ինձ ամենից ավելի հոգեհարազատ են»,- նշեց Նորայր Ադալյանը:

Նա հավելեց, որ գիրքը յուրահատուկ է նրանով, որ դրանում տպագրված է իր եղբայր նկարիչ Րաֆֆի Ադալյանի շուրջ երեսուն կտավի վերատպություն: Հատկապես այդ պատճառով գիրքը հեղինակի համար շատ թանկ է: «Պատմվածքներն ինձ շատ հոգեհարազատ են գեղարվեստական կառուցվածքով: Կառուցվածքը շատ կարևոր է, և ես ավելի շատ փորձում եմ ցույց տալ, գործողություն արտահայտել, քան պատմել: Այս պատմվածքներն այդպիսին են. դրանք նաև տարօրինակություններ ունեն: Կարելի է ասել` այստեղ անտրամաբանական տրամաբանության շերտեր կան: Ըստ իս` անտրամաբանությունը նույնպես տրամաբանություն է»,-ընդգծեց Նորայր Ադալյանը:

«Ապրում էի ԱՄՆ-ում և միայն վերջերս եմ վերադարձել Հայաստան մշտական բնակության: Միացյալ Նահանգներում էի, երբ ստացա գիրքը: Եղբայրս ինձ անակնկալ մատուցեց այդ գրքի լույս ընծայմամբ: Հուզվեցի, քանի որ Նորայրը այդպես նպաստեց մեր միացմանը: Երեք եղբայր ենք, և մեզանից յուրաքանչյուրն առանձին է ստեղծագործում: Միշտ մտածել եմ, որ պետք է միասին ներկայանանք: Մտածում եմ, որ հետագայում երեքով ինչ-որ բան պետք է անենք»,-շեշտեց Րաֆֆի Ադալյանը:

Խոսելով Նորայր Ադալյանի գործերի մասին` նա նշեց, որ իր եղբայրն այն գրողներից է, որը ստեղծագործական կյանքի ընթացքում չի դադարել քայլել: «Չեմ ասում  առաջ, թե ետ, բայց նա անընդհատ քայլել է ու փոխվել իր գործերում: Բազմաթիվ ժանրերի է անդրադարձել: Վերջերս աբսուրդ մտածողության գրականություն է ստեղծում, և դա ինձ դուր է գալիս»,-եզրափակեց նա:

Մեկնաբանելով գրքում զետեղված պատմվածքների բովանդակությունը` Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ դրանք մարդկային հարաբերությունների դժվար հոգեբանական էջեր են, որոնք ընթերցողին ծանոթացնում են այնպիսի թաքնված ժամանակների հետ, որոնք մեր արձակում երբևէ առատորեն ներկայացած չեն եղել: «Կարևոր գրականություն է, հատկապես թեմատիկ առումով: Սա է պատմվածքների գրավչության բանալին: Նորայրի գրականությունը տեղական «հումքով» է խմորված, մեր հայկական իրավիճակներն է ներկայացնում: Գրքում ամփոփված են թաքնված, դժվարահաս, հաճախ վիճելի հարցեր: Հեշտ իրավիճակներ չեն սպասում ընթերցողին, նույնիսկ բաներ կարող են մերժելի լինել: Եվ սա բնական է. արձակագրի հետ պետք է լինի այդ վեճը»,-հավաստիացրեց Միլիտոնյանը:

Նորայր Ադալյանը ծնվել է 1936 թվականի հուլիսի 30-ին Ռուսաստանի  Սիմֆերոպոլ քաղաքում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է ՀԳՄ վարչության քարտուղար, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։ Նա բազմաժանր գրող է. ունի պատմվածքներ, նովելներ, վիպակներ, վեպեր, դրամաներ, խոհագրություններ, հրապարակախոսություն և այլն։

Ադալյանի  դրամաները բեմադրվում են Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Նրա մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն և այլ օտար լեզուներով։ Ավելի քան 30 գրքի հեղինակ է։

 Ադալյանի հայտնի գրքերից են «Ազատության ստրկություն», «Պարականոն վիպակներ և պատմվածքներ», «Ծաղրածուն մեծ քաղաքում», «Սև քառակուսի կարմիր անապատում», «Ապոկալիպսիս» ժողովածուները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]