Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Երկրի հակառակ կողմը» դեռ առաջատար է. հայ գրականություն. հունվար, 2019

«Երևանյան բեսթսելեր». «Երկրի հակառակ կողմը» դեռ առաջատար է. հայ 
գրականություն. հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Երրորդ հորիզոնականում Անուշ Սարգսյանի «Սադի տակի շենքը» գիրքն է: «Սադի տակի շենքը» վեպ-էսսեն առանձին պատումներից կազմված ստեղծագործություն է, որտեղ, վանաձորյան մի շենքում ապրող մարդկանց և հեղինակի անձնական կենսագրության դրվագների միահյուսմանը զուգահեռ, վեր է բարձրանում անցումային մի ամբողջ դարաշրջանի պատմություն՝ բնորոշ կոլորիտով, խոր դրամատիզմով:

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը չորրորդ հորիզոնականում է: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

Վեցերորդ հորիզոնականում է Անի Կարապետյանի «Հրաժեշտ» գիրքը:  Վիպակի գործողությունները տեղի են ունենում ինչ-որ տեղ Երկիր մոլորակի վրա։ Սա պատմություն է, որը չունի ազգություն և չի ճանաչում ոչ մի աշխարհագրական վայր։ Համամարդկային պատմություն՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ հրաժեշտ են տվել... Հրաժեշտ... Սա մի բառ է, որի մեջ ամփոփվում է մի ողջ կյանք։ Մենք բոլորս, երբեմն, ստիպված ենք լինում հրաժեշտ տալ այն մարդկանց, ովքեր լցնում են մեր կյանքը իմաստով, ովքեր ապրելու ուժ են տալիս, կյանքին հաղորդում են գույներ։ Սակայն լինում են դեպքեր, երբ մեզ են հրաժեշտ տալիս անսպասելի և հրաժեշտ են տալիս ընդմիշտ։

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

«Վահան Տերյան»  ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Տերյանը հայ քնարերգության մեջ սկզբնավորել է մի նոր շրջան, որը նպաստել է մեր բանաստեղծական արվեստի հետագա զարգացմանը: Գրել է ավելի քան 400 բանաստեղծություն, շուրջ երեք տասնյակ գրական-քննադատական և հրապարակախոսական հոդված, մի քանի հարյուր նամակ: Այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի լավագույն գործերը:

Իններորդ հորիզոնականում է Պարույր Սևակի «Ամանեջ» անավարտ վեպը: Այն մոտ տասը տարի մնացել է անհայտության մեջ: Արխիվային նյութերը վկայում են, որ վեպ, արձակ գրելու ցանկություն Սևակն իր նամակներից մեկում հայտնել է դեռևս 1942 թ.: 1948-1949 թվականներին որոշել է թեման, նույնիսկ շարադրել 14 էջ, ընտրել է վերնագիրը՝ «Ամանեջ», ապա միայն 1954-ից սկսել լրջորեն աշխատել վեպի վրա: 1955-ին նույնիսկ մշակել-մաքրագրել է վեպի սկիզբը, շուրջ 150 էջ, հետո շարունակել է սևագրել: 1957-ից հետո միայն նյութեր է հավաքել, բայց այլևս չի շարադրել: Եվ ահա մաքրագիր այդ էջերը ու ևս սևագիր մի քանի գլուխներ մեկտեղված են գրքում:

Տասներորդ հորիզոնականում է Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղը»: Մեկամսյա հյուրախաղ, որի սկիզբն անցնում է թատերական, ավարտը՝ կյանքի օրենքներով: Սիրողական թատերախմբի տասը մասնակից՝ ջահել, ազնիվ ու արկածասեր, ճակատագրական այդ ամառ մայրաքաղաքից մեկնում են մարզային հյուրախաղի: Ակամա հատելով թշնամի դարձած հարևան պետության սահմանը՝ խումբը հյուրախաղի ավարտին բեմի փոխարեն ստիպված է խաղալ կյանքի ու մահվան եզրագծի վրա: Պայքարելով հանուն կյանքի՝ նրանցից յուրաքանչյուրը ժամանակ է գտնում քննելու իր ապրած տարիները: Նրանք միմյանց մեջ բացահայտում են քաջություն ու վախկոտություն, անձնվիրություն և ուրացում: Թեև տասից ինը վերադառնում են երկիր, բայց նրանց բոլորի ճակատագիրն արդեն անշտկելիորեն բեկված է:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:


Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Նիկոլ Փաշինյանի

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 143
2 0

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 42
3 նոր

Անուշ Սարգսյան

«Սադի տակի շենքը»

Գրանիշ 42
4 0

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

հեղ.հրատ 27
5 +1

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 25
6 -1

Անի Կարապետյան

«Հրաժեշտ»

Վան Արյան 17
7 +1

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 14
8 * «Վահան Տերյան» Էդիթ Պրինտ 5
9 նոր

Պարույր Սևակի

«Ամանեջ»

Մագաղաթ 5
10 -3 Հովհաննես Երանյան «Մահացու հյուրախաղ» Անտարես 4

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]