Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ

Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ

ԵՐԵՎԱՆ,  29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կիրականացվեն համերգային ծրագրեր, փառատոններ,  ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական տարում նախատեսված միջոցառումները կազմակերպիչները ներկայացրեցին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ` 2018 թվականի սեպտեմբերի 6-ին  ստեղծվել են հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա կազմը: Հանձնաժողովը կազմել է միջոցառումների ցանկ: Կլինեն հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ, կպատրաստվեն և կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ և հոլովակներ, կրթական ծրագրեր և այլն»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Նրա խոսքով` միջոցառումները համընդգրկուն են և նպատակաուղղված են Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը և  հասարակական գործունեությունը նորովի ներկայացնելուն:

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտեց, որ  վստահ են` միջոցառումների մեկնարկը կտրվի պետական և եկեղեցական ամենաբարձր մակարդակով` վարդապետի շիրիմին այցով, հոգեհանգստյան կարգով և հանդիսավոր միջոցառմամբ: «Իհարկե, հոբելյանը նշում ենք որպես հարգանքի տուրք ծննդյան հիշատակին, բայց Կոմիտասը մեզ հետ պետք է քայլի մեր կյանքի բոլոր օրերին, և պատգամն այս տոնակատարությունների հենց այդ է: Մեր հանրությունը, հատկապես գալիք սերունդը, Կոմիտասի երաժշտությամբ, նրա կերպարով պիտի ճանաչի ինքն իրեն և կարողանա պահպանել այն ամենը, ինչը հազարամյակների ժառանգություն է ստացել մեր փառապանծ ազգը: Վստահաբար, Մայր Աթոռը նույնպես իր մասնակցությունն է բերելու պետական ծրագրին: Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Էջմիածնում նույնպես ստեղծվել է հոբելյանական հանձնախումբ»,-ընդգծեց նա:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ թանգարանն այս տարի Կոմիտասի 150-ամյա հոբելյանին կիրականացնի համերգային, հրատարակչական, գիտական, կրթական ծրագրեր, որոնց մեջ իր ուրույն տեղը կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:

Անդրադառնալով նախատեսված ծրագրերի բովանդակային կողմին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանն ասաց, որ դրանք ընդգրկում են Կոմիտասի գործունեության բոլոր ոլորտները. կոմպոզիտոր, երաժիշտ-ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, հրապարակախոս: Կարևոր շեշտառությունը, որը նկատի ենք ունեցել նախագծերը կազմելիս, եղել  է այն, որ Կոմիտասը չներկայանա սոսկ որպես թանգարանային ցուցանմուշ: Նրա ստեղծագործական մոտեցումները կամ սկզբունքները  այսօր էլ կարող են մի ամբողջ կոմպոզիտորական դպրոց սնել»,-հավաստիացրեց Նավոյանը:

Հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկը կտրվի հունվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով:

Միջոցառումների գերակշռող մասի կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը,  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և շահագրգիռ հասարակական  կազմակերպությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]