Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել  


ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 «Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Չնայած իրավիճակի կայունացմանը՝ հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը և ուղեկցող հիվանդությունները: Ցավոք, վերջին երկու օրվա ընթացքում մահվան դեպք է արձանագրվել: Հանգուցյալի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-տեղեկացնում են նախարարությունից:

 Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունն, ընդհանուր առմամբ, նվազել է՝ կազմելով 1275: Հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը  երեխաներ են: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 89 կանչ: 

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից՝ ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երևան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել: 

  Ավելի վաղ հանրապետությունում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով պայմանավորված մահվան դեպք էր գրանցվել: Մահացածը եղել է կին, որ զուգահեռ ունեցել է նաև այլ հիվանդություններ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ