Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է ունենան իրենց ներկայացուցիչը. ՀՀ վարչապետ

Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է ունենան իրենց 
ներկայացուցիչը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել, մենք պարզապես հանդիպում ենք, զրուցում, կարծիքներ փոխանակում գործընթացների, բանակցային գործընթացի պատմության մասին: Մենք չենք ակնկալել, որ մեր այդ շփումների արդյունքում լինելու են որոշակի տեղաշարժեր»:     

Հայտնելով, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ՝ վարչապետն ընդգծել է. «Նրանք աշխատում են այդ հնարավոր հանդիպումը կողմերի համար ավելի հասկանալի դարձնելու համար. ինչ և ինչպես ենք քննարկելու: Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշակի հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ՝ հայտարարել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը, այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է»:

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, այդտեղ անցկացվում են ընտրություններ, ընդ որում, ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: «Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարել զուգահեռներ տանելը ԼՂ հիմնախնդրի և այլ, օրինակ Դոնբասի կամ Աբխազիայի խնդիրների միջև: «Մեզ համար բացարձակ անընդունելի է, որ նման իրադրությունների միջև կարող են զուգահեռներ տարվել, քանի որ դրանք բացարձակ այլ ծագում ունեն, տարբեր իրավիճակներ են»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]