Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դանիայի ավագ դպրոցներից մեկում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված դասընթաց

Դանիայի ավագ դպրոցներից մեկում  անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված 
դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Հելսինգե համայնքի ավագ դպրոցի 90 աշակերտների համար անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ դասընթաց, որը նախաձեռնել է դպրոցի ուսուցիչ Մարտին Թորբյորն Կնուդսենը (Martin Thorbjørn Knudsen)՝ Դանիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դասընթացի մեկնարկին Մարտին Կնուդսենն աշակերտներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը` մասնավորապես խոսեց երիտթուրքերի կողմից հայերի ծրագրային ոչնչացման դրդապատճառների ու ցեղասպանության հետևանքների մասին: Կնուդսենն անդրադարձել է նաև Թուրքիայի իշխանությունների` Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման քաղաքականությանը և ցեղասպանությունների գիտակցման ու ընդունման կարևորությանը` որպես ապագա սերունդների երկխոսության ու համերաշխության երաշխիք:       

Դասընթացին, որպես հիմնական դասախոսներ էին հրավիրվել դանիացի պատմաբան և համեմատական ցեղասպանագիտության մասնագետ Մաթիաս Բյորնլունդը (Matthias Bjørnlund) և Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Մաթիաս Բյորնլունդը «Հայոց ցեղասպանություն. սկզբից մինչ և վերջ» գրքի հեղինակն է, որը տպագրվել է դանիերեն լեզվով 2013 թվականին և լայն արձագանքի է արժանացել Դանիայի հասարակական, քաղաքական և գիտական շրջանակներում:        

Մաթիաս Բյորնլունդի դասախոսությունը նվիրված է եղել 19-20-րդ դարերի հայոց պատմությանը, նախկինում հայերով բնակեցված տարածքների նկարագրությանը և հայաթափման ողբերգալի իրադարձություններին: Նա հանգամանալից ներկայացրել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի և հարցի առնչությամբ եվրոպական երկրների դիրքորոշման մասին, ինչպես նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետ կապված սկանդինավյան արձագանքին ու հազարավոր հայ երեխաների կյանք փրկած դանիացի միսիոներներ Կարեն Յեպպեի (Karen Jeppe) ու Մարիա Յակոբսենի (Maria Jacobsen) մարդասիրական գործունեությանը:

Դեսպան Արզումանյանի դասախոսության առանցքը ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված միասնական պայքարի կարևորությունը ներկայացնելն է եղել: Այդ համատեքստում դեսպանն առանձնացրել է 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու շարունակական ջանքերը: Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում անցկացվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որն արդեն իսկ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման ու այդ հանցագործության դեմ միասնական պայքարի կարևոր հարթակ է դարձել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]