Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխատանքով ապահովել զինհաշմանդամներին. ՀՀ նախագահը հայտարարեց «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության մեկնարկի մասին

Աշխատանքով ապահովել զինհաշմանդամներին. ՀՀ նախագահը հայտարարեց 
«Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում Բանակի օրվա առիթով պարգևատրման հանդիսավոր արարողությանը հայտարարեց ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքով ապահովելու նոր ծրագրի մեկնարկի մասին: Հանրապետության նախագահի ինստիտուտը կառավարության, պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ աշխատանքով առաջարկել է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»:

«Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն, նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և մյուս կողմից պետական կառույցների, հասարակական, բարեգործական կառույցների, բիզնեսի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց ՀՀ նախագահը:

Մոտակա շրջանում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի կընդունվեն զինվորներից երկու-երեքը, ովքեր հաշմանդամություն ունեն: «Նրանք գուցե և ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է և համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ կյանք, դառնալ լիարժեք մարդ, ոչ միայն թոշակ ստանալ, այլև մասնակցել կյանքին, իրենց զգալ շատ վստահ և, իհարկե, իրենք իրենց ձեռքով լուծեն իրենց առջև ծառացած խնդիրներ՝ սկսած նյութականից մինչև անձնական կյանք: Եվ այդ ծրագրից մեր առաջին ծիծեռնակը,բազեն, ում ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, ով պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ, ով այսօր աշխատում է Հանրապետության նախագահի աշխատակազմում»,-նշեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը: ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]