Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մակրոնի արտաքին քաղաքականության աֆրիկյան վեկտորը

Մակրոնի արտաքին քաղաքականության աֆրիկյան վեկտորը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է քայլեր ձեռնարկել աֆրիկյան տարածաշրջանում Ֆրանսիայի ազդեցության մեծացման ուղղությամբ: Հերթական կանգառը Եգիպտոսն էր, որը Մակրոնի բնորոշմամբ՝ Ֆրանսիայի «գլխավոր գործընկերն է տարածաշրջանում»:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ Մակրոնի բանակցությունները կենտրոնացած էին գերազանցապես տնտեսական համագործակցության, քաղաքական երկխոսության և Եգիպտոսում մարդու իրավունքների հիմնախնդիրների վրա:

Ֆրանսիան ընդլայնում է իր ներդրումները Եգիպտոսում

Այցի շրջանակներում կողմերը հայտարարել են շուրջ 1,5 միլիարդ դոլարի ավելի քան 30 պայմանագրերի կնքման մասին վերականգնվող էներգիայի, տրանսպորտի, ձեռնարկատիրության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում: Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ ֆրանսիական ընկերությունները կշարունակեն ընդլայնել իրենց ներդրումները Եգիպտոսում:

Հատկանշական է, որ Ֆրանսիան կարևոր ներդրող է Եգիպտոսի համար. ֆրանսիական ներդրումները՝ հիմնականում ենթակառուցվածքների, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտներում, հասնում են 5 միլիարդ եվրոյի, իսկ Եգիպտոսում գործող ֆրանսիական կազմակեպությունների թիվը գերազանցում է 160-ը:

Եգիպտոսի կառավարությունը, որն այս փուլում երկիրը տնտեսապես վերականգնելու համար նոր միջոցներ ներգրավելու խնդիր ունի, քայլեր է ձեռնարկում երկրում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս տեսանկյունից Ֆրանսիայի շարունակական ներդրումները նոր նախաձեռնություններում (խելացի քաղաքներ, էլեկտրոնային վճարումներ, գիտական հետազոտություններ և այլն) մեծ կարևորություն ունեն Եգիպտոսի համար:

Քաղաքական երկխոսություն՝ համեմված մարդու իրավունքների խնդիրներով

Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը քննադատել է Եգիպտոսում մարդու իրավունքների խախտումները՝ ընդգծելով, որ կայունությունն ու երկարատև խախաղությունն անհնար են առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և օրենքի գերակայության: Չնայած հնչած քննադատությանը՝ Մակրոնը հայտարարել է, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ:

Մասնավորապես, Ֆրանսիայի համար ներկա փուլում զգալի կարևորություն ունի Եգիպտոսի հետ համագործակցությունը Լիբիայում իրավիճակի կայունացման գործընթացում ներգրավվելու համար: Ինչպես հայտնի է, Ֆրանսիան Մակրոնի նախագահության շրջանում զգալիորեն ակտիվացրել է իր ջանքերը Լիբիայում կողմերի միջև երկխոսություն հարթելու համար՝ որոշակի մրցակցության մեջ մտնելով Իտալիայի հետ, որն ավանդաբար մեծ ազդեցություն է ունեցել այդ երկրում:   

Մակրոնի աֆրիկյան քաղաքականությունը

Աֆրիկյան տարածաշրջանի նկատմամբ Մակրոնի ընդգծված հետաքրքրվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աֆրիկյան երկրների զգալի մասը նախկինում Ֆրանսիայի գաղութներն են եղել, և Փարիզը մշտապես ձգտել է պահպանել քաղաքական և տնտեսական ամուր կապերն այս տարածաշրջանի հետ: Ավելին, Ֆրանսիայի նախկին գաղութների մեծ մասի ոսկու և արժութային պահուստները մինչև այժմ պահվում են Ֆրանսիայի Կենտրոնական բանկում, ինչը զգալի լծակներ է ապահովում Փարիզի համար այս երկրների որոշումների վրա ազդելու համար:

Աֆրիկյան երկրները Ֆրանսիայի համար կարևոր են ինչպես անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի, այնպես էլ ֆրանսիական ապրանքների սպառման և ֆրանսիական արդյունաբերության համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովման տեսանկյունից: Թերևս հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է Ֆրանսիայի ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում (Ֆրանսիան այստեղ ունի երեք ռազմական բազա): 2018թ. Բուկինա Ֆասո կատարած իր այցի ժամանակ Մակրոնը հայտարարեց, որ այսուհետ Փարիզը աֆրիկյան երկրներին դիտարկելու է որպես հավասար գործընկերների, և հիմնական շեշտը դնելու է այս երկրների զարգացման վրա՝ որպես ահաբեկչության և միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի հիմնական միջոց:

Ավելի վաղ, 2017թ. Ֆրանսիայի տարեկան դեսպանահավաքի ժամանակ Մակրոնը նշել է, որ Աֆրիկան մնալու է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության կենտրոնում: Բացի այդ, աֆրիկյան ուղղությամբ քաղաքականության ակտիվացման նպատակով Մակրոնը հիմնադրել է Աֆրիկայի հարցերով նախագահական հանձնաժողով:

Այս համատեքստում Ֆրանսիան մեծ ուշադրություն է հատկացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջմղմանը: Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիայի դիվանագիտության և ազդեցության ուժեղացման համար ֆրանսերեն լեզվի ուսուցանումն առաջնահերթություն է լինելու:

Ամփոփելով նշենք, որ աֆրիկյան տարածաշրջանում ֆրանսիական շահերի առաջմղումը բխում է միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացման Մակրոնի որդեգրած ընդհանուր քաղաքականությունից: Մակրոնը տեսլականի համաձայն՝ Ֆրանսիան պետք է ավելի «ուժեղ, միասնական և բաց» լինի:

 

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]