Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային հրթիռների մասին պայմանագրից. որո՞նք են հնարավոր պատճառները և հետևանքները

ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային հրթիռների մասին պայմանագրից. որո՞նք են 
հնարավոր պատճառները և հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 1-ին Սպիտակ տունը և ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից: ԱՄՆ գերատեսչությունների կողմից տարածված հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ն փետրվարի 2-ից կդադարեցնի  համաձայնագրով սահմանված իր պարտականությունների կատարումը՝ տեղեկացնելով Ռուսաստանին պայմանագրից 6 ամսվա ընթացքում իր դուրս գալու մասին: Համաձայն ամերիկյան կողմի հայտարարության՝ եթե այս ամիսների ընթացում Ռուսաստանը չվերացնի պայմանագրի դրույթներին չհամապատասխանող իր բոլոր զենքերը, պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ:

Պատասխանելով ԱՄՆ պետական գերատեսչությունների այս հայտարարություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ իրենց պատասխանը հայելային է լինելու և ՌԴ-ն ևս կդադարեցնեն պայմանագրին իր մասնակցությունը:

Նշենք, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է 1987թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջևր: Պայմանագիրը ստորագրել են Ռոնալդ Ռեյգանը և Միխայիլ Գորբաչյովը: Խորհրդային երկրներից պայմանագիրն այժմ արդիական է միայն Ռուսաստանի համար, քանզի միայն այդ երկիրն ունի պայմանագրով արգելված հրթիռներ արտադրելու ներուժ: Ըստ պայմանագրի՝ կողմերին արգելվում է ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500–5,500 կմ գործողության շառավղով թևավոր հրթիռներ: Կնքված պայմանագրի ադյունքում՝ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը ոչնչացրել են ընդհանուր 2,692 միջին և փոքր հեռահարության հրթիռներ, որի համար վերջնաժամկետ էր սահմանված 1991թ. հունիսի 1-ը: Ոչնչացված հրթիռների 2/3-ը պատկանում էր Խորհրդային Միությանը, իսկ մնացածը՝ ԱՄՆ-ին: Յուրաքանչյուր երկրի թույլատրվել է պահպանել ոչնչացված հրթիռների մարտագլխիկները և կառավարման համակարգերը:

Պայմանագրից կողմերի դուրս գալու հնարավոր հետևանքներին անդրադառնալիս, կարևոր է հաշվի առնել այն հիմնական պատճառները, որոնք ստիպել են ԱՄՆ-ին դիմել այս քայլին: Այդ պատճառների շարքում կարելի է առանձնացնել.

  • 2020թ.-ին սպասվող ԱՄՆ նախագահական ընտրությունների ընդառաջ ԱՄՆ նախագահը, նախընտրական իր  խոստումներին համաձայն, ազատվում է «վատ պայմանագրերից» (որոնց շարքում էին նաև Փարիզի համաձայնագիրը, ՆԱՖՏԱ-ն, Իրանի հետ միջուկային գործարքը), որոնք, ըստ իրեն՝ վնասում են ԱՄՆ շահերը: Բացի այդ Թրամփը փորձում է ապացուցել ներքին լսարանին, որ ԱՄՆ-ն անզիջում է ՌԴ դեմ պայքարում:
  • Դուրս գալով պայմանագրից՝ ԱՄՆ նախագահը նաև փորձում է վախեցնել ՆԱՏՕ անդամ գործընկերներին, որպեսզի նրանք սկսեն ավելի շատ մտահոգվել իրենց անվտանգության համար՝ մեծացնելով կառույցի շրջանակներում իրենց ֆինանսական ներդրումները:
  • Պայմանագրից դուրս գալով Թրամփը նաև ցանկանում է հարստացնել ԱՄՆ միջուկային զինանոցը և զարգացնել Ամերիկյան ռազմարդյունաբերությունը, ինչն առավելապես ծառայելու է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ սահմանված նպատակին՝ «ԱՄՆ-ն կպատասխանի Չինաստանից և Ռուսաստանից եկող բոլոր տնտեսական, քաղաքական և ռազմական մարտահրավերներին, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ անվտանգությանը»:
  • Բացի այդ, չեղարկելով սույն պայմանագիրը, Դոնալդ Թրամփը ձգտելու է կնքել նոր, ավելի ընդլայնված պայմանագիր, որը հնարավորության դեպքում կներառի նաև, օրինակ Չինաստանին և/կամ ԿԺԴՀ-ին: Սա թույլ կտա ԱՄՆ վարչակազմին կանխել նաև նրանց կողմից միջին և փոքր հեռահարության հրթիռների ձեռք բերումը և ստեղծումը:

Ամփոփոլով կարող ենք փաստել, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից կողմերի դուրս գալն, իհարկե, կարող է անվտանգային նոր մարտահրավերներ ստեղծել՝ սրելով կողմերի միջև լարվածությունը: Միևնույն ժամանակ լավատեսության հիմք է տալիս ԱՄՆ կողմի արտահայտած պատրաստակամությունը՝ շարունակել ՌԴ հետ երկխոսությունը հնարավոր նոր պայմանագրի շուրջ: Այս հարցում ԱՄՆ կառուցողական քայլերի, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք հաջորդ տարի՝ ԱՄՆ-ում սպասվող ընտրություններից հետո միայն, եթե, իհարկե, Թրամփին հաջողվի հաղթել ընտրություններում:

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]