Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաստատվեց կառավարության հնգամյա ծրագիրը. այն կխմբագրվի և կներկայացվի ԱԺ  

Հաստատվեց կառավարության հնգամյա ծրագիրը. այն կխմբագրվի և կներկայացվի ԱԺ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց իր առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության հիմնական նպատակները, խնդիրները, առանցքային քայլերը, արժեհամակարգը, որին ձգտելու է կառավարությունը:

«Առաջիկա հինգ տարին կառավարության գործունեությունն ուղղված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան արտահանմանը, իսկ հետո դրանցից բխող միջոցառումները կհաստատվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել՝ կառավարությունը մի քանի անգամ երկար ժամերով աշխատել է տեքստի վրա: «Այս առումով բավարար չափով ներառական է, բայց կունենանք անհրաժեշտություն ոճական, բառապաշարային առումով սինքրոնացնելու և դե յուրե ժամանակ ունենք խմբագրական բնույթի աշխատանքներ անելու: Մենք պետք է աշխատենք, որ ծրագրի ձևակերպումները լինեն առավելագույնս պարզ»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ներառականությունը և մասնակցությունը շատ ընդարձակ են, խմբագրական բնույթի խնդիրներ ունեն, որ կհասցնեն ամփոփել և մինչև փետրվարի 8-ը խմբագրած տարբերակը կուղարկեն ԱԺ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ ծրագիրը կազմվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա:

Վարչապետն առաջարկեց վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան կառավարության կազմով հավաքվել և այն վերջնական տեսքի բերել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջ քաշեց դատավորների  ծանրաբեռնվածության խնդիրը, և վարչապետն այդ առումով կարևորեց վեճերի լուծման այլընտրանքային համակարգի ներդրումը, առավել ևս տնտեսական ոլորտում դրա առանձնակի անհրաժեշտությունը:

Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
  2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
  3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
  4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
  5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
  6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
  7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
  8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]