Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան

ՀՀ վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ 
հանձնարարությունների դեսպան

ՔՅՈԼՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Վարչապետը նկատեց, որ Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն:

«Օրինակ, սփյուռքի նախարարությունը մշտապես արտերկրում հայկական կրթօջախների համար ուղարկում էր դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր կրթության և գիտության նախարարությունը: Եվ մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի նախարարության ծրագրի շրջանակներում, իսկ դասագրքեր ստանում են մեկ այլ նախարարության կողմից:

Ստացվում է, որ այդ դասագրքի օգտագործումը և ուսուցիչների վերապատրաստումը դառնում է ոչ արդյունավետ:

Կառավարության կազմի օպտիմալացման մեր ամբողջ նպատակը հետևյալն է՝ ամեն գործառույթով պետք է զբաղվի մեկ մարմին: Կրթության հարցով զբաղվողը պետք է լինի ԿԳՆ-ն: Այս հանգամանքների բերումով Սփյուռքում մենք հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, իսկ Հայաստանում՝ մեկ այլ: Նույնն էլ մշակույթի ոլորտում»,- նշեց վարչապետը: Նա ընդգծեց, որ քաղաքականության անկյունաքարը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի հայի ինքնությունն իրար մոտեցնելը:

«Ըստ էության մեր պատկերացումը հետևյալն է՝ սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա՝ բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց: Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան, ով կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի անմիջական ղեկավարությամբ»,- հայտարարեց Փաշինյանը: 

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]