1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը գիտության խնդիրների լուծման հայեցակարգային բազա է համարում բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումը  

Փաշինյանը գիտության խնդիրների լուծման հայեցակարգային բազա է համարում 
բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրը  փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին 2019թ. բազային ֆինանսավորումը կտրամադրվի՝ հիմք ընդունելով բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի  2018 թ. սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը: Ըստ այդմ՝ կապահովվի այդ տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շարունակականությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը։ «Հարցն ընդհանրապես վերաբերում է պետության կողմից գիտահետազոտական ծրագրերի և բազային ֆինանսավորման արդյունավետությանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման  հիմնական սկզբունքներն ու չափանիշները հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարության հրամանը: Մինչև տարվա կեսը մենք շատ հստակ կունենանք տեղեկատվություն բազային ֆինանսավորում ստացող բոլոր գիտահետազոտական կենտրոնների կողմից գումարների ծախսման արդյունավետության և արդյունքների մասին: Եվ բազային ֆինանսավորման համար նոր կարգ կառաջարկենք, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ առկա է մեծ բաց: Ըստ էության, պետությունը չի հետևում կամ չի գնահատում այն կենտրոնների  արդյունքները, որոնց տալիս է բազային ֆինանսավորում:  Այս կարգն արդեն  շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,-նշել է նախարարը: 

Անդրադառնալով բազային ֆինանսավորման կարգի  փոփոխություններին, որը դժգոհություն է առաջացրել գիտական այդ շրջանակներում,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ մեխանիզմի բարեփոխումը շատ էական է գիտության հետագա ճակատագրի գործում: «Մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր դնում ենք, գիտության և իրականության, գիտության և կյանքի, տնտեսության, անվտանգության և ընդհանրապես ժամանակակից պահանջների և գիտության կապն ուժեղացնելն է կամ ստեղծելը՝ այն առումով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, մեր գիտությունը պետք է հասկանա՝ մենք ինչ ենք ակնկալում իրենից: Մենք պետք է ունենանք վստահություն, որ այդ փոխադարձաբար ակնկալիքները կարող ենք իրականացնել, և մենք գնում ենք այդ փոխադարձ ակնկալիքներն իրականացնելու մեխանիզմներ ստեղծելու ճանապարհով:

Սա շատ կարևոր է, որովհետև, մի կողմից, ասվում է, որ գիտության ֆինանսավորումը և գիտության արդյունքները բավարար մակարդակի չեն, բայց երբ այդ ոլորտում որևէ բան ենք ուզում կամ փորձում փոխել, դրանից սկսում են համապատասխան արձագանքներ. պարզվում է, որ բոլորն առանձնապես դժգոհ չեն այն վիճակից, որից դժգոհում են: Սա մի փոքր տարօրինակ իրավիճակ է, և մենք այստեղ ուղղակի պետք է շատ հստակ արձանագրենք, որ մենք իրավիճակի հետ չենք համակերպվելու»- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  պետք է գնալ ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով: «Մեզ նման վիճակում գտնվող երկրներում, հատկապես մեր երկրում, այդ միտումը կա, այդ միտումը լինելու է և շարունակելու է լինել: Դա այն է որ, այո, լավ, հեղափոխություն էր, անցավ մի քիչ, ոգևորվեցինք, հիմա տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Այսինքն՝ ամեն ինչ, ինչպես եղել է, այդպես էլ կմնա, մի քիչ կաշխուժանանք ու ամեն ինչ կմնա նույնը:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի ակնկալիքները սին են, որովհետև մենք չենք գնալու այդ ճանապարհով, հակառակ դեպքում մեր առաքելությունը կմնա կիսատ: Մենք պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով, և սենտիմենտալ փաստարկներ պետք է չընդունվեն: Մենք պետք է ունենանք  քիչ փողով շատ արդյունքներ ստանալու մեխանիզմ: Իհարկե, մեր գիտությունում, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, պրոբլեմները շատ են, և մենք պետք է շատ լուրջ համագործակենք նաև մեր գիտնականների, գիտական համակարգի հետ, որպեսզի լրջագույն փոփոխություններ անեն: Բայց ռազմավարական առումով միևնույն է, ես կարծում եմ, որ բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի այս հարցերի լուծումը»,- ասել է վարչապետը:

Հարցի քննարկման ընթացքում նշվել է նաև, որ փորձագիտական գնահատական ստանալու համար հիմնականում հրավիրվում են միջազգային փորձագետներ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն երկրում փորձագիտական ներուժի  ուժեղացման ուղղությամբ: «Մեր այսօրվա իրականության մեջ գիտություն և փորձագիտություն տերմինների միջև խզում կա: Այսինքն՝ գիտությունն ինքն իր համար կտրված, կղզիացած մի տեղ է, մյուս կողմից՝ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում փորձագետներ հրավիրելու համար, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծի»,- ասել է գործադիրի ղեկավարը: 

«Առաջին քայլը, որ պետք է պետությունն  անի, հետևյալն է. բոլոր հարցերի լուծման համար պետք է ոչ թե մենք գնանք որևէ տեղից փորձագետ հրավիրենք, որ մեր հարցը լուծի, այլ առաջինը մենք մեր գիտական միջավայրին պետք է արտապատվիրակենք այդ խնդիրը, մենք պետք է իրենց առջև այդ խնդիրը  դնենք: Սա պետք է լինի մեր կառավարության գործելակերպը: Առաջին հերթին անել առավելագույնը, որ մենք ներսում այդ հարցերի պատասխանը ստանանք: Մենք քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր գիտական պոտենցիալը զարգանա և իրենք էլ իրենց ներգրավված զգան այս բարեփոխումների ողջ գործընթացին»,-նշել է կառավարության ղեկավարը:

Քննարկվել է  ՀՀ կառավարության ծրագիրը

 

Գործադիրի այսօրվա նիստում քննարկվել է  ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Նախագծում, մասնավորապես, արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները, որոնց ներքո գործելու է կառավարությունը, արժեհամակարգը, որի կերտմանը ձգտելու է կառավարությունը»,-ասել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ  առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: «Ծրագիրը ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց անմիջապես հետո կառավարությունը կնախաձեռնի դրանից բխող միջոցառումների ծրագրի ձևավորման և հաստատման գործընթացը, որի արդյունքում մանրամասն կամրագրվեն հիմնական թիրախները, նպատակային ցուցիչները, չափելի արդյունքներն ու  ժամկետներն՝ ըստ ոլորտների»,-հայտնել է փոխվարչապետը:  

Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկար աշխատել է նախագծի վրա և հանձնարարել է այն վերջնական տեսքի բերելուն ուղղված աշխատանքներն իրականացնել հնարավորինս պարզ, հասկանալի, որպեսզի  տարընթերցումների տեղիք չտրվի: Նիկոլ Փաշինյանն առաջակել է Կառավարության ծրագիրը, վերջնական տեսքի բերելուց հետո, հաստատել վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան:

   

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում կիրականացվեն  6 դպրոցների քանդման աշխատանքներ

 

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար առկա շենք շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է Երևանի՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները: Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.-ին: Քննարկման արդյունքում  առաջարկվել է պահպանել չորս դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք, իսկ  Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և թիվ 116 հիմնական դպրոցների շենքերը նախատեսվում է քանդել ամբողջությամբ, քանի որ տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն դրանք ամրացման ենթակա չեն: Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն և այդ նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծրագրում ներառված է 46 դպրոց, ընտրվել են առավել խոցելիները: 

Նիկոլ Փաշինյանը նշել է,  80 մլն դոլար վարկային այս ծրագիրը շատ դանդաղ տեմպերով է իրականացվում: Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ դրա պատճառներից է նաև   համաֆինանսավորման խնդիրը: 

«Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչո՞ւ ենք այսպիսի տեմպերով առաջ գնում:  Ինչի մենք ամեն շաբաթ մեկ դպրոցի, երեք-չորս դպրոցի հարց չենք լուծում, ինչո՞ւ բոլորի ուղղությամբ չենք գնում առաջ: Պետք է համաֆինանսավորման աղբյուրներ գտնել և գնալ առաջ»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև որակի նկատմամբ լուրջ վերահսկողության իրականացումը: «Պետական շինարարություն տրամաբանությունը շատ երկար տարիներ մեր ընկալումներում չի փոխվում:  Այն է, որ  պետական շինարարությունը կարող է մի քիչ ծուռ լինել, գույնն այն չլինել»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հատկապես պետական միջոցներով շինարարությունը պետք է իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ  բարձրացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար դպրոցների հարմարավետ շենքեր նախագծելու հարցը: Վարչապետն այդ առումով նշել է.«Մեր ռազմավարությունն է, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի անցնենք և անցնում ենք: Բոլոր նախագծերում այս հանգամանքը պետք է հաշվի առնվի, խնդրում եմ նորից ստուգել, եթե որևէ տեղ այս հարցը լուծված չէ, թող համապատասխան նախագծային փոփոխություններ արվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի. վարչապետ

 

Գործադիրը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Վարդան  Ուռուտյանի ընտրության արդյունքները: Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Անդրադառնալով բուհերի ապաքաղաքականացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա շատ կարևոր հարց է, որովհետև այն եղել է մեր կառավարության և մեր քաղաքական գործունեության ուղեգիծը: Բայց այսօր նաև  հնչում են այդպիսի մեղադրանքներ, որ բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, և օրենքով չնախատեսված միջամտություններից մենք մեզ դուրս ենք դնում: Այդ առումով նշեցիք, որ խորհուրդների ինքնակառավարման ինստիտուտի հաստատման և ուժեղացման ճանապարհին մենք բավականին գործ ունենք անելու, այդ թվում նաև օրենսդրական փոփոխությունների տրամաբանությամբ: Կարծում եմ՝ այստեղ մենք պետք է նաև բուհերի դասախոսական կազմին, ուսանողներին առավել կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ հղենք, որպեսզի ավելի շատ կարողանանք համագործակցել նոր բովանդակությունը ստեղծելու հարցի շուրջ և ուղղակի նեղ անձնավորված խնդիրների տրամաբանությունից դուրս գանք, որովհետև մեր խնդիրը իսկապես լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելն է»:

 

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

 

Կառավարությունը թույլատրել է  «Լիկվոր» ՓԲԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Լիկվոր»-ը ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն է և  գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 623 943 800 ՀՀ դրամի ներդրում, որն ուղղվելու է հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը: Արդյունքում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 500 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի  12 927 548 434 ՀՀ դրամ, որից 3 778 908 281 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին վերլուծություն կատարել արտոնությունների տրամադրման  այդ գործիքակազմի արդյունավետությունը պարզելու համար:  «Այստեղ մենք կարիք ունենք հասկանալու՝ այս գործիքակազմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Հակառակ դեպքում կստացվի որ մենք հարկային արտոնություններ ենք տալիս և դրա դիմաց ոչինչ տեղի չի ունենում»,-ասել է կառավարության ղեկավարը:  

 

Այլ որոշումներ.  նոր մարզպետներ են նշանակվել

 

Գործադիրի որոշումներով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ, իսկ Հայկ Չոբանյանը՝ ՀՀ Տավուշի մարզպետ:

Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին և մաղթել հաջողություններ: «Բոլոր մարզերում առաջնային խնդիրը նոր ներդրումների ներգրավումն է և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխություններ: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցենք, քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, նրանց համար նաև հնարավորություններ ցույց տանք, թե ինչպիսի ներդրումներ կարելի է անել Հայաստանի Հանրապետության և հատկապես մարզերի զարգացմանը նպաստելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Շենավան համայնքում հունիսի 9-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Գործադիրի որոշմամբ Կատարի Պետությունում կհիմնվի  ՀՀ դեսպանություն (նստավայրը` Դոհա): Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Կատարի միջև քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]