Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին տեղում է. փաստավավերագրական. դեկտեմբեր, 2018

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին տեղում է. 
փաստավավերագրական. դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության  «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկի տվյալներն՝ ըստ դեկտեմբերի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը բարելավելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով՝ երբեմն նաև անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականում է Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին
համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։

Երրորդ հորիզոնականում է Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը, որը պատմում է Քըրք Քըրքորյանի մասին: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը, վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Չորրորդ հորիզոնականում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ը: «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

Հինգերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է կրթել մեր սերնդի ներկայացուցիչների, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես-մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ լինի գործարար, ուսանող... Գիրքն ուշադիր կարդալով՝ ընթերցողը կսովորի սեփական բիզնեսը զարգացնելու 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք:

Վեցերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի միլիոնավոր ընթերցողների ցույց է տալիս, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Յոթերորդ հորիզոնականում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է սկզբունքների վրա հիմնված, ամբողջական մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունք, որը մեզ տալիս է փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Ութերորդ տեղում է Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»-ը: Այս գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ., Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։

Իններորդ հորիզոնականում Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի աշխարհով մեկ հայտնի գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: 

Տասներորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է,  պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13),  «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 719
2 +1

Լուկա Կայոլի

«Ռոնալդու»

Newmag 208
3 +1

Ուիլյամ Չ. Ռեմփել

«Խաղացողը»

Էդիթ Պրինտ 148
4 -2

Էմանուել Մակրոն

«Հեղափոխություն»

Newmag 145
5 *

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 138
6 *

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 126
7 *

Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»

Էդիթ Պրինտ 85
8 -3

Ջասթին Տրյուդո

«Ընդհանուր հայտարար»

Newmag 57
9 -3

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 51
10 -3

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 43

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]