Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեծ ազգերը չեն կռվում անավարտ պատերազմներում. ԱՄՆ նախագահի ուղերձն արտաքին աշխարհին

Մեծ ազգերը չեն կռվում անավարտ պատերազմներում. ԱՄՆ նախագահի ուղերձն 
արտաքին աշխարհին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում շարունակվող լարված ներքաղաքական զարգացումների ֆոնին, երբ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «shutdown»-ից հետո անգամ ԱՄՆ օրենսդիր և գործադիր թևերին չի հաջողվում երկրի բյուջեի հաստատման հարցում գալ ընդհանուր հայտարարի (տեղծելով նոր shutdown-ի հավանականություն), ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առաջ հանդես եկավ ամենամյա ելույթով:

Ստորև անդրադառնանք ԱՄՆ նախագահի ելույթի արտաքին քաղաքական առավել կարևոր թեզերին:

ԱՄՆ նախագահի հիմնական շեշտադրումներից կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն ռազմական ծախսերն առավելապես ուղղելու է ներքին ռազմարդյունաբերության զարգացմանը՝ փոխարենը կրճատելով այլ երկրներում իրականացվող ծախսերը:

Այս նպատակին հասնելու համար.

  • ԱՄՆ-ն հետևողական է լինելու, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: Այս ուղղությամբ, որպես արդեն իսկ գրանցված ձեռքբերում, ԱՄՆ նախագահը շեշտեց ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից կառույցի ներսում ֆինանսական ներդրումների 100 միլիարդ դոլար աճը:
  • ԱՄՆ-ն դուրս է գալու միջազգային այն պայմանագրերից, որոնք սահմանափակում են ԱՄՆ ռազմական ներուժի զարգացմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ԱՄՆ նախագահը շեշտեց Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու փաստը՝ նշելով, որ դա կօգնի առաջ անցնել մյուս երկրներից ռազմական նորարարության ոլորտում (նկատի ունի գլխավորապես Ռուսաստանը և Չինաստանը
  • ԱՄՆ-ն դուրս է բերելու իր զորքերն անավարտ թվացող պատերազմներից` առաջնորդվելով «Մեծ ազգերը չեն կռվում անավարտ պատերազմներում» նոր նշանաբանով: Այս համատեքստում ԱՄՆ նախագահն անդրադարձավ Սիրիայից և Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը՝ նշելով, որ այսուհետ «ԻԼԻՊ մնացորդները տարածաշրջանում» ոչնչացնելու նպատակով ԱՄՆ-ն աշխատելու է իր դաշնակիցների հետ:

Ռազմական ուղղվածության շեշտադրումներից զատ, բավական հետաքրքրական էին ԱՄՆ նախագահի շեշտադրումներն՝ ուղղված Չինաստանին և Կորեական ճգնաժամի հաղթահարմանը: Մասնավորապես, Չինաստանի հետ տնտեսական համագործակցության վերաբերյալ իր շեշտադրումներում ԱՄՆ նախագահը լավատեսություն է հայտնում հնարավոր նոր առևտրային պայմանագրի վերաբերյալ: Լավատեսական են նաև ԱՄՆ նախագահի շեշտադրումները Կորեական ճգնաժամի վերաբերյալ. խաղաղության հասնելու ԱՄՆ ջանքերը Դոնալդ Թրամփն անգամ որակեց «պատմական»:

Ի տարբերություն վերոնշյալ ուղղությունների՝ Իրանի հետ հարաբերությունների հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը շարունակում է մնալ բացասական: Թրամփը շարունակում է պնդել միջուկային գործարքի չեղարկման և Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կարևորությունը: Վենեսուելայում տիրող իրավիճակի հարցում ևս ԱՄՆ նախագահը հավատարիմ մնաց ԱՄՆ կողմից նախկինում արտահայտված դիրքորոշմանը՝ վերահաստատելով իր աջակցությունն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Կոնգրեսում իր ամենամյա ելույթում ԱՄՆ նախագահը վերահաստատեց ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայիս հիմնական ուղղությունները: Հատկանշական է, որ եթե նախկինում իր արտաքին քաղաքականությունում ԱՄՆ-ն առավելապես հիմնվում էր «ռազմական գործիքների» վրա, ապա ներկայումս առավելապես ուշադրություն է դարձնելու «տնտեսական» և «դիվանագիտական» գործիքներին՝ փորձելով տարբեր հարցերի վերաբերյալ պատասխանատվությունը հավասարապես բաշխել իր գործընկերների միջև: 

 

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]