1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քրդական խաղաթուղթը՝ Թուրքիայի խորհրդարանում

Քրդական խաղաթուղթը՝ Թուրքիայի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը:

Առաջիկայում եւս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական եւ արդարադատության համատեղ հանձնաժողովին, որպեսզի միանվագ 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Նախապես նման միջնորդություն ներկայացվել էր Թուրքիայի խորհրդարան` HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ:

Սա նշանակում է, որ ԺԴԿ-ի գրեթե ամբողջ խորհրդարանական խմբակցության դեմ խորհրդարանից արտաքսման վճիռ է նախապատրաստվում:

Այս առաջադրանքը, որ Անկարան փուլ առ փուլ ջանում է կիրառել, իբրեւ մտահոգության առանցք ունի, իհարկե, քրդական քաղաքական գործոնի չեզոքացումը: Եթե զինվորական գետնի վրա չեզոքացման գործողություններ են կատարվում սիրիական, իրաքյան եւ թուրքական տարածքների վրա, ապա խորհրդարանում քրդական իրավաքաղաքական ազդակի վերացման համազոր միջնորդություն է կատարվածը:

Անկարայի համար քրդական մղձավանջը շարունակում է մնալ առաջնահերթ օրակարգ: Սակայն խորհրդարանը ապաքրդականացնելը կտրուկ միջամտություններով չի կատարվում: Այլապես, այսօր էրդողանական մենիշխանությունը կարող էր արագորեն  հաջողացնել  առաջադրանքը:

Հաշվի  են առնվում բնականաբար եվրոպական արձագանքները, որովհետեւ կուսակցությունը ժողովրդավարական անվանումը ունի, նման քայլի դիմելու դեպքում ուղղակի հակաժողովրդավար բնութագրումը եւ թուրքական հայեցակետից` հավանական շահարկումը արտաքին քաղաքական կենտրոնների կողմից. կամ որքան էլ որ հայտարարողական մակարդակի վրա լարված պարանաձգությունների շրջանակում հնչեն իրար մեղադրող տեսակետներ, այսուհանդերձ կամուրջները Եվրոպայի հետ կանգուն պահելու երկկողմանի մոտեցումները:

Միջնորդությունը կարող է չբավարարվել որոշ ժամանակ եւ հարցը շարունակի դամոկլյան սրի կարգավիճակով ճոճվել, իբրեւ քաղաքական սպառնալիք այս կուսակցության պետական գործիչների դեմ:

Ազգայնականների, իսլամականների ընտրաքաղաքական դաշինքը այսօր Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր հատվածի ըստ էության կայացման որեւէ իրական հիմք չի թողել։ Հանրապետականների երկրորդ կարգ մղվելն ու ԺԴԿ-ի ցածր համեմատություն ապահովելը միակուսակացականության եւ այդ դաշտում ավելի ճիշտ մենիշխանության են թողել ամբողջ երկրի կառավարումը: Դասական իմաստով ազգայնական զինվորականությամբ հատկանշված խորքային պետությունն ու էրդողականությունը այսօր նույնացրել են իրենց գաղափարախոսությամբ եւ քաղաքական առաջադրանքներով:

Հաշվարկը, սակայն, կտրուկ քայլերի չդիմելու եւ խորհրդարանից անմիջապես չարտաքսելու (որի հաջորդ քայլը քրեական պատասխանատվության ենթարկելն է) քրդամետ կուսակցության անդամները որոշ չափով համընթաց է` զինվորական գետնի վրա արձանագրված թուրքական ուշացող ներխուժմանը սիրիական տարածքներ: Ներխուժում  է հայտարարվում, թուրքական պաշտոնական լրահոսը ժամերի հարց է նկատում թուրքական զորքերի հայտնվելը Սիրիա, մինչ հայտարարվածի փոխարեն համաձայնեցված սահմանափակ գործողություններ են տեղի ունենում թուրքական ջոկատների մասնակցությամբ այդ տարածքների վրա:

Քաղաքական իմաստով սպառնական միջնորդություններ, քննարկումների հետաձգումներ, երբեմն առկախումներ: Փաստը այն է, որ ցարդ խորհրդարանի օրակարգ չի եկել պատգամավորական անձեռնմխելիությունը:

Զինվորական անկաշկանդ առաջխաղացման կասեցման եւ ուղղակիորեն քրդերին չհարվածելու կարմիր լույսերը վառվել էին Վաշինգտոնի կողմից: Որից հետո էր սկսել հետաձգվել եւ առկախվել Անկարայի առաջադրած անվտանգության գոտու ստեղծումը եւ այդ գոտու հարթեցման համար տարածքների ամբողջական քրդազերծման զինվորական ծրագիրը:

Հիմա թվում է, որ պիտի ձգձգվի նաեւ խորհրդարանի քրդազերծման այս առաջադրանքի կիրառումը, հերթական խաղաթղթի վերածելով քրդական գործոնը, որոշ պայմաններում զինվորական առումով, այլ պայմանների` քաղաքական:

Շահան Գանտահարյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]