Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

G2crowd վարկանշային աղյուսակում «Ֆեյսբուք»-ին գերազանցած երիտասարդները կոտրում են բիզնեսի մասին կարծրատիպերը

 G2crowd վարկանշային աղյուսակում «Ֆեյսբուք»-ին գերազանցած երիտասարդները 
կոտրում են բիզնեսի մասին կարծրատիպերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Renderforest.com հարթակի հիմնադիրներն ու աշխատակիցները կոտրում են Հայաստանում բիզնեսի վերաբերյալ ձևավորված բոլոր կարծրատիպերը: 2014թ.-ին ստեղծված վիդեոխմբագրման առցանց հարթակն արդեն կարողացել է G2crowd վարկանշային աղյուսակում դրական կարծիքներով գերազանցել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին: Ընկերության ստեղծման, երիտասարդների շարժառիթի ու գրանցած հաջողությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Renderforest ընկերության մարքետինգային թիմի ղեկավար Ռոման Դանեղյանի հետ:

Գաղափարի առաջացումը

Գաղափարն առաջացել է 2013թ.-ին, երբ մեր հիմնադիրը ստեղծում էր անիմացիոն տեսահոլովակներ առանձին ընկերությունների համար: Այդ ժամանակ չկար ավտոմատացված լուծում, ու, երբ դիմում էին ստարտափեր կամ փոքր ընկերություններ, որոնք չունեին համապատասխան գումար` տեսահոլովակ պատվիրելու համար, որովհետև բավական թանկ հաճույք է, գաղափարը առաջացավ` ստեղծելու նմանատիպ հարթակ, որը թույլ կտա բոլորին, անկախ իրենց տեխնիկական հմտություններից պատրաստել վիդեո կոնտենտ ու օգտագործել տարբեր նպատակներով:

Մինչև նոյեմբեր գործում էր միայն տեսահոլովակներ պատրաստելու օնլայն հարթակը, նոյեմբերից նաև տարբերանշաններ պատրաստելու հարթակ ունենք, որը թույլ է տալիս առցանց պատրաստել տարբերանշան: Դրա պատրաստման համար օգտագործվում է արհեստական ինտելեկտն ու մեքենայական ուսուցումը: Օգտատերը մեկ-երկու բառով ներկայացնում է, թե ինչպիսի տարբերանշան է ցանկանում, որոշակի բանալի բառեր է գրում ու արդեն համակարգն ավտոմատ կերպով գեներացնում է, մի քանի րոպեի ընթացքում իր բրենդի համար տարբերանշան է ստեղծում:

Տեսահոլովակներ պատրաստելու հարթակը օգտագործել է 5 միլիոնից ավելի օգտատեր, պատրաստված ավելի քան 12 մլն հոլովակ կա այս պահին, մեր թիրախը մեծամասամբ դրսում է, Հայաստանում թիրախավորում չենք էլ արել, խնդիրը կապված էր տեխնիկական լուծումների հետ: Տեխնիկապես հնարավոր չէր հայկական հոլովակներ պատրաստելու հնարավորությունն ապահովելը, բայց մենք փորձեցինք այդ խնդիրը լուծել, ու անցած տարվա մայիսին թողարկեցինք Unicode ֆոնտեր, որոնք արդեն թույլ կտան մեր հարթակի հետ ինտեգրել հայալեզու տառատեսակները ու նաև հայալեզու տեսահոլովակներ պատրաստել:

Ընկերություն հիմնադրելու շարժառիթը

Մի կարծրատիպ կա, որ Հայաստանում բիզնես հիմնել ու առաջ գնալ այդքան էլ հնարավոր չէ: Երբ նոր էր մեր հարթակը ստեղծվում ցանկանում էինք ստեղծել մի բրենդ, որը կզարգանար հենց Հայաստանում ու կկոտրեր այս կարծրատիպը, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա հնարավոր է:

Գերազանցեցին «Ֆեյսբուք»-ին

G2crowd-ը կարծիքների հիման վրա ձևավորված մի հարթակ է, որտեղ ընկերությունները գրանցվում են, իսկ օգտատերերը գրանցվում են ու ընկերությունների վերաբերյալ գրում են իրենց կարծիքները: Քանի որ դրական կարծիքները շատ են եղել, մենք կարողացել ենք 100 ընկերությունների մեջ առաջ անցնել այնպիսի ընկերություններից, ինչպիսին «Ֆեյսբուք»-ն է:

Ընկերության առավելությունները

Առաջինն արագությունն է: Մեզ մոտ մրցակիցների հետ համեմատած բավական արագ է տեսահոլովակի պատրաստման գործընթացը, մոտ մեկ տարի առաջ մենք տասը անգամ արագացրեցինք տեսահոլովակի ներբեռնման արագությունը, այսինքն` հնարավոր է 1-2 րոպեի ընթացքում ստանալ 10 րոպեանոց անիմացիոն հոլովակ:

Երկրորդը` հաճախորդների սպասարկման կենտրոնի օպերատիվությունն է: Այդ աշխատանքով զբաղվում ենք շաբաթական 7 օր, օրվա ընթացքում 24 ժամ: Մեր ընկերության հետ կապված ցանկացած խնդրով ամենաշատը 20 րոպեում օգնում ենք մեր օգտատերերին:

Երրորդ առավելությունը մեր մոտ առկա տեսահոլովակների կաղապարների քանակությունն է: Մենք ունենք ավելի քան 500 կաղապար, որոնք ամեն շաբաթ 3-4-ով ավելանում են` կապված պահի թելադրանքից:

Ինչպես դառնալ թիմի անդամ 

Մեզ մոտ կամ մասնագետներն արդեն փորձով են եկել կամ մեզ մոտ կամավորների տեսքով ընդունել ենք, իրենց հետ աշխատել ու ընդունել աշխատանքի: Միջին տարիքային շեմը 24-25 տարեկան է:

Թիմի անդամ դառնալու ամենակարևոր նախապայմաններից մեկը զարգանալու ու թիմի հետ աճելու մտածելակերպն ունենալն է:

Ապագայի ծրագրերը

Մենք պատրաստվում ենք թողարկել հաջորդ պրոդուկտը, որը կայքեր ստեղծելու համար է նախատեսված լինելու: Այսինքն` Renderforest-ը դառնալու է 3-ը 1-ում հարթակ, որտեղ հնարավոր կլինի ստեղծել կայք, այդ կայքի համար տարբերանշան և անիմացիոն գովազդային տեսահոլովակներ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am