Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

ՀՀ վարչապետի՝ Մոսկվայի հայտարարությունն ուներ լուռ իրավական հիմնավորում. Շահան Գանտահարյան

ՀՀ վարչապետի՝ Մոսկվայի հայտարարությունն ուներ լուռ իրավական 
հիմնավորում. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այն հայտարարությամբ, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանց կողմից չի ընտրվել վարչապետ, փաստեց՝ իմաստազուրկ են Ադրբեջանի պնդումները, թե բանակցություններին պետք է մասնակցի, Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Մոսկվայում վարչապետի կողմից կատարված հայտարարությունը, կարծում եմ ունի Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի լուռ իրավական հիմնավորում։ Կարծում եմ՝ այստեղ նկատի է առնվել քաղաքական հետևյալ  տրամաբանությունը։ Ադրբեջանի հավանական պնդումներին եւ միջազգային ընտանիքի հուշումներին, թե բանակցություններին Արցախի մասնակցության դեպքում պետք է մասնակցեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները եւս, վարչապետի այս մոտեցումով իմաստազրկվում են։ Ղարաբաղում նախապես ապրած ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին, հետեւաբար Ալիեւը բոլոր հիմքերն ապահովել է ներկայացնելու նաեւ Ղարաբաղում ապրած ադրբեջանցիներին։ Այս դեպքում Արցախը ներկայանում է իբրեւ անկախ հանրապետություն եւ Արցախի ժողովուրդը բնականաբար չի մասնակցել ՀՀ ընտրություններին։ Հետեւաբար՝ պաշտոնական Ստեփանակերտն է, որը ներկայացում է ինքնորոշված ժողովրդին»,-ասաց Գանտահարյանը:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես այդ բանակցություններում կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները Հայաստանում ընտրություններին չեն մասնակցում, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել  վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց խորհրդարանը և կառավարությունը: Հենց այս պատճառով ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցել: Սա բոլորին է հասկանալի» ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ