Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մարտ

Թե ինչպես «ամենավատ» աշակերտը դարձավ լավ երաժիշտ. Արման Սաֆարյանի «Նորամուտ»-ը


ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորամուտ»-ի 22-ամյա հերոսի նպատակը Հայաստանում ռոք մշակույթը զարգացնելն է: Արվեստով միշտ հետաքրքրված Արման Սաֆարյանը երաժշտական դպրոցում այնքան վատ է սովորել, որ հավակնել է «ամենավատ աշակերտ» տիտղոսին: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոս երաժիշտ-մշակութաբանը հավաքեց իր առաջին խումբը: Մեզ հետ զրույցում նա պատմում է առաջին քայլերի, կիթառ նվագելու և իր «The Hiwave» ռոք խմբի նոր ալբոմի մասին:

Արվեստի նկատմամբ սեր

Արվեստն ինձ միշտ է հետաքրքրել: Այդ իսկ պատճառով ընդունվեցի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի փիլիսոփայության բաժին, որ զբաղվեմ արվեստի փիլիսոփայական անալիզով:

Երաժշտություն սկսեցի նվագել «Բիթլզ» խմբի շնորհիվ: Ռոք երաժիշտների մեծ մասի մոտ ամեն ինչ սկսվել է հենց «Բիթլզից»: «Բիթլզի» «A Hard Day's Night»-ը վինիլային ձայնապնակով ունեի, ամբողջ ալբոմը ծայրից ծայր լսեցի, և այդտեղից սկսվեց իմ խելագար սերն այդ լեգենդար խմբի նկատմամբ: Կիթառ նվագելն ու երգելը ինձ միշտ դուր են եկել:

Կիթառ սովորելու նպատակով 9 տարեկանում ընդունվեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Այդ դպրոցի վատագույն աշակերտն էի: Այն, ինչ այնտեղ հանձնարարում էին, հակասում էր իմ պատկերացրածին: Հետագայում սկսեցի ինքնուրույն կիթառ նվագել սովորել և հասկացա, որ ակադեմիական մոտեցումներն այլ են, ռոք մոտեցումը՝ բոլորովին այլ:

«Վատագույն» աշակերտներն ու նրանց խումբը

Դպրոցում մրցում էի վատագույն աշակերտի կոչման համար մի տղայի՝ Միքայել Մելիքյանի հետ։ Մենք երկուսով հետագայում մեր առաջին խումբը հիմնադրեցինք:

Դպրոցն ավարտելուց հետո երկար տարիներ շփում չունեինք, նորից ծանոթացանք ու ստեղծեցինք «Werewolf» խումբը: Այն հայաստանյան պատմության մեջ առաջին փանկ-ռոք խումբն է եղել: 3 տարվա ընթացքում 50 համերգ ենք ունեցել:

Ի դեպ, խումբ հավաքելու գաղափարակիցներից մեկը մեր աշխարհահռչակ նկարիչ Մինաս Ավետիսյանի թոռն էր՝ Մինաս Ավետիսյանը, ով ռոքի նկատմամբ սեր ուներ: Խմբի կազմում նվագում էին Մինաս Ավետիսյանը, Միքայել Մելիքյանը և Արեգ Ապրեսյանը, ես: Մինչև 2013 թվականը միասին նվագեցինք, հետո խումբը ցրվեց:

«The Hiwave»

Երբեք չեմ ցանկացել Կոնսերվատորիա ընդունվել, ինձ չեմ համարում կոմպոզիտոր, երգիչ, ես պարզապես մարդ եմ, որը նպատակ ունի զարգացնել ռոք մշակույթը:

2013-ին ընդունվեցի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, որտեղ սովորում էր նաև մեր «Werewolf» խմբի թմբկահարը՝ Աշոտ Զանգինյանը: Նա համալսարանում իմ միակ ծանոթն էր: Որոշեցինք միասին խումբ հավաքել: Աշոտն ինձ ծանոթացրեց Համլետ Շտիկյանի հետ, ով 2013 թվականից մինչ օրս իմ երգերի համահեղինակն է: Կարծես Լենոն-Մաքարթնի զույգը լինենք. ամեն ինչ մեզ մոտ 50/50 է: Ստեղծվեց «The Hiwave» ռոք խումբը, որի կազմը, բացի Համլետից, Աշոտից և ինձնից, համալրեցին նաև Մարինա Սարգսյանը և Հրաչյա Հովհաննիսյանը:

Երբ նոր էինք խմբի համար անուն մտածում, ուզում էինք այնպիսի բան ընտրել, որ գոյություն ունեցած չլիներ: «The Hiwave» ոչինչ չի նշանակում, եթե բառացի բացենք՝ «Բարև ալիք», բայց որպես մեկ բառ ոչ մի բառարանում չկա: Ամենակարևորը մեր նվագած երաժշտությունն է և ոչ թե այն, թե մեր անունն ինչ է:

Սկզբում միայն զուտ նվագում ու երգ էի գրում, հետո ընկերներս առաջարկեցին, որ փորձեմ նաև երգել: Եվ սկսեցի նաև երգել:

Վերջերս լույս է տեսել մեր խմբի՝ 15 երգ ներառող «One Way Trip» ալբոմը (այդ երգերից մեկի անվամբ): 15 երգն այնպես է դասավորված, որ առաջինից մինչև վերջինը օրվա մեկ ժամի մասին է. դրա համար է շապիկին ժամացույց պատկերված:

Լրագրողական որոշակի փորձ

Փիլիսոփայություն ուսումնասիրելու ընթացքում հասկացա, որ իմ առաջնային նպատակն արվեստի փիլիսոփայական անալիզն էր: Հետո գիտակցեցի, որ ինձ ինչ-որ գործնական բան է պետք: Որոշեցի ուժերս փորձել լրագրության ասպարեզում: Հատուկ ռոքի մասին նյութեր սկսեցի գրել, դրանք նաև տպագրվեցին մամուլում:

Իմ հիմնական նպատակը, ինչպես արդեն ասացի, Հայաստանում ռոք մշակույթը զարգացնելն է՝ նվագելով, երգելով, հոդվածներ գրելով և այլն: Ցանկացած մեթոդով:  

Ոլորտային խնդիր

Երաժիշտների գործունեության իրականացմանը խանգարում է ձայնագրման ստուդիաների պակասը Հայաստանում: Կան մի քանի մանր ստուդիաներ, որոնք կահավորված են տարբեր մարդկանց տներում: Կան մեծ ստուդիաներ, որոնց համար մեծ գումարներ են պահանջվում: Երկրորդ խնդիրն այն է, որ ԶԼՄ-ները մեր ասպարեզին՝ ռոք երաժշտությանը, գրեթե ուշադրություն չեն դարձնում:

Չկան տեղեր, որտեղ հնարավոր է համերգներ տալ: Ակումբները տոտալ փակվում են, ինչը ևս խնդիր է: Ակումբներ կան, որտեղ ստիպված ես նվագել իրենց ցանկացած ծրագիրը և ոչ թե քո սեփական գործերը: Այսպիսով՝ հեղինակային գործերդ չեն հասնում ունկնդրին:

Առաջիկա ծրագրեր

Այս պահին «The Hiwave» խմբով ստուդիայում աշխատում ենք մեր երկրորդ սկավառակի վրա, ձայնագրում ենք այն: Ցանկանում ենք ստեղծել սկավառակ, որոնց երգերը թեմատիկայով կապված լինեն:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի և Արման Սաֆարյանի անձնական արխիվից




Այս թեմայով

... վերջին լուր "«Նորամուտ»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ