Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Հայաստանն ու Գերմանիան ունեն չիրացված մեծ ներուժ. քաղաքագետներն առանձնացնում են համագործակցության հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ԵՄ-ում կարևոր դերակատար է, Ֆրանսիայի հետ համատեղ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային շարժիչ ուժն է: Այդ տեսանկյունից Գերմանիան Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա՝ հաջորդ կարևոր հանգամանքը Գերմանիայի արևելյան քաղաքականությունն է:

«Այստեղ մի յուրահատկություն կա: Գերմանիան, ի տարբերություն, ԵՄ որոշ երկրների, պետությունների, քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում չի փորձել իրականացնել: Նրան մեծապես հետաքրքրում են տնտեսական գործոնները: Եթե մենք ուզում ենք գնահատել Գերմանիայի նշանակությունը մեզ համար, ապա պետք է հասկանանք, թե Գերմանիան ինչ է ակնկալում Արևելյան գործընկերության երկրներից, և ինչ մենք կարող ենք առաջարկել: Գերմանիան կարևոր է մեզ համար այն տեսանկյունից, որ ունի տնտեսական հարուստ պոտենցիալ, ինչը չենք կարողացել լիարժեք օգտագործել»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետը նշեց, որ Գերմանիան Հայաստանի համար միշտ եղել է շատ ակտիվ գործընկեր տնտեսության ոլորտում, ԵՄ երկրների մեջ առաջին տեղում է: Նարեկ Գալստյանը համոզված է, որ երկու երկրները մի շարք ոլորտներում կարող են համագործակցությունն ակտիվ զարգացնել:

«Մեզ համար շահեկան կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, ինչը գերմանական ընկերությունների համար առաջնահերթություն է: Կարևոր է և չօգտագործված ներուժ է ապակենտրոնացված համագործակցությունը: Խոսքը Հայաստանի մարզերի և Գերմանիայի Դաշնային հողերի միջև համագործակցությունն է: Գերմանիայի հողերն արտաքին տնտեսական հարցերում որոշակի ինքնուրույնություն ունեն, ուստի կարող ենք այս հարթակում զարգացնել տնտեսական ուղղություններ, մասնավորապես տուրիզմը: Սա նոր ուղղություն է մեզ համար: Այստեղ կա հարուստ պոտենցիալ»,-ասաց քաղաքագետը:  

Նարեկ Գալստյանն առանձնացրեց կրթության, գիտության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նա նկատեց, որ, թեպետ, Գերմանիայում հայ համայնքը փոքր է, սակայն հաջողվել է կրթական ոլորտում պահպանել հայագիտական հետազոտությունների նկատմամբ ուշադրությունը: Ըստ քաղաքագետի՝ այս ոլորտում ևս անելիքներ կան:

Քաղաքագետ Գրետա Ավետիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում, հատկապես Հայաստանում իշխանափոխությունից հետո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ակտիվ փուլում են գտնվում:

«Հիշենք, Բրյուսելում Փաշինյանի և Մերկելի ոչ ֆորմալ հանդիպումը: Այնուհետև հիշենք Մերկելի այցը Հայաստան, որի ժամանակ նա ՀՀ վարչապետին հրավիրեց  Գերմանիա: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ հայ-գերմանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում թե քաղաքական, թե տնտեսական առումով: Գերմանիան բավական լուրջ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ժողովրդավարության ճանապարհին, հատկապես հեղափոխությունից հետո: Դա հատկապես ընդգծվեց ընտրությունների ժամանակ, երբ Գերմանիան ընտրական գործընթացների կազմակերպման համար օժանդակություն ցուցաբերեց Հայաստանին: Սա խոսում է այն մասին, որ Գերմանիան ամեն դեպքում հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով, պատրաստակամ է շարունակել և առավել ընդլայնել համագործակցությունը»,-ասաց Գրետա Ավետիսյանը:

Համեմատելով Փաշինյան-Մերկել նախորդ և սպասվող հանդիպումները՝ Գրետա Ավետիսյանը նշեց, որ եթե նախորդ հանդիպումներն առավելապես կրում էին ճանաչողական բնույթ, քանզի երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո կարիք կար վերանայելու երկկողմ օրակարգը, հստակեցնելու միմյանց պայմանավորվածությունները, ապա սպասվող հանդիպմանն առավելապես քննարկվելու են հստակ քայլեր, գործողություններ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը:

Գրետա Ավետիսյանը ևս կարևորեց Հայաստանի ու Գերմանիայի միջմարզային համագործակցությունը ակտիվացնելը: Ըստ նրա՝ այստեղ լուրջ ներուժ կա երկու երկրների հարաբերությունները խթանելու տեսանկյունից: Քաղաքագետը հնարավոր է համարում նոր ներդրումները՝ հաշվի առնելով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնես միջավայրի բարելավումը:

«Հայաստանում կան գերմանական կապիտալով մի քանի ընկերություններ. հաշվի առնելով նրանց դրական փորձը և երկրում բիզնես միջավայրի բարելավումը՝ Հայաստանում այդ ընկերությունների թիվը կարող է ավելի մեծանալ»,-ասաց քաղաքագետը:

Աննա Գզիրյան

Բեռլինում փետրվարի 1-ին կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Դաշնային կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ