Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախաձեռնում են Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը

Նախաձեռնում են Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի նախաձեռնությամբ Հայաստանում  նախատեսվում է իրականացնել Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ներկայացման կազմակերպիչները:

«Տիգրան Մեծի մասին քառասունից ավելի օպերաներ են գրել այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վիվալդին, Գունոն, Հասեն: Տարբեր պատճառաբանություններով մենք  չունենք այս քառասուն օպերայից որևէ մեկի բեմադրությունը: Որքանով ինձ հայտնի է, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման շրջանակում հնչել է մի փոքր հատված Վիվալդիի «Տիգրան Մեծ»  օպերայից»,-ասաց ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:

Նրա  խոսքով` մեր պատմության ընթացքում  միշտ հերոսների կարիք ենք ունեցել: Նրանց կարիքը կա նաև այսօր: Դա է պատճառը, որ իրենք նախաձեռնել են «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը: «Տիգրան Մեծ ասելով` միայն ծովից ծով Հայաստան ենք պատկերացնում, բայց պատմությունը փաստում է, որ Տիգրան Մեծի կառավարման տարիներին ունեցել ենք բավականին զարգացած մշակույթ, մարդկային բարձր փոխհարաբերություններ,   բարձր արժեքային համակարգ: Այս օպերայի լիբրետոյին ծանոթանալով` տեսնում ենք, որ այստեղ Տիգրանը ներկայանում է ոչ թե որպես մեծ զորավար, այլ որպես մարդասեր»,- պատմեց Մանասյանը:

Անդրադառնալով ներկայացման բյուջեին` նա շեշտեց, որ բեմադրությունը կյանքի կոչելը խենթ նախաձեռնություն է, քանի որ իրենք բյուջե չունեն: «Երդվում եմ` այս բեմադրությունը կիրականացվի: Ես շատ կցանկանամ, որ այն տեղի ունենա Գառնու հեթանոսական տաճարում, քանի որ թեման հեթանոսական է: Այնտեղ հնարավոր է 3000 մարդու համար ամֆիթատրոն ստեղծել»,- ընդգծեց ֆիլհարմոնիայի տնօրենը:

Բեմադրության իրականացման համար Գագիկ Մանասյանի հրավերով Հայաստան ժամանած ռեժիսոր Գեորգի Իսահակյանը նշեց, որ ինքը Ռուսաստանում ստեղծագործող այն քիչ բեմադրիչներից է, որ գրեթե ամեն տարի  բարոկկո դասական ոճով օպերաներ է բեմադրում: «Այս ժանրի օպերաներն աշխարհում այսօր շատ տարածված են ու պահանջված: ԱՄՆ-ի, Եվրոպայի գրեթե յուրաքանչյուր օպերային թատրոնում անպայման ամեն տարվա խաղացանկում ընդգրկվում են մեկից ավելի բարոկկո ոճով արված ներկայացումներ: Կարծում եմ, Հասեի  օպերայի բեմադրությունը խոշոր իրադարձություն կլինի Հայաստանի մշակութային կյանքում»,-ասաց Իսահակյանը:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը խոստովանեց, որ գործ են ունենալու շատ լուրջ  կատարողական խնդիրների հետ: «Մեր օրերում եվրոպական մի շարք երաժշտական ակադեմիաներում, կոնսերվատորիաներում ամբիոններ են բացվում բարոկկո երաժշտության կատարողական սկզբունքներն  ուսումնասիրելու նպատակով: Այսօր կան նվագախմբեր, որոնք բարոկկո դարաշրջանում ստեղծված ստեղծագործությունը հատուկ տեխնոլոգիայով են  նվագում»,- պատմեց նա և շեշտեց, որ  իրենք պետք է այնպիսի նվագախումբ  կազմեն, որը կկարողանա լիարժեք ներկայանալ բարոկկո ոճում:

Դիրիժորը չմոռացավ նաև երգչախմբի մասին՝ ասելով, որ  երգիչների հետ կապված խնդիր նույնպես կա, քանի որ «Տիգրան Մեծ» օպերան գրված է այն ժամանակաշրջանում, երբ կանանց արգելված էր բեմ դուրս գալ: «Ներկայացումներում ընդգրկվում էին տղաներ, որոնք կանացի ձայներ ունեին: Մենք այդպիսի երգիչներ չունենք: Անցկացնում ենք երգիչների մրցույթ, որպեսզի հասկանանք, թե ինչ ձայներ կան: Գուցե նրանցից ոմանք ընտրվեն մասնակցելու օպերային, գուցե հրավիրենք կատարողների արտերկրից»,- նշեց Ասատրյանը և կարևորեց ստեղծագործական առողջ մթնոլորտի առկայությունն աշխատանքի հաջողության գործում:

Սոպրանո, ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը, որը նույնպես հրավիրված է մասնակցելու օպերայի ստեղծման աշխատանքներում, ասաց, որ մեծ ուրախությամբ կուսումնասիրի նյութը: «Եթե իմ ուժերը ներեն, սիրով կլծվեմ այս գործին ու հանդես կգամ օպերայում: Բարոկկո ոճի երաժշտությունն իմ առարկան է, իմ սիրելի ժանրը. Եվրոպայում լավագույն մասնագետների մոտ եմ ուսումնասիրել այն: Ինչպես արդեն նշվեց, այնտեղի կոնսերվատորիաներում հատուկ ուսումնասիրվում է բարոկկո երգեցողությունը, որը արտաբերման հատուկ տեխնիկա է պահանջում: Այն, ինչ կարելի է կիրառել Պուչինիի, Վերդիի, Դոնիցետիի օպերաներում, չես կարող կիրառել բարոկկո ոճում»,-ներկայացրեց երգչուհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am