Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված բազմաբովանդակ ծրագրեր կյանքի կկոչվեն

Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված բազմաբովանդակ ծրագրեր կյանքի 
կկոչվեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում հետաքրքիր մշակութային ծրագրեր կիրականացվեն: Կհրատարակվեն գրքեր, Թումանյանի ստեղծած մանկական խաղերը, նախատեսվում են նորաձևության ցուցադրություններ և այլ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը:

«Հոբելյանը շատ լավ առիթ է թանգարանի նախընթաց տասը տարին ամփոփելու և 150-ամյակի առթիվ արված գրահրատարակչական աշխատանքները ներկայացնելու համար: Մեզ մոտ պահպանվում են Թումանյանի ընտանիքի ֆոնդային նյութերը, որոնք երբևէ չեն ուսումնասիրվել: Դա հարուստ ժառանգություն է, և մենք որոշեցինք, որ այն պետք է դառնա նաև հասարակության սեփականությունը։ Ուստի թանգարանը հրատարակել է մեծն գրողի զավակներից Աշխեն Թումանյանի, Մուշեղ Թումանյանի արխիվներն ամբողջությամբ, Արտավազդ Թումանյանի երկհատորյակը. առաջիկա տարիներին կլինի ևս երկու հատոր»,-նշեց Եղիազարյանը:

Այս տարվա ընթացքում սպասվելիք հրատարակչական գործունեության մասին խոսելով` տնօրենի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Թումանյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան իրադարձությունների օրացույցում, ինչը շատ պարտավորեցնող է: «Աշխարհին ասելիք ունենք աշխարհի լեզվով. հետևաբար թանգարանը նախաձեռնել է մեկ ամբողջական ծաղկաքաղ բանաստեղծի ստեղծագործություններից, հոդվածներից, նամակներից, որոնք պետք է տպագրվեն անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն: Լավ որակի թարգմանությունը քիչ է, այն նաև պետք է հասցնել ընթերցողին»,-պատմեց նա ու հավելեց, որ այս տարի կտպագրվի Թումանյանի ժողովածուն:

Թումանյանի ակադեմիական երկերի լիակատար ժողովածուն նույնպես վերախմբագրված հրատարակվում է:

Անդրադառնալով փետրվարի 19-ին սպասվող միջոցառումներին` Եղիազարյանն ասաց, որ այդ օրը հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված  ոչ միայն թանգարանի ներսում, այլև շրջակայքում, որտեղ նախատեսվում է հրավառություն: Թանգարանում նախատեսվում է ներկայացում, որի ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Նրա սցենարով բեմադրության մեջ թանգարանի այցելուները կհանդիպեն Թումանյանին և կպարզեն, որ գրողի ծննդյան օրը շնորհավորելու են եկել Գրիմ եղբայրները, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինը և այլ մեծանուն գրողներ:

Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի  բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:

Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհանեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան: 

Անի Եղիազարյանը հայտնեց, որ պատրաստվում են իրականացնել նորաձևության շաբաթ: «Թումանյանը շատ էր կարևորում ճաշակը և այն համարում կյանքի բույրը: Նորաձևության ցուցահանդեսում կներկայացվի 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսում ապրած հայ մտավորականների հագուկապը, որի տարբեր բաղկացուցիչներ մոդայիկ են նաև այսօր: Առանցքում կլինի Թումանյանի ընտանիքը, աղջիկներից Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի»,-ընդգծեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և հավելեց, որ  ցուցադրություններ կլինեն Թբիլիսիում և Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]